Շոկի մեջ եմ գրիչի գինն իմանալով. Նիկոլ Փաշինյանը շարունակում է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է գրիչի թեման։

Հիշեցնենք, որ երեկ Կապանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Հրայր Թովմասյանը նախ ամենօրյա, ապա՝ ամենշաբաթյա, հետո՝ ամենաամսյա ռեժիմով իրեն իր ծառայություններն է առաջարկել։

Որին ի պատասխան Հրայր Թովմասյանը հայտարարել էր, թե եթե Փաշինյանը փաստ չհրապարակի, զրպարտության վերաբերյալ հայց կներկայացնի նրա դեմ։
Նիկոլ Փաշինյանը գրառում էր կատարել՝ ներկայացնելով մի գրիչ, որը Թովմասյանը տվել էր իրեն՝ հանդիպումներից մեկի ժամանակ։ Թովմասյանի փաստաբանն արդեն հայտարարել է, որ դիմելու են դատարան։

Նիկոլ Փաշինյանը նոր գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորեւ։

«Շոկի մեջ եմ գրիչի գինն իմանալով: Փաստորեն ՍԴ նախագահի պաշտոնին կեղծիքի միջոցով տիրացած անձը թանկարժեք ընծա է մատուցել երկրի նորանշանակ վարչապետին, այդ պրոցեսը համեմելով «իջեւանցու փեսա» լինելու նուրբ ակնարկներով։

Կլանային կառավարման ավանդույթներ ունեցող երկրում սա կարեւոր նրբություն է։ Ի՞նչ է սա, եթե ոչ սեփական ծառայությունների մատուցման առաջարկ, պաշտոնը պահպանելու դիմաց։

Իսկ հիբրիդային հեղաշրջման մասնակիցները արդեն հրապարակային դրսեւորվում են։ Բայց ինչպես ասել եմ, բոլոր դավադրությունների ողնաշարը ջարդված է։

Դուխով, ժողովուրդ ջան։ Զբաղվում ենք տնտեսական հեղափոխությանը նոր տեմպ հաղորդելով։ Մնացած հարցերը հընթացս եւ ձեռքի հետ կլուծենք»։