Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի տեքստն ամբողջությամբ համաձայնեցված է և ներառում է 17 կետ։ Ալիևի խոսքով՝ Բաքուն նոր պայմաններ չի ներկայացնում, և առաջադրված պահանջները վաղուց հայտնի են հայկական կողմին։
Բաքվում Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ մամուլի հայտարարության ընթացքում Ալիևը նշել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման համար անհրաժեշտ է ընդամենը երկու հիմնական պայմանների կատարում։ Դրանք վերաբերում են ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը և Հայաստանի Սահմանադրությունից տարածքային պահանջների հետ կապված դրույթի բացառմանը։
«Այս երկու պայմանների կատարումից հետո ոչ մի խոչընդոտ չի մնա։ Ինչպես ասում են՝ գնդակը Հայաստանի դաշտում է։ Եթե Հայաստանը իսկապես ցանկանում է խաղաղության պայմանագիր ստորագրել, պետք է ընդունի Ադրբեջանի այս լեգիտիմ պայմանները», – ասել է Ալիևը։