Եղիշե Կիրակոսյանը նոր աշխատանք ունի

Screenshot

Ավելի քան 5 տարի Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի պաշտոնը զբաղեցրած Եղիշե Կիրակոսյանն այսուհետ փաստաբանական ծառայություններ կմատուցի։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

Կիրակոսյանը նշել է, որ նպատակ ունենալով պահպանել բարձր մասնագիտական չափանիշները՝ գործընկերոջ հետ փաստաբանական գրասենյակ են հիմնում, որը ծառայություններ կմատուցի մարդու իրավունքների, արբիտրաժային, բիզնես գործարքների և այլ ոլորտներում։ Հիշեցնենք՝ Եղիշե Կիրակոսյանը մարտի 5-ին հայտարարեց, որ սեփական դիմումի համաձայն ազատվում է պաշտոնից։

«Ցանկանում եմ առավել կենտրոնանալ ակադեմիական/գիտական և մասնագիտական գործունեության վրա՝ նպաստելով Հայաստանի Հանրապետությունում միջազգային իրավունքի ամրապնդմանը, ինչպես նաև իրավագիտական կրթության զարգացմանը։ Միաժամանակ, գրասենյակն իր հիմնադրումից ի վեր իրականացրել է մարդու իրավունքների միջազգային չափորոշիչների ներդրումն իրավական ակտերի նախագծերում։ 2020թ. 44-օրյա պատերազմից ի վեր գրասենյակը ձեռնամուխ է եղել Մարդու իրավունքների եվրոպատական դատարանում և Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ միջպետական գանգատների ներկայացմանը, ինչպես նաև ընթացիկ միջպետական դատական և արբիտրաժային վարույթների շրջանակներում ՀՀ շահերի արդյունավետ պաշտպանությանը։ Վստահ եմ, որ Գրասենյակը կշարունակի պատշաճ և արդյունավետ կերպով իրականացնել Հայաստանի շահերի ներկայացումը միջազգային դատական և արբիտրաժային գործընթացների շրջանակներում»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր նա։