COVID-19. Կորոնավիրուսի ծանր հետևանքնե՞ր, թե՞ պատվաստման կարճատև անհարմարություններ․ FIP.am

Նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութերի ստեղծմանը զուգահեռ, սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում սկսեցին շրջանառվել դրանց՝ մարդու առողջության վրա բացասական ազդեցության մասին տվյալներ:

«Փաստերի ստուգման հարթակը» փորձել է համեմատել, թե ինչ ռիսկեր կարող է ունենալ պատվաստանյութը և ինչ հետևանքներ է ունենում հենց կորոնավիրուսը՝ մարդու առողջության վրա:

Ինչ ազդեցություն է ունենում կորոնավիրուսը մարդու առողջության վրա

Թեև հիվանդների մեծ մասը կորոնավիրուսով վարակվելուց հետո մի քանի շաբաթվա ընթացքում կազդուրվում է, շատերի առողջության համար այս հիվանդությունն ունենում է երկարատև հետևանքներ: Ըստ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի՝ հետկորոնավիրուսային ժամանակահատվածում մարդիկ ունենում են մի քանի ախտանիշներ, այդ թվում՝ հոգնածություն, հազ, գլխացավեր, դաշտանային ցիկլի փոփոխություններ, կենտրոնացման դժվարություններ: Այս նշանները կարող են տևել մի քանի ամիս:

Ըստ գիտական Nature ամսագրի՝ կորոնավիրուսով հիվանդացածների 80 տոկոսը ունենում է երկարատև 50 ախտանիշներ: Ամենատարածված հինգ ախտանշաններն են հոգնածությունը (58%), գլխացավը (44%), ուշադրության խանգարումը (27%), մազաթափությունը (25%) և շնչահեղձությունը (24%):

Սակայն կորոնավիրուսն ունենում է նաև ավելի լուրջ հետևանքներ մի քանի օրգանների վրա: Ըստ «Մայո» ինստիտուտի՝ կորոնավիրուսն առաջին հերթին ազդում է թոքերի վրա:

Թոքեր

Թոքաբորբի տեսակը, որը հաճախ կապված է COVID-19-ի հետ, կարող է երկարատև վնաս հասցնել թոքերի փոքրիկ օդի պարկերին (ալվեոլներին): Հիվանդության հետևանքով առաջացած սպիական հյուսվածքը կարող է հանգեցնել շնչառության երկարատև խնդիրների:

Սիրտ

COVID-19-ից ապաքինվելուց ամիսներ անց կատարված թեստերը ցույց են տվել, որ սրտի մկանը վնասվել է նույնիսկ այն մարդկանց մոտ, որոնք ունեցել էին COVID-19-ի թեթև ախտանիշներ: Սա հետագայում կարող է մեծացնել սրտի անբավարարության կամ սրտի այլ բարդությունների վտանգը: Արտի վրա կորոնավիրուսի ազդեցության մասին ավելի մանրամասն կարդացեք ստորև:

Ուղեղ

Նույնիսկ երիտասարդների շրջանում COVID-19-ը կարող է առաջացնել կաթվածներ և նոպաներ: Կորոնավիրուսը կարող է նաև բարձրացնել Պարկինսոնի հիվանդության և Ալցհեյմերի հիվանդության զարգացման ռիսկը:

Երիկամներ

Համավարակի սկսվելուց ամիսներ անց արդեն բազմաթիվ բժիշկներ սկսեցին հայտնել, որ կորոնավիրուսով հիվանդանալու ընթացքում և դրանից հետո հիվանդների մոտ երիկամների խնդիրներ են առաջանում: Ամերիկյան Նեֆրոլոգիական հանրության ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ երիկամային խնդիրները կարող են անհանգստացնել վարակվածներին կազդուրվելուց ամիսներ անց, իսկ որոշ հիվանդների մոտ կորոնավիրուսը կարող է հանգեցնել երիկամների գործառույթի ցմահ խանգարման:

Պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունները

Ինչպես ցանկացած դեղամիջոց, պատվաստանյութերը ևս ունեն կողմնակի ազդեցություններ: Դեղամիջոցն ընդունելուց հետո անձը կարող է ունենալ գլխացավեր, բարձր ջերմություն, մկանային ցավեր, հոգնածություն, իսկ ներարկման տեղում՝ թևին՝ ցավ, կարմրություն, այտուցվածություն: Այս ախտանիշներն անցնում են մի քանի օրվա ընթացքում:

Ալերգիկ ռեակցիաներ պատվաստանյութերից

ԱՀԿ-ի ուղեցույցում նշվում է, որ այն անձինք, որոնք ունեցել են ալերգիկ ռեակցիաներ դեղամիջոցներից և հատկապես այն նյութերից, որոնք օգտագործվել են COVID-19-ի դեմ պատվաստանյութերում, պետք է խորհրդակցեն իրենց բժիշկների հետ պատվաստվելուց առաջ:

Նշենք, որ առողջապահության նախարարի՝ հոկտեմբերի 15-ին ուժի մեջ մտած որոշման մեջ հստակ նշված է, որ պատվաստանյութերը բացարձակ հակացուցում են փաստագրված՝ նախորդ դեղաչափից կամ տվյալ պատվաստանյութի որևէ բաղադրիչից առաջացած լուրջ ալերգաբանական ռեակցիայի կամ անաֆիլաքսիայի (տարածուն եղնջացան, սուլող շնչառություն, բերանի խոռոչի, կոկորդի այտուց, դժվարացած շնչառություն, հիպոթենզիա և շոկ) դեպքում: Հաջորդ դեղաչափը չի կատարվում: Հետևաբար, նման պատմություն ունեցող անձինք կարող են և չպետք է չպատվաստվեն:

Թրոմբեր. «Աստրազենեկայի» և կորոնավիրուսի ազդեցությունը

«Աստրազենեկա» պատվաստանյութի ընդունումից հետո թրոմբերի առաջացման դեպքերը մեծ աղմուկ են հանել ամբողջ աշխարհում: Սակայն քիչ է քննարկվում այն, որ կորոնավիրուսով վարակվելուց հետո մարդկանց մոտ թրոմբերի առաջացման վտանգն ավելի մեծ է:

Հոփքինսի ինստիտուտի հետազոտությունների համաձայն՝ կորոնավիրուսը կարող է առաջացնել արյան մեծ քանակի խցանումներ: Թրոմբեր են առաջանում թոքերում, ոտքերում և օրգանիզմի այլ հատվածներում:

Թրոմբերը կարող են առաջացնել սրտի կաթված, եթե խոչընդոտեն արյան մատակարարումը սեպի սիրտ, և ուղեղի կաթված, եթե խաթարվի թթվածնի մուտքը ուղեղ: Նիդերլանդներում և Ֆրանսիայում գրանցված դեպքերի համաձայն՝ կորոնավիրուսով հիվանդների 30-70 տոկոսի մոտ առաջանում են թրոմբեր:

«Աստազենեկայի» ընդունումից հետո առաջացած թրոմբերի մասին քննարկումներ սկսեցին ծավալվել 2021 թ. մարտին, երբ մի շարք երկրներում դրա կիրառումը ժամանակավորապես կասեցվեց։ Որոշ ժամանակ անց, սակայն, դրա լայնամասշտաբ կիրառումը շարունակվեց, իսկ ներկայում այս պատվաստանյութը կիրառվում է 121 երկրներում:

Հետազոտողները պարզել են, որ Աստրազենեկայով պատվաստված 10 միլիոն մարդկանց շրջանում լինում են արյան անոթների խցանումների 66 լրացուցիչ դեպքեր երակներում, իսկ ուղեղում՝ 7: Հատկանշական է, որ COVID-19-ով վարակվելու դեպքում արյան անոթների խցանման 12,614 լրացուցիչ դեպքեր են գրանցվում երակներում, իսկ ուղեղում՝ 20: Ըստ բրիտանացի հետազոտողների՝ վարակված և հիվանդանոց տեղափոխվածներից ամեն 5-րդի օրգանիզմում առաջանում են թրոմբեր:

Պատվաստանյութերն ի տարբերություն կորոնավիրուսի անպտղություն չեն առաջացնում

Պատվաստումների հետ կապված հանրության շրջանում առավել հաճախ հանդիպող մտահոգություններից է դրանց կապը մարդկանց վերարտադրողական առողջության հետ: Սակայն այս դեպքում ևս՝ առաջատար ինստիտուտների և պետական գերատեսչությունների ուսումնասիրությունները վկայում են, որ պատվաստանյութերը չեն վտանգում վերարտադրողական առողջությունը, այնինչ հենց հիվանդությունը՝ կորոնավիրուսը, կարող է խիստ բացասական հետևանքներ ունենալ: Այս թեմայով «Փաստերի ստուգման հարթակի» ընդարձակ անդրադարձին կարող եք ծանոթանալ այստեղ:

«Մոդերնայի» և «Փֆայզերի» ազդեցությունը սրտի վրա

2021 թ. հոկտեմբերին հայտնի դարձավ, որ Շվեդիան և Դանիան կասեցրել են COVID-19-ի դեմ «Մոդերնա» պատվաստանյութի կիրառումը երիտասարդների շրջանում՝ սրտանոթային համակարգի վրա ազդեցության պատճառով:

Սակայն հատկանշական է, որ տարբեր երկրներում կատարված հետազոտությունները սրտամկանի վրա խիստ հազվադեպ ազդեցություն են նկատել ոչ միայն «Մոդերնայով», այլև «Փֆայզերով» պատվաստվելուց հետո:

ՌՆԹ տեխնոլոգիաներով ստեղծված այս երկու պատվաստանյութերի թողած կողմնակի ազդեցության մասին դեռևս հունիսին հայտնել էր ԱՄՆ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնը: Ըստ կենտրոնի տվյալների՝ միոկարդիտը (սրտամկանի բորբոքում) տեղի էր ունեցել «Փֆայզերով» և «Մոդերնայով» պատվաստվելուց հետո հատկապես արական սեռի դեռահասների և երիտասարդների շրջանում, ավելի հաճախ՝ երկրորդ դեղաչափից հետո: Դեպքերի մեծ մասում բուժումից հետո մարդիկ արագ կազդուրվել են:

Իսրայելում կատարված երկու խոշոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ սրտամկան բորբոքումը «Փֆայզերով» պատվաստվելուց հետո շատ հազվադեպ է գրանցվում: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս խնդիրը հիմնականում լինում է դեռահաս տղաների և երիտասարդ տղամարդկանց շրջանում: Սակայն անգամ նրանց շրջանում դեպքերի մեծ մասում բորբոքումը շատ մեղմ է ընթանում և արագ բուժվում:

Առաջին հետազոտությունում «Փֆայզերով» պատվաստված 5 միլիոն անձից միայն 136-ի մոտ է սրտամկանը բորբոքվել: Երկրորդ հետազոտության արդյունքներով 2.5 միլիոն անձանց շրջանում միայն 54 միոկարդիտի դեպք է գրանցվել:

Շվեդիայի առողջապահական գործակալությունը հայտնել է, որ սրտամկանի բորբոքման դեպքերն ավելի շատ գրանցվում են «Մոդերնայի» դեպքում: Այդ պատճառով 30-ից ցածր տարիքային շեմում գտնվող անձանց կառաջարկվի պատվաստվել «Փֆայզերով»: Հատկանշական է, որ այս որոշումը գործում է մինչև դեկտեմբերի 1-ը և դրանից հետո կվերաքննարկվի:

Կորոնավիրուսի ազդեցությունը սրտի վրա

Եթե պատվաստանյութերի ազդեցությունը սրտի վրա հիմնականում կարճատև է, ապա կորոնավիրուսի կարող է երկարաժամկետ և ծանր հետևանքներ ունենալ:

Ըստ ամերիկյան Հոփքինս ինստիտուտի՝ կորոնավիրուսը կարող է վնասել սրտամկանը և ազդել սրտի աշխատանքի վրա:

Հետազոտությունները ցույց են տվել, որ COVID-19-ը ազդում է հոսպիտալացված, հիվանդության թեթև ընթացք ունեցող և նախկինում սրտանոթային խնդիրներ չունեցողների սրտի վրա: Սրտի հետ կապված այդ խնդիրները կարող են պահպանվել կազդուրվելուց երկար ժամանակ անց՝ անկախ նրանից, թե ինչպիսի ընթացք է ունեցել հիվանդությունը:

Գիտնականները դեռ շարունակում են ուսումնասիրել կորոնավիրուսի հետևանքները մարդու առողջության վրա, սակայն և՛ գիտնականները, և տարբեր երկրների առողջապահական կազմակերպությունները նշում են, որ կորոնավիրուսից վտանգները շատ ավելի մեծ են, քան պատվաստվելուց:

Փաստերի ստուգման հարթակ