Առաջիկայում պատրաստվում եմ կրկին հանդես գալ զինվորական կերպարով. Աննա Հակոբյան

Հեղինակ MediaLab

«Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում վարչապետի տիկին Աննա Հակոբյանին օգտատերերից մեկը հարցրել է՝ նրա զինվորական կերպարն ինչքանո՞վ է ընկալվել հասարակության շրջանում և արդյոք առաջիկայում պատրաստվո՞ւմ է կրկին հանդես գալ զինվորականի կերպարով:

Ի պատասխան վարչապետի տիկինը պատասխանել է, որ առաջիկայում պատրաստվում է կրկին հանդես գալ զինվորական կերպարով և հավելել․

«Քննարկման առարկա շատ է դառնում, շահարկումներ կրկին շատ եմն լինում, բայց ուզում եմ հիշեցնել, որ ես միակ կինը չեմ կամ քաղաքացիական անձ հանդիսացող միակ կինը չեմ, որ զինվորական համազգեստ է կրել: Նախկինում, նախկին իշխանության օրոք եղել են պատգամավորներ, նույնիսկ լրագրողներ, ովքեր գտնվելով դիրքերում կամ որևէ միջոցառման կապված Զինված ուժերի հետ, այդ ընթացքում կրել են զինվորական համազգեստ: Շատ սովորական երևույթ է, երբ մեր երգչուհիները գնում են մեր զինվորների համար ելույթ ունենալու, կրում են զինվորական համազգեստ, այնպես որ դա այնքան էլ անսովոր երևույթ չէ, երբ քաղաքացիական անձ հանդիսացող կինը նաև կրում է համապատասխան վայրում զինվորական համազգեստ:

Ինչ վերաբերում է իմ կրելուն, կարծում եմ, որ որոշակի ուժեր շատ սիրում են ամեն դետալ մեծ աղմուկի վերածել և փորձել յուրաքանչյուր քայլի ետևում գործողություններ, քննարկումներ հրահրել ի վնաս, օրինակ, ինձ և իմ ամուսնու»: