Արմեն Սարգսյանի թանկարժեք հանդիպումները

Նախագահական կայքն ազդարարում է, որ Արմեն Սարգսյանը մեկնում է Ճապոնիա։

Օրեր առաջ «ՄեդիաԼաբը», տեղյակ լինելով այդ այցի մասին, մի քանի հարցեր էր ուղղել նախագահականին՝ հասկանալու համար. 

  1. արդյոք նախագահը մասնակցելո՞ւ է Տոկիոյի օլիմպիական խաղերին.
  2. Քանի՞ օրով է մեկնում. 
  3. ո՞ր հյուրանոցում է հանգրվանելու. 
  4. ովքե՞ր են ուղեկցելու։

Նախագահականից ինչպես միշտ ստացանք սպարտական ոճով՝ լակոնիկ, բայց ոչինչ չասող պատասխան։ Եվ ահա, նախագահականի ավետման մեջ չկա որևէ որոշակիացում, թե քանի՞ օրով է Արմեն Սարգսյանը թողնելու սիրելի երկիրը, ովքե՞ր են նրան ուղեկցելու, և որտե՞ղ է հանգրվանելու։

Մեր տեղեկությունների համաձայն՝ Արմեն Սարգսյանը Տոկիոյում կմնա վեց օր։ Եկեք ընդունենք, որ այս վիճակում գտնվող երկրի ղեկավարի վեցօրյա վոյաժը մի տեսակ այն չէ։ Ավելին, կարող է այլ երկրների ղեկավարների մոտ տպավորություն ստեղծվել, որ այս մարդը բան ու գործ չունի, եկել Տոկիոյով է զմայլվում։

Իսկ այդ վեց օրը միայն հյուրանոցի մասով, կրկին ըստ մեր տեղեկությունների, կարժենա 60.000 դոլարից ոչ պակաս։ 

Բանն այն է, որ Արմեն Սարգսյանի համար նախատեսված համարները սկսվում են 6000 դոլարից, իսկ նրա երկու օգնականների համար նախատեսված են ջունյոր սուիթ դասի համարներ, որոնց արժեքը սկսվում է 2000 դոլարից։

Սա մենք հաշվել ենք նվազագույնը, որի մեջ չենք ներառել ինքնաթիռը, հանդիպումները, հանդիպումների հաշիվները և այլն։ Իսկ այս ամենն իհարկե Հայաստանի հարկատուների փխրուն ուսերին են դրված։

Քանի խոսք գնաց հանդիպումներից և ճոխ ներկայացումներից, ապա մի առիթով դեռ կփորձենք հասկանալ, թե համաշխարհային կապերի գուրու Արմեն Սարգսյանը, որ ամեն առիթով թմբկահարում է այդ մասին, ինչո՞վ է օգտակար դարձրել այդ կապերը Հայաստանի համար։

Ընդհանրապես, ինչ արդյունքներ է գրանցել այս թանկարժեք վոյաժների շնորհիվ։

Եթե նախագահականից ստանանք հոդաբաշխ հերքում ներկայացվածի վերաբերյալ, ապա սիրով կհրապարակենք։

MediaLab.am