«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» 72 միլիարդ դրամ է հավաքագրել

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ:

««Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» (ԶԱՀ) անկախ կառույց է, որը ստեղծվել է 2017 թվականին ապրիլյան քառօրյայից հետո հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհայտ բացակայող, զինհաշմանդամության 1-ին և 2-րդ խումբ ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով: 

ԶԱՀ-ի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաև կամավոր նվիրաբերություններից, որոնք ստանում ենք աշխարհասփյուռ հայությունից։ 

Մինչ օրս ԶԱՀ-ը հավաքագրել է 72 միլիարդ ՀՀ դրամ, որից՝

  • 60,9 միլիարդը պարտադիր վճարների տեսքով,
  • 11 միլիարդը նվիրաբերությունների տեսքով աշխարհի ավելի քան 70 երկրներից։

Այս պահին ԶԱՀ-ն ունի 4,760 շահառու, որից 4,343-ն ավելացել է 44-օրյա պատերազմի արդյունքում և հետո։ ԶԱՀ-ը շարունակում է իրականացնել հատուցումներ ստացվող նոր դեպքերի մասով։ 

Ընդհանուր 4,760 շահառուներից զոհված են 3,998-ը, անհայտ բացակայող՝ 152-ը, հաշմանդամություն ձեռք բերած՝ 610-ը։ Այս պահի դրությամբ ԶԱՀ-ը կատարել է 59 միլիարդ ՀՀ դրամի հատուցում։ 

Ապրիլի 24-ին ընդառաջ ԶԱՀ-ի «Ի հիշատակ» նվիրաբերության տեսակը դառնում է Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հարգելու և նշանավորելու տարբերակ։ Նահատակների սերունդները կարող են նվիրաբերություն կատարել ի հիշատակ իրենց նախնիների, ինչպես նաև յուրաքանչյուր հայ՝ ի հիշատակ մեր բոլոր զոհերի՝ դրանով նաև կանգնելով իրենց կյանքն ու առողջությունը մեր հայրենիքի և բոլորիս համար չխնայած զինծառայողների և նրանց ընտանիքների կողքին։

Նվիրաբերություն կատարել հնարավոր է՝ այցելելով http://www.1000plus.am, գլխավոր էջից ընտրելով «Նվիրաբերություն» բաժնի «Ի հիշատակ» նվիրաբերության տեսակը (https://www.1000plus.am/hy/payment/in-memory

«ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններին, որոնք առնչվում են ԶԱՀ-ի շահառուներին, կարող եք ծանոթանալ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագծի լրամշակված տարբերակում։

ԶԱՀ-ի մասին

ԶԱՀ-ը տրամադրում է.

  • Միանվագ 10 միլիոն ՀՀ դրամ զոհված և անհայտ բացակայողների ընտանիքներին, ինչպես նաև զինհաշմանդամության 1-ին խումբ ունեցող զինվորներին, այնուհետև 20 տարի շարունակ ամսական 200,000 – 300,000 ՀՀ դրամ:
  • Միանվագ 5 միլիոն ՀՀ դրամ զինհաշմանդամության 2-րդ խումբ ունեցող զինվորներին, այնուհետև 20 տարի շարունակ ամսական 100,000 – 200,000 ՀՀ դրամ:

Ամսական վճարների տարբերությունը պայմանավորված է դեպքը տեղի ունենալու պահին զինծառայողի զորքերի կազմից։ 

Ի հավելումն վերը նշված ամսական վճարների, շահառուն իրավասու է ստանալ 100,000 ՀՀ դրամ ամսական լրավճար, եթե ընտանիքում կան 3 և ավելի անչափահաս երեխաներ։ 

Ուզում ենք շնորհակալություն հայտնել մեր բոլոր նվիրատուներին, ինչպես նաև Հայաստանում և Արցախում յուրաքանչյուր ամիս պարտադիր վճարներ կատարող հարկատուներին։ Մեր առաքելությունը կյանքի է կոչվում յուրաքանչյուր հայի ներդրման շնորհիվ։ Այս նախագծի շրջանակներում ողջ ազգով ապավեն ենք լինում այն հերոսներին և նրանց ընտանիքներին, ովքեր տվեցին իրենց ամենաթանկը հանուն մեր արժանապատիվ ապագայի և հզոր հայրենիքի»։