Ծաղիկներ, ծաղիկներ, ծաղիկներ. Ինչ առիթներով է ՊՆ-ն 7 միլիոն դրամի ծաղիկ գնել

Ծաղիկներ, ծաղիկներ, ծաղիկներ. Ինչ առիթներով է ՊՆ-ն 7 միլիոն դրամի ծաղիկ գնել
Ծաղիկներ, ծաղիկներ, ծաղիկներ. Ինչ առիթներով է ՊՆ-ն 7 միլիոն դրամի ծաղիկ գնել

Պաշտպանության նախարարությունը պետք է հստակ պարզաբանի, թե բյուջեի միջոցներով ո՞ր ժամանակահատվածի համար է նախորդ տարեվերջին ձեռք բերել 7 մլն դրամի ծաղիկներ ու ծաղկային կոմպոզիցիաներ: «Մեդիալաբի» հետ զրույցում այս մասին ասաց տնտեսագետ Արտակ Մանուկյանը, ով գնման փաստաթղթերն ուսումնասիրելիս բացահայտել է, որ նախորդ տարվա վերջին՝ դեկտեմբերի 26-ին, ՊՆ-ն մոտ 7 մլն դրամի ծաղիկ գնելու պայմանագրեր է ստորագրել: Տնտեսագետն այս ծախսը անարդյունավետ ծախս է որակում այն ֆոնին, երբ վիրավոր զինծառայողների բուժման համար դրամահավաքի կոչեր են հնչում:

ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գևորգ Ալթունյանը «Մեդիալաբի» հետ զրույցում պարզաբանում է, որ 7 մլն դրամի ծաղիկներ գնվել են ոչ թե նախորդ տարեվերջի որևէ միջոցառման համար, այլ մոտ այդքան գումար հատկացված է ամբողջ տարվա ծաղիկների գնման համար:

«Գաղափար չունեմ, որ տարվա վերջի ինչ-որ միջոցառման համար 7 մլն դրամ կարող է հատկացվել: Ես գիտեմ, որ մոտավորապես նման թիվ կա, բայց դա նախատեսված է ամբողջ տարվա համար բոլոր միջոցառումների, այցերի, ծաղիկների համար»,- ասաց Ալթունյանը:

Նա նշեց, որ մեկ տարվա ծաղիկ գնելու համար այդ գումարը շատ չէ: Իսկ այն մեղադրանքներին, որ կարող էին այդ գումարները ծախսել վիրավոր զինծառայողների բուժման համար, նա նման պատասխան տվեց.

«Զինվորի բուժման համար գումար այսպես թե այնպես հավաքվում է բոլոր հնարավոր միջոցներով: Իսկ ի՞նչ եք կարծում, երբ որ, Աստված չանի, հակառակորդի գնդակից զինվոր է զոհվում, հուղակավորությանը, հոգեհանգստին ծաղկեպսակ պե՞տք է տանել, թե՞ ոչ: Եթե կին զինծառայողներին մարտի 8-ին մեծարում ենք, նրանց ծաղկեփնջեր պե՞տք է տալ, թե՞ ոչ: Դե, խոսքը դրա մասին է»:

Ալթունյանը նշեց, որ պաշտպանության նախարարությունը ծաղիկներ գնում է բացառապես այն միջոցառումների համար, որոնք ստեղծված իրավիճակում անհրաժեշտ են լինում:

Տնտեսագետ Արտակ Մանուկյանն առնվազն տարակուսելի է համարում դեկտեմբերի 26-ին կնքված գնման պայմանագիրը, երբ ՊՆ-ն ասում է, թե դա ամբողջ տարվա համար է:

«Դեկտեմբերի 26-ին պայմանագիր են կնքում ամբողջ տարվա համա՞ր: Դա ի՞նչ է նշանակում՝ ծաղիկը պահպանման ժամկե՞տ չունի, տանելու են սառնարանո՞ւմ պահելու: Ես ուսումնասիրել եմ և տեսել, որ դեկտեմբերի 26-ին կնքված է նման պայմանագիր, այնտեղ չկա գրված՝ տարվա՞ համար է, թե՞ այդ օրվա համար: Բայց ես գիտեմ մի բան. եթե մի ապրանքը տարվա համար է, առավել ևս՝ շուտ փչացող ապրանքը, դա դժվար է պահեստավորել, արդյունավետ չէ միանգամից գնել: Նրանք հիմա ինչ ուզեն՝ կարող են ասել, կարող են ասել՝ մեկ տարվա համար է կամ հինգ տարվա»,- «Մեդիալաբին» ասում է Արտակ Մանուկյանը:

Պայմանագիրը, ըստ տնտեսագետի, մատակարարման չորս չափաբաժիններով է կնքված:

«Եթե իրենց ասածն այն է, որ զինվորները կարող են մահանալ, դրա համար էլ ծաղիկները հիմա են գնում, դա առնվազն անլուրջ է: Եթե զինծառայողը մահանում է, օրենքը հնարավորություն է ընձեռում հրատապ հիմունքներով մեկ անձից ձեռքբերումներով ծաղիկ գնել: Եթե դա սգո օրերի համար է, ոչ թե Ամանորը շքեղ նշելու, օրենքը հրատապ գնումների հնարավորություն է տալիս: Նույնը հուղարկավորության ծախսերին է վերաբերում»,- ասում է մասնագետը:

Արտակ Մանուկյանը տրամաբանական չի համարում նաև այն տարբերակը, որ նախորդ տարվա ընթացքում գնված ծաղիկների գումարներն են դեկտեմբերի 26-ին վճարել: Ըստ նրա՝ պայմանագիրն ունի մատակարարման գրաֆիկ: Երբ պայմանագիրը կնքում են, նաև կանխավճար են վճարում:

«Այնպես չէ, որ առանց հաղթող ունենալու մեկը քեզ ամբողջ տարին ծաղիկ է մատակարարում, վերջում պայմանագիր ես կնքում ու գումարը մատակարարում: Բոլոր այն դեպքերում, երբ պարբերական շրջանառվող ապրանքի մասին է խոսքը, օրինակ, այս դեպքում, մատակարարումը կատարվում է շրջանակային համաձայնագրով: Առնվազն մասնագիտական դաշտում ինձ ամեն ինչ պարզ է»,- «Մեդիալաբին» ասում է Մանուկյանը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am