Լեռնային շրջաններում աշնանացան ցորենը շարունակել է գտնվել ձմեռային հանգստի շրջանում և աշնանացանի համար վտանգավոր ջերմաստիճաններ չեն գրանցվել: «Արմենպրես»–ի հաղորդմամբ, Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ մարտի սկզբին հովտային շրջաններում եղանակային պայմանները նպաստավոր են եղել դաշտային աշխատանքներ իրականացնելու համար։ Խաղողի դաշտերում կատարվել է այգեբաց և էտ։
«Հովտային շրջաններում գրանցված բարձր ջերմաստիճանների հետևանքով, բազմամյա միջին արժեքներից 30 օր շուտ աշնանացան ցորենի վեգետացիան վերսկսվեց, ծիրանենու բողբոջները ուռչեցին, սակայն մարտի երկրորդ կեսին ջերմաստիճանների նվազման արդյունքում բողբոջների աճը դանդաղեց: Մերձավանում այն գտնվում է ուռչած, իսկ Արարատում, Արտաշատում՝ փոքր-ինչ բացված վիճակում։ Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները և մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ ծիրանենու համատաած ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է մարտի 21-25-ն ընկած ժամանակահատվածում, որը բազմամյա միջին ժամկետին մոտ է»,-ասված է կենտրոնի հաղորդագրությունում: