Կարծում եմ՝ վաղը ամենայն հավանականությամբ ՍԴ որոշմամբ կարող է փակվել «Մարտի 1-ի» գործով Ռ․ Քոչարյանի քրեական հետապնդման հարցը. Տիգրան Եգորյան

Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը անդրադարձել է վաղը՝ մարտի 23-ին մարտի 1-ի գործով Սահմանադրական դատարանում նախատեսված նիստին ու իր ֆեյսբուքյան էջում գրել.

«Նորից Սահմանադրական դատարանի մասինՆորից ձախողված իրավական քաղաքականության մասինՆորից դատական իշխանության անձնական և խմբային շահեր սպասարկող կոռումպացված արատավոր ցանցից և դրա գործակալներից ազատման, մաքրման եթե կուզեք վեթինգի մասին:

Վաղը՝ 23.03.2021թ․ ժամը 11:00-ին Սահմանադրական դատարանը քննելու է Ռոբերտ Քոչարյանի և դատավոր Դավիթ Գրիգորյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականության մասին դիմումները։ Քննելու է Ա․Դիլանյան, Ա․Վաղարշյան, Է․Շաթիրյան, Ա․Խաչատրյան, Ա․Թունյան, Ե․Խունդկարյան, Ա․Պետրոսյան և Հ․Թովմասյան կազմով։

Նախօրեին, բոլորովին ոչ պատահականորեն ՀՀ վճռաբեկ դատարանը որոշում կայացրեց դատավոր Դավիթ Գրիգորյանի` Ռ․Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու և գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումների վերաբերյալ բողոք(ներ)ը և որոշեց որ 25.06.2019թ․ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը պետք է բեկանել ամբողջությամբ և ուժի մեջ թողնել ՍԴ դիմելու` Դավիթ Գրիգորյանի որոշումը։

Սա նաև ժամանակին ապահովում է վաղն այդ հարցով ՍԴ գործի քննության խոչընդոտների վերացումը։

Հիշեցնեմ, որ դեռևս 2019 թվականի հուլիսի 4-ին և 12-ին ներկայացրել էինք դիմումներ դատարանի անդամներ Հրայր Թովմասյանի, Արայիկ Թունյանի, Աշոտ Խաչատրյանի, Ֆելիքս Թոխյանի, Հրանտ Նազարյանի, Ալվինա Գյուլումյանի և Արևիկ Պետրոսյանի` գործի քննությանը մասնակցելու անհնարինության վերաբերյալ։

Այնուհետև 06.07.2020թ. ներկայացրել ենք դիմումներ դատարանի անդամներ Հրայր Թովմասյանի, Արայիկ Թունյանի, Աշոտ Խաչատրյանի, Ֆելիքս Թոխյանի, Հրանտ Նազարյանի, Ալվինա Գյուլումյանի և Արևիկ Պետրոսյանի գործի քննությանը մասնակցելու անհնարինության վերաբերյալ։ Նույն օրը ներկայացրել ենք առանձին դիմում Հրայր Թովմասյանի գործի քննությանը մասնակցելու անհնարինության վերաբերյալ։ Նույն օրը ներկայացրել ենք դիմում իրավահաջորդներին գործի քննությանը մասնակից դարձնելու խնդրանքով:

Սակայն հիշյալ միջնորդությունները, ըստ էության, պատշաճ քննարկման չեն արժանացել։ 2020 թվականի հունիսին ընդունվեցին Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխություններ, որոնց արդյունքում ՀՀ Սահմանադրական դատարանի անդամներ Ֆելիքս Թոխյանի, Ալվինա Գյուլումյանի և Հրանտ Նազարյանի լիազորությունները դադարեցին, իսկ Հրայր Թովմասյանի՝ որպես ՍԴ նախագահ պաշտոնավարումը դադարեց։

Այս փոփոխությունները նրանք, ինչպես նաև այսօր ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը և Արևիկ Պետրոսյանը որակեցին որպես քաղաքական նկատառումներով հետապնդում, որն առավելապես պայմանավորված է Ռոբերտ Քոչարյանի գործով: Հիշյալ պնդումները ակնհայտորեն լրացուցիչ և նոր հիմք են նրանց` այդ գործի քննությանը մասնակցության անթույլատրելիության։

Չգիտեմ, թե ինչով է զբաղված ԱԺ ներկայացուցիչն այս գործով, սակայն այս կապակցությամբ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների բարձրացրած վերը ներկայացված խնդիրների նկատմամբ անհաղորդ կեցվածքը հերթական լուրջ ձախողման բաղադրիչ է լինելու։

Կարծում եմ, որ վաղը ամենայն հավանականությամբ ՍԴ որոշմամբ կարող է փակվել «Մարտի 1-ի» գործով Ռ․ Քոչարյանի քրեական հետապնդման հարցը` հերթական ապտակը հասցնելով ժողովրդի կողմից ընտրված իշխանությանը, ինչը հետևանք է դատական իշխանության անկախության և անկողմնակալության ապահովման իրավական քաղաքականության հարցում ցավալի ձախողման»։