Մամա Լյուբան եւ իշխանությունների մակարդակը. Երեւանի տոնին բացակա հեղինակային երգիչների հավաստմամբ «խնդիրն արմատական է»

Մամա Լյուբան եւ իշխանությունների մակարդակը. Երեւանի տոնին բացակա հեղինակային երգիչների հավաստմամբ «խնդիրն արմատական է»
Մամա Լյուբան եւ իշխանությունների մակարդակը. Երեւանի տոնին բացակա հեղինակային երգիչների հավաստմամբ «խնդիրն արմատական է»

Էրեբունի-Երեւանի 2794-ամյակի տոնակատարությունից օրեր անց էլ, որի կազմակերպման վրա ըստ տարբեր աղբյուրների առնվազն 90 միլիոն դրամ է ծախսվել, չեն դադարում խոսակցությունները հանրապետության հրապարակում կազմակերպված Գալա համերգի անճաշակության, Ռուսաստանից հրավիրված կիսամերկ երգչուհիների գռեհիկ երգացանկի մասին:
Հիշեցնենք, որ համերգին հրավիրված էին ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցիչ Վերա Բրեժնեւան և «Սերեբրո» խումբը, որոնք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս ՆՍՕՏՏ Գարեգին Բ-ի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ կառավարական մյուս վերնախավի համար կատարում էին Երեւանի տոնի հետ կապ չունեցող, միանգամայն դեպքի համար անընդունելի `мама люба давай давай… твою мать՚ բառացանկով երգեր:

http://www.youtube.com/watch?v=v7vdI2VVimY

Եւ մինչ երեւանցիներին` քաղաքի տոնի կապակցությամբ մատուցվում էր ռուսական ցածրորակ պապսա եւ հիմնականում կլկլոցներով լեցուն ռաբիզ երգեր, Երեւանի կյանքը երգող երգիչները` հեղինակային կատարողներ Ռուբեն Հախվերդյանը, Լիլիթ Պիպոյանը, Էդվարդ Զորիկյանը, Վախթանգ Հարությունյանը եւ այլ սիրված արտիստներ կրկին անգամ անտեսվեցին՝ հաղորդակից չդառնալով տոնին:

Երգահան, պոետ եւ սցենարիստ Վախթանգ Հարությունյանը նշում է, որ սա ոչ առաջին, ոչ էլ «ցավոք սրտի» վերջին դեպքն է:

Ռուսական շոու-բիզնեսի «աստղերի» մասնակցությամբ, Երեւան քաղաքի ծննդյան տոնակատարությունը նշելը, ըստ նրա «մշակութային քաղաքականության իսպառ բացակայության արդյունք է»:

«Պետք է գերակա գծեր մշակվեն մեր երկրի կառավարության կողմից, որպեսզի մշակութային քաղաքականությունը փոխվի, որպեսզի մեր պետական այրերը չնստեն առաջին շարքում եւ նրանց առջեւ ռուս «աստղերը» երգեն այնպիսի բովանդակությամբ երգեր, որոնք ընդհանրապես կապ չունեն մեր ժողովրդի բարոյահոգեբանական կերտվածքի հետ»,-«Մեդիալաբին» ասում է Վախթանգ Հարությունյանը:

Նա կարծում է, որ սա արմատական խնդիր է, որը գալիս է կառավարության ընդհանուր մտածելակերպից, եւ մշակութային քաղաքականության բացերը լրացվվում է «շոու-բիզնեսով»:

«Բնության մեջ, եթե մի տեղ լավ բան չի աճում, ապա դրա տեղը սկսում է մոլախոտ աճել: Հիմա մեր կառավարությունը այդ այգեպանն է, որ պետք է այնպես անի, որպեզի իր այգում լավ ծառեր աճեն ու լավ պտուղներ տան: Պետք է գերակա գծեր վերամշակվեն»,-հավելում է Հարությունյանը:

Հեղինակային երգիչ, երգահան Վահան Արծրունին ասում է, որ Երեւանի տոնի համերգի մասնակիցների երգացանկը կազմվել է «ճաշակին ու մակարդակին համապատասխան»:

«Դրա համար գալիս է ոչ թե, օրինակ Մոսկվայի սիմֆոնիկ նվագախումբը, այլ այն, ինչ իշխանություններին պետք է դուր գար,-«Մեդիալաբին» ասում է Վահան Արծրունին,-Դուք վերջին քսան տարիներին իշխանությունների ճաշակի մասին կարո՞ղ եք այլ եզրակացություն անել, իհարկե՝ ոչ: Սա է նրանց ճաշակը` համապատասխան իրենց էսթետիկական դրվածքներին»:

© Medialab.am