«Պատվաբեր» տնտեսություն՝ անհիմն լավատեսությամբ. «Պատիվ ունեմ» դաշինքի զարգացման տեսլականը

«Մեդիալաբը» ներկայացնում է նախընտրական պայքարին մասնակցող հիմնական ուժերի ծրագրերում տնտեսական բաղադրիչի ուսումնասիրությունը։ Այս հրապարակման մեջ անդրադառնում նք  «Պատիվ ունեմ» դաշինքին։ 

Համաձայն ներկայացված ծրագրի՝ դաշինքի առաջնային նպատակն է տնտեսության կայուն աճի պայմաններում ապահովել երկրի սոցիալտնտեսական զարգացումը և կյանքի որակի, բնակչության կենսամակարդակի շեշտակի բարելավումը։

Ըստ ծրագրի՝ տնտեսական քաղաքականության խնդիրներն են՝

● հարկաբյուջետային կայունության ապահովումը.

● ներդրումային միջավայրի բարելավումը.

● մրցունակ ճյուղերի արդիականացումն ու առաջանցիկ զարգացումը.

● տնտեսական արդյունքի արդյունավետ և արդարացի բաշխումը։

Այս խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է հաշվի առնել Հայաստանի առանձնահատկությունները և այն գործոնները, որոնք երկարաժամկետ կտրվածքով սահմանափակում են Հայաստանի մրցակցային առավելությունները, այդ թվում՝

● բնական ռեսուրսների սակավությունը.

● դեպի ծով ելքի բացակայությունը.

● շրջափակումն ու լոգիստիկ դժվարությունները.

● աշխատունակ տարիքի բնակչության՝ նաև արտագաղթի հետևանքով սակավությունը.

● ռազմական և սոցիալական ծախսերի մեծությունը.

● տեղական շուկայի սահմանափակ լինելը.

● ինստիտուցիոնալ համակարգի անկատարությունը.

● աղքատության բարձր մակարդակը.

● մարդկային կապիտալի ցածր զարգացածությունը։

Վերը ներկայացվածները հանրահայտ ճշմարտություններ են, որոնք սովորաբար օգտագործում են ՀՀ տնտեսությունը բնութագրելիս: Ամենահետաքրքիրը, որ դա կիրառվում է վերջին 10-15 տարիների ընթացքում և համարյա փոփոխության չի ենթարկվել, որն էլ թույլ է տալիս եզրակացնել, որ նշված ժամանակաշրջանում վարվող տնտեսական քաղաքականությունների արդյունքում ՀՀ բնակչության կյանքի որակը էական փոփոխության չի ենթարկվել:

Ծրագիրն առաջարկում է. «Սպառման աճի վրա հիմնված տնտեսական զարգացման մոդելն արմատապես վերափոխել ներդրումների և արտադրողականության աճի վրա հիմնված մոդելի: Դրա համար հարկաբյուջետային կայունության վերականգնման և ենթակառուցվածքներին ուղղվող ծախսերի ավելացման հենքի վրա անհրաժեշտ է արագ վերականգնել տնտեսական միջավայրը և բիզնեսի համար ապահովել կանխատեսելիություն: Կառավարությունը պետք է կանխատեսելի լինի, և բիզնեսը պետք է վստահ լինի, թե ինչ տնտեսական քաղաքականություն է վարվում, այսօր որտեղ է կանգնած, և վաղը ինչ է լինելու: Դրա հետ մեկտեղ, պետք է բացառել բիզնեսի գլխին կախված օր օրի ավելացող քրեական գործերի դամոկլյան սուրը»: 

Իհարկե կարիք կա փոխելու զարգացման մոդելը, որն այսօրվա հայաստանյան տնտեսական իրականության պայմաններում շատ դժվար է անել՝ հաշվի առնելով սոցիալական մեծ բեռը, որն ավելացել է ճգնաժամից և պատերազմից հետո: Արագ անելը բավականին դժվար է և իրատեսական չէ, որպես ցանկություն, որ արձանագրված է ծրագրում, ընդունելի և հասկանալի է:

Շարունակելով ներկայացնել տնտեսական քաղաքականության առջնահերթությունները՝ հեղինակները թվարկում են շատ ընդունված, հանրահայտ գաղափարներ, որոնք կամ արդեն իսկ կիրառվում են, կամ էլ ժամանակին կիրառվել են և արդյունք չեն տվել: Ավելի կոնկրետ, կարճ՝ դեկլարատիվ են, կոնկրետ չեն:

Ծրագիրը զուրկ է որևէ թվական տվյալից: Հեղինակները գերադասել են իրենց առաջարկները, մոտեցումները պարզապես թվարկել, ներկայացնել: Սա էլ իր հերթին կասկածի տակ է դնում ծրագրի ռեալությունը, իրատեսությունը: Ներկայացնենք ևս մի քանի առաջարկներ, որոնք տեղ են գտել ծրագրում՝ 

– ձեռնարկատիրական գործունեությանն ու ներդրումներին առնչվող օրենսդրության պարզեցում և բյուրոկրատական կարգավորումներից ձերբազատում, իրավակիրառական պրակտիկայի բարելավում և իրավական կանխատեսելիության բարձրացում այնպես, որ ՀՀ քաղաքացիները, երկրում գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտները, իրավաբանական այլ անձինք հստակ պատկերացում կազմեն իրավունքների և պատասխանատվության ծավալի մասին։

 – Անհրաժեշտ է խրախուսել տնտեսության այն ճյուղերի զարգացումը, որոնք կապահովեն սահմանափակումների պայմաններում մրցունակ արտադրանքի կամ ծառայության մատակարարում, զբաղվածության ապահովում, անվտանգության (այդ թվում՝ պարենային) ապահովում.

– Գյուղատնտեսության ոլորտում արտահանմանը միտված ֆերմերային տնտեսություններից բացի անհրաժեշտ է զարգացնել նաև բնատնտեսությունները, որոնք գյուղական բնակավայրերում կապահովեն զբաղվածություն և կայուն եկամուտներ։ Այս խնդրի լուծման համար անհրաժեշտ է ներդնել համապատասխան

ենթակառուցվածքներ (սպանդանոցներ, կաթի մթերման կայաններ, գյուղմթերքի իրացման շուկաներ, միկրովարկավորման գործիքներ և այլն)։

– Այս հնարավորությունները ստեղծվում են տնտեսական քաղաքականությունից բխող՝ էական ինտեգրացիոն և ենթակառուցվածքային ծրագրերի հետևողական իրացմամբ, և մենք ամեն ինչ անելու ենք, որ հետևենք ներառական գործարարության և բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծման խթանմանն ուղղված մեր քաղաքականության իրագործմանը։

Վերը թվարկածները, ինչպես նաև ծրագրում ներառված մնացած գաղափարները հնարավորություն չեն տալիս գնահատելու դրանց իրականացման հավանականությունը՝ թվական տվյալների, կոնկրետ ժամկետների, փաստացի իրավիճակի վերլուծության բացակայության պատճառով:

Փաստորեն ծրագիրը տնտեսական, տնտեսագիտական հայտնի մոտեցումների շարադրանք է, որը Հայաստանի Հանրապետության հետ առնչվում է ընդհանուր ձևով, առանց հստակեցման, կոնկրետացման: Սա էլ, իր հերթին, կասկածի տակ է դնում ծրագրի իրականանալի դառնալու հանգամանքը:

Ավելի կարճ՝ իրատեսական չէ:

Արամ Բագրատունի

MediaLab.am