«Երբ ընտրություններն անցնում են համատարած ընտրակաշառք բաժանելու պայմաններում, ի՞նչ լեգիտիմության մասին կարող է խոսք լինել». քաղաքագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը

Պարո՛ն Գրիգորյան, ինչպե՞ս եք գնահատում Արցախում անցկացված ընտրությունները, տարբեր ուժեր ահազանգում են տեղի ունեցած ընտրախախտումների մասին։ Պե՞տք է արդյոք քննության առարկա դառնան այդ ընտրախախտումները։

– Այն, որ ընտրախախտումներ եղել են, արդեն իսկ արձանագրվել են դիտորդական առաքելությունների կողմից։ Համացանցում կան բազմաթիվ տեսանյութեր և այլ փաստական տվյալներ այդ խախտումների վերաբերյալ։

Եվ որևէ մեկը կասկածի տակ չի դնում այն փաստը, որ ընտրություններն անցել են բազմաթիվ խախտումներով՝ հատկապես կապված ընտրակաշառքի և փող բաժանելու այլ դեպքերի հետ։

Կարծում եմ՝ քննությունը ֆորմալ բնույթի կլինի, որովհետև ամեն ինչ գտնվում է իշխանությունների վերահսկողության տակ՝ և՛ դատախազությունը, և՛ ոստիկանությունը։ Եվ առանց լուրջ քաղաքական գործընթացի որևէ արդյունք դժվար է ակնկալել այս գործընթացից։

– Ի՞նչ նկատի ունեք՝ քաղաքական գործընթացներ ասելով։ Վերջին օրերին ընտրությունների արդյունքները չընդունող մի խումբ անձինք բողոքի ակցիաներ են անցկացնում։ Հնարավո՞ր է, որ Արցախում հասարակությունը ոտքի կանգնի, և դա փոխի իրավիճակը։

– Այո՛, բողոքի դուրս եկած քաղաքացիներ կան։ Բայց երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն քաղաքական գնահատական չտվեց ընտրություններին։ Առանց այդ մինիմալ պայմանի դժվար է ինչ-որ պայքարի մասին խոսել

– Այս ընտրախախտումները հաշվի առնելով՝ արդյոք կարելի՞ է խոսել ընտրություների լեգիտիմությունը կասկածի տակ դնելու մասին։

– Այո՛, իհարկե, երբ ընտրություններն անցնում են համատարած ընտրակաշառք բաժանելու պայմաններում, ի՞նչ լեգիտիմության մասին կարող է խոսք լինել։ Մարդկանց ձայնը պարզապես հազարներով գնել են։ Եվ այդպիսի գործելաոճով աշխատել է ոչ միայն իշխող ուժը, այլ նաև մի քանի կուսակցություններ։

Այդ իսկ պատճառով արդեն մի քանի քաղաքական ուժեր հանդես են եկել հայտարարությամբ, որում նշում են, որ չեն ճանաչում ընտրությունների լեգիտիմությունը և ընտրությունների արդյունքները։

– Նախագահի ընտրությունների արդյունքում երկրորդ տեղը զբաղեցրած Մասիս Մայիլյանը կոչ արեց մարդկանց չմասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը։ Դա կարո՞ղ է իրավիճակ փոխել։

– Խնդիրն այն է, որ Մասիս Մայիլյանը քաղաքական գնահատական չի տվել ընտրություններին։ Նա կոչ է արել բոյկոտել, բայց բոյկոտելու հիմնական պատճառ կորոնավիրուսն է նշել, ոչ թե քաղաքական պատճառները։ Եվ նրա հայտարարության հիմնական խնդիրը դա է, որ կրավորական, ոչինչ չասող հայտարարություն էր։

Նա քաղաքական գնահատական չի տվել անցկացված ընտրություններին, չի խոսել արդյունքներն ընդունելու կամ չընդունելու մասին, այլ պարզապես հարմար առիթ է գտել, որը կորոնավիրուսն է, որպեսզի դեմքը փրկելով՝ դուրս գա այս իրավիճակից։

– Ձեր կարծիքով՝ արդյոք պե՞տք է այս պայմաններում ընտրությունների երկրորդ փուլ անցկացվի։

– Թեկնածուներից մեկը փաստորեն հրաժարվել է երկրորդ փուլից։ Եվ եթե նույնիսկ երեք հոգի մասնակցի երկրորդ փուլի ընտրություններին, դե յուրե երկրորդ փուլը համարվում է կայացած։

– Այսինքն՝ Արայիկ Հարությունյանը դառնալու է նախագահ այդ դեպքում։

– Իհարկե, եթե նրա մրցակիցը հրաժարվում է մասնակցել և իր կողմնակիցներին կոչ է անում բոյկոտել ընտրությունները, պարզ չէ՞, որ Արայիկ Հարությունյանը նախագահ է դառնալու։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախում կայացած ընտրություններն արտահայտում են ժողովրդի կամքը։ Ինչպե՞ս եք գնահատում նրա այս արձագանքը։

– Եթե Հայաստանի վարչապետը մտածում է, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները ևս արտահայտում էին Հայաստանի ժողովրդի կամքը, ապա կարելի է նրա հետ համաձայնել։ 

Բայց, ինչպես հիշում ենք, այն ժամանակ «Ելք» խմբակցությունը թեև ընդունեց ընտրությունների արդյունքները, բայց չէր նշում, որ 2017-ի ընտրություններն արտահայտում էին ժողովրդի կամքը։

Կամ՝ Նիկոլ Փաշինյանն արդեն որերորդ անգամ այդ օրինակն է բերում, որ եթե ընտրությունները կեղծված լինեին, ապա մի քանի հարյուր ձայն չէր հերիքում առաջին փուլով անցնելու համար, ինչո՞ւ այդ 200-300 ձայնն էլ չեն ավելացրել։ 

Այդ նույն հարցը կարելի է տալ պարոն Փաշինյանին, թե արդյոք ինքը նույն տրամաբանությամբ 2003 թվականի նախագահական ընտրությունները և՞ս ժողովրդավարական է համարում։

Այնտեղ ևս իշխանական թեկնածուին 1-2 տոկոս չէր հերիքում առաջին փուլում հաղթելու համար։ Եվ այնտեղ ևս երկրորդ փուլ տեղի ունեցավ։ Մինչդեռ, ինչպես գիտենք, պարոն Փաշինյանը 1996 թվականից սկսած Հայաստանի բոլոր ընտրությունները կեղծված է համարում, բայց, չգիտես ինչու, Արցախի պարագայում նման հայտարարություններ է անում։

– Ի վերջո, ի՞նչն է պատճառը, որ Արցախում իրավիճակ չի փոխվում, ընտրությունների որակը հնարավոր չի լինում բարձրացնել։

– Որովհետև առաջին հերթին ռեսուրսները գերկենտրոնացված են։ Մի էլիտար փոքր խումբ տասնամյակներ շարունակ վերահսկել է բոլոր ռեսուրսները՝ տնտեսական, ֆինանսական, և այդ ռեսուրսներն ամեն անգամ օգտագործել է ընտրական գործընթացում, որպեսզի վերարտադրի իր իշխանությունը։

Նախկինում համակարգն ավելի փակ էր, և ավելի կոպիտ միջոցներով էին դա անում, այսինքն՝ ճնշումների, բռնաճնշումների, վարչական լծակների ակտիվ օգտագործմամբ։ 

Բայց հիմա, երբ համակարգը մի քիչ բացվել է, և գործիքակազմը ևս մեծացել է, այսինքն՝ բավական դժվարացել է բռնաճնշումների միջոցով մարդկանց ստիպելը, հիմնական գործիքը փողն է դարձել։

Իսկ փողի հետ իրենք խնդիր չունեն, մարդիկ էլ գտնվում են սոցիալապես բավական ծանր կացության մեջ։ Եվ պարզ է, որ ընտրություններում շատ հեշտ է մարդկանց շահագրգռել այդպիսի գործիքներով։ 

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am