Արմատական բարեփոխումներ ակնկալելն անիմաստ է. իրավապաշտպանները պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը

Արմատական բարեփոխումներ ակնկալելն անիմաստ է. իրավապաշտպանները պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը
Արմատական բարեփոխումներ ակնկալելն անիմաստ է. իրավապաշտպանները պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը

Հայաստանցի մի խումբ իրավապաշտպաններ այսօր հանդես են եկել բանակում տիրող իրավիճակի կապակցությամբ նոր հայտարարությամբ, որով պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը:
Հայտարարության հեղինակները նշել են, որ 2011 թվականի սեպտեմբերի 6-ին իրենք հանդես էին եկել հայտարարությամբ, որով արտահայտել էին իրենց մտահոգությունը հայկական բանակում առկա իրավիճակի, մասնավորապես` բռնությունների ու մահվան դեպքերի կապակցությամբ:

Այդ խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ գլխավոր գերագույն հրամանատարին առաջադրվել էին մի շարք պահանջներ` ակնկալելով դրանց ուղղությամբ գործուն քայլերի ձեռնարկում մեկամսյա ժամկետում:

«Սույն հայտարարությունից հետո մինչ օրս արձանագրել ենք հետևյալը.

ՀՀ ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է աշխատանքային դռնփակ երկու հանդիպում ՀՀ պաշտպանության նախարարության, զինվորական դատախազության, մարդու իրավունքների պաշտպանի, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, ՀՀ պաշտպանության նախարարին կից հանրային խորհրդի, իրավապաշտպան կազմակերպությունների և մահացած զինծառայողների հարազատների մասնակցությամբ` քննարկելու խնդիրը»,- նշված է հայտարարությունում:

Հեղինակներն արձանագրել են նաև, որ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները կազմակերպել են առանձին հանդիպումներ մահացած զինծառայողների հարազատների հետ, առնչվող կառույցների ներկայացուցիչներն իրենց մասնակցությունն են բերել «Բանակն իրականում» նախաձեռնող խմբի կազմակերպած քննարկմանը և ներկայացրել իրենց տեսակետները բանակում տիրող իրավիճակի կապակցությամբ:

Բացի այդ, ըստ հեղինակների, ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել զոհված զինծառայողների ընտանիքներին տրամադրվող նպաստն ավելացնելու 21 տոկոսով` մոտավորապես` 10.000-ից 12.100 ՀՀ դրամ, ՀՀ պաշտպանության նախարարի կողմից արվել են հայտարարություններ զինված ուժերում ներքին կարգապահության մակարդակի բարձրացման անհրաժեշտության մասին, «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում՝ ճամբարային հավաքի ժամանակ հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած մահվան ելքով ավտոպատահարի համար պատասխանատու զինվորականները ենթարկվել են տույժերի, մի քանի բարձրաստիճան սպաներ ազատվել են զբաղեցրած պաշտոններից, իսկ մի քանիսը` ստացել են նկատողություն:

«ՀՀ պաշտպանության նախարարի և զինվորական դատախազի միջև համաձայնություն է ձեռք բերվել զինված ուժերում կարգապահության խթանման, հանցավորության մակարդակի նվազեցման, հանցագործությունների կանխարգելման և պատասխանատվության խստացման նպատակով համատեղ հրամանով ստեղծել աշխատանքային խումբ, որի աշխատանքներին օժանդակություն կցուցաբերի նաև մարդու իրավունքների պաշտպանը»,- գրել են հեղինակները:

Սակայն, նրանց խոսքով, այս գործընթացին զուգահեռ, ՀՀ պաշտպանության նախարարության որոշ ներկայացուցիչներ զոհվածների հարազատներին փորձել են հորդորել` հրաժարվելու բանակում սպանությունների փաստերի դեմ հրապարակային բողոքներից, իսկ սեպտեմբերի 21-ին` Անկախության տոնակատարության ժամանակ, իրավապահ մարմինները կոպտորեն խոչընդոտել են սպանված զինծառայողների հարազատների և հասարակական ակտիվիստների բողոքի ցույցը:

«Գտնում ենք, որ համապատասխան կառույցների կողմից տվյալ ժամանակահատվածում ձեռնարկված վերոնշյալ քայլերը բավարար չեն բանակում առկա խնդիրները կարգավորելու համար, իսկ ճնշումները մահացած զինծառայողների հարազատների նկատմամբ հիմք են տալիս առհասարակ կասկածի տակ դնելու նման կարգավորման համար քաղաքական կամքի առկայությունը:

Բացի այդ, արձանագրում ենք, որ մինչ օրս որևէ հրապարակային դիրքորոշում ստեղծված իրավիճակի ու մեր բարձրացրած հարցերի վերաբերյալ չի արտահայտել ՀՀ գլխավոր գերագույն հրամանատարը: Հասարակությանը նաև հայտնի չէ նրա կողմից ձեռնարկված որևէ կոնկրետ գործողություն այդ առնչությամբ»,- գրել են հայտարարության հեղինակները:

Վերլուծելով նման վարքագիծը` հայտարարության հեղինակները եկել են այն եզրակացության, «որ ՀՀ գլխավոր գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանը պատշաճ չի ընկալում բանակում տիրող իրավիճակն անհապաղ բարեփոխելու օրախնդիրը և չի զգում դրանում իր անմիջական պատասխանատվությունը»:

«Նրանից արմատական բարեփոխումներ ակնկալել, փաստորեն, անիմաստ է, ուստի պահանջում ենք անհապաղ հրաժարականը իր զբաղեցրած պաշտոնից»,- գրել են հեղինակները:

Հայտարարությունը ստորագրել են «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ ղեկավար Արթուր Սաքունցը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան գրասենյակ» ՀԿ ղեկավար Նատալյա Մարտիրոսյանը, «Լրագրողները հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը, «Փաստաբանները հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ից Սեդա Մելիքյանը, «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ նախագահ Լևոն Բարսեղյանը, «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ից Սոնա Այվազյանը, «Երիտասարդությունը հանուն ժողովրդավարության» ՀԿ ղեկավար Իզաբելլա Սարգսյանը և «Հույս» ՀԿ-ից Լալա Ասլիկյանը:

© Medialab.am