ՀՀ ԱԳ փոխնախարարը և Մոլդովայի ԱԳՆ պետքարտուղարը վերահաստատել են հարաբերությունները զարգացնելու նպատակը

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանն ապրիլի 21-ին հեռախոսազրույց է վարել Մոլդովայի Հանրապետության ԱԳ և եվրոպական ինտեգրման նախարարության պետքարտուղար Դումիտրու Սոկոլանի հետ:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ զրույցի ընթացքում կողմերը վերահաստատել են հայ-մոլդովական հարաբերությունները զարգացնելու և միջպետական երկխոսությունը խթանելու փոխադարձ նպատակաուղղվածությունը:

Ըստ աղբյուրի՝ ընդգծվել է երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդատվությունների հետևողական անցկացման կարևորությունը, ինչպես նաև քննարկվել է առաջիկա միջոցառումների ժամանակացույցը: