ՀՀ կառավարության և Եվրոպական Միության միջև համագործակցության արդյունքում բացված «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի (ՇՄՄՏԿ) լաբորատորիան հագեցած է նոր սարքավորումներով և ունի վերապատրաստված անձնակազմ:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ լաբորատորիան առաջիկայում նույնպես կվերազինվի նոր տեխնիկայով և այլ սարքավորումներով:
Աշխատանքներն իրականացվել են «Եվրոպական Միության ջրային նախաձեռնություն պլյուս» Արևելյան գործընկերության երկրների համար (ԵՄՋՆ+) ծրագրի շրջանակում:
Լրագրողների հետ զրույցում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ասաց, որ նման լաբորատորիա ունենալը շատ կարևոր է Հայաստանի համար:
«Այս լաբորատորիայի տված տեղեկատվությունը հիմք է հանդիսանում բնապահպանական կառավարման, վերահսկողության հետ կապված մեր որոշումների կայացման համար: Ամբողջ Հայաստանից վերցվելու են մակերևույթային և ստորերկրյա ջրերի, մի քանի քաղաքի օդի փորձանմուշներ, որոնք հետո ուսումնասիրվելու են տվյալ լաբորատորիայում: Մենք նախատեսում ենք օդի, ջրի աղտոտման մասին տեղեկությունները հասանելի դարձնել քաղաքացիներին»,- նշեց Գրիգորյանը և հավելեց, որ, ունենալով նման լաբորատորիա, Հայաստանն ավելի է մոտենում միջազգային լաբորատոր ստանդարտներին:
Տարածքի վերանորոգման համար ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորման սկզբունքով տրամադրվել է 73 մլն դրամ (մոտ 140 հազար եվրո): ԵՄ-ի կողմից տրամադրված շուրջ 400 հազար եվրոն ուղղվել է տարածքի վերանորոգմանը, տեխնիկական վերազինմանն ու լաբորատորիայի անձնակազմի վերապատրաստմանը:
Հայաստանում ԵՄ դեսպան, ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը կարևորեց շրջակա միջավայրի խնայողությունն ու պահպանումը, թե ներկայիս կյանքի և թե ապագայի համար:
«Մենք նպատակ ունենք Եվրոպան մինչև 2050 թվականը դարձնել կլիմայապես չեզոք տարածաշրջան: Սա պետք է իրականացվի ոչ միայն կառավարությունների կողմից համապատասխան ռազմավարության ընդունման շնորհիվ, այլև քաղաքացիների ներգրավմամբ և նրանց անմիջական մասնակցությամբ»,- նշեց Վիկտորինը:
Նրա խոսքով՝ իրենք պատրաստվում են շարունակել համագործակցությունը՝ ներգրավելով նաև անդամ պետություններին:
Լաբորատորիայում կան ջրի ընդհանուր անալիզի, ջրի նմուշների ստացման և մշակման, պինդ նմուշների մշակման, ջրերի մոնիթորինգի, որակի ապահովման, գազային քրոմատագրման, օդի մոնիթորինգի և այլ բաժիններ:
ՇՄՄՏԿ-ի 539 քմ ընդհանուր մակերեսով տարածքը լաբորատորիայի համար հատկացվել էր 2017 թվականի դեկտեմբեր ամսին՝ ՀՀ կառավարության որոշմամբ: