ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը հանդես է եկել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին և Շուշիի ազատագրման 28-ամյակին նվիրված ելույթով

Մայիսի 7-ին Վիեննայում՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդի (OSCE PC) առցանց տարբերակով կազմակերպված հանդիպման ժամանակ ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը հանդես է եկել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին և Շուշիի ազատագրման 28-ամյակին նվիրված ելույթով։

✅Ելույթում հարգանքի տուրք է մատուցվում բոլոր նրանց, ում սխրագործությունների և զոհաբերությունների շնորհիվ Եվրոպայի ժողովուրդներն ազատագրվեցին նացիզմից։ Նշվում է, որ ավելի քան 600 հազար հայորդիներ տարբեր երկրների բանակներում իրենց մասնակցությունն են բերել այդ հաղթանակի գործին, և Հայաստանի բնակչության 1/7-րդը չի վերադարձել համաշխարհային պատերազմի մարտադաշտերից։ Հայ զինվորներն աչքի են ընկել իրենց արիությամբ և խիզախությամբ՝ արժանանալով տարբեր երկրների բարձրագույն պարգևների։

«Հայաստանը քաղաքակիրթ աշխարհի հետ միասին տոնելու է Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակը. օր, որը խորհրդանշում է հաղթանակն ատելության, անհանդուրժողականության և ծայրահեղ ազգայնականության հանդեպ»։

✅Ի պատասխան Ադրբեջանի շարունակական կեղծ պնդումների՝ ելույթում շեշտվում է, որ Գարեգին Նժդեհը հայ ժողովրդի ազգային հերոսն է, ով խիզախությամբ պաշտպանել է իր հայրենիքը 1920-ական թվականներին արտաքին ներխուժումներից։

Միաժամանակ անդրադարձ է կատարվում Վերմախտի կազմում ավելի քան 40 հազար զինվորից բաղկացած ադրբեջանական լեգիոնին և նացիստների հետ համագործակցած տխրահռչակ Մեհմեդ Ռասուլզադեին, որին Ադրեջանում դիտարկում են որպես ազգային հերոս և որի արձաններն ամենուրեք են։

✅Անդրադառնալով Շուշիի ազատագրման 28-ամյակին, ելույթում նշվում է, որ 1992թ. մայիսի 9-ին այդ հինավուրց հայկական քաղաքակի ազատագրումը ադրբեջանական օկուպացիայից հնարավոր դարձրեց Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի և շրջակա բնակավայրերի ազգաբնակչության անվտանգության ապահովումը։

Շուշիի ազատագրումը ղարաբաղյան պատերազմի ամենակարևոր հաղթանակներից մեկն է։ Այն կյանքի հաղթանակն է մահի հանդեպ; խորհրդանիշն է պայքարի, որը մղվել է Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյության, ինչպես նաև իր բնօրրանում ապրելու իրավունքի ապահովման համար։

Այս մասին հայտնում է Ավստրիայում Հայաստանի դեսպանությունը։