«ԱՄՆ-ն հնարավոր է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ինչը կարող է դառնալ Թուրքիային պատժելու միջոց». Ռուբեն Սաֆրաստյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը

Պարո՛ն Սաֆրաստյան, վերջին շրջանում տեղեկություն կա, որ հնարավոր է՝ ԱՄՆ-ն ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում։

– Այո՛, դրան նպաստող գործոնները կապված են ԱՄՆ գլոբալ քաղաքականության, մեր տարածաշրջանում քաղաքականության հետ, նաև այն վերաբերմունքի հետ, որը ԱՄՆ ներկայիս վարչակազմը ցուցաբերում է Թուրքիայի և, մասնավորապես, նախագահ Էրդողանի նկատմամբ։

Ամերիկյան քաղաքականությունը գլոբալ մասշտաբով, իմ համոզմամբ, փոխում է իր ուղղվածությունը։ ԱՄՆ-ն իր ստրատեգիական հետաքրքրությունները տեղափոխում է Խաղաղ օվկիանոսի ավազանի երկրներ, այդ տարածաշրջան, քանի որ նրանց հիմնական ախոյանը հիմա Չինաստանն է։

Իսկ սա նշանակում է, որ Մերձավոր Արևելքի նշանակությունը Միացյալ Նահանգների համար թուլանում է և այնպիսի մեծ նշանակություն չի ունենա, ինչպիսին Թրամփի վարչակազմի օրոք էր։

Եվ երրորդ՝ սա նշանակում է, որ Թուրքիայի նշանակությունը ԱՄՆ-ի ընդհանուր ստրատեգիայում ավելի նվազում է, որովհետև Թուրքիան մերձավորարևելյան երկիր է։

Մյուս գործոնը կապված է այն հանգամանքի հետ, որ, փաստորեն, Թուրքիայի նշանակությունը ԱՄՆ-ի համար պայմանավորված է այն հանգամանքով, որ Թուրքիան մաս է կազմում արևմտյան երկրների դաշինքի։

Մենք հիմա տեսնում ենք, որ Թուրքիան, մնալով այդ դաշինքի, մասնավորապես, ՆԱՏՕ-ի անդամ, փորձում է Ռուսաստանի հետ որոշակի մերձեցում ցուցաբերել։ Եվ դա, իհարկե, ամերիկյան վերնախավի մոտ առաջացնում է ձգտում՝ պատժել Թուրքիային։

Մասնավորապես, S400-ի հետ կապված, որը թուրքերը գնեցին։ Սրանք ընդհանուր քաղաքական գնահատականներ են։

Մյուս կողմից՝ մի քանի օր առաջ մի քանի տասնյակ կոնգրեսականներ, ընդ որում՝ և՛ դեմոկրատներ, և՛ հանրապետականներ, նամակով դիմել են Բայդենին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու առաջարկով։

Այսօր Վաշինգտոնում շատ սրված են այս երկու կուսակցությունների հարաբերությունները, բայց եթե նրանք կարողացել են Հայոց ցեղասպանության հարցում համաձայնության գալ, նշանակում է՝ ամերիկյան վերնախավն արդեն ընդհանուր վերաբերմունք է ձևավորել Հայոց ցեղասպանության նկատմամբ։

Բացի սա, կոնկրետ խնդիրներ կան թուրք-ամերիկյան հարաբերություններում, որոնցից է այն, որ մինչև հիմա Բայդենը չի զանգահարել Էրդողանին։

Թուրքական դիվանագիտությունը բազմաթիվ ջանքեր է գործադրում, որ դրան հասնեն, որ Բայդենը զանգի Էրդողանին, հեռախոսազրույց տեղի ունենա, բայց նա համառորեն հրաժարվում է։ Այսինքն՝ սա արտահայտում է արդեն կոնկրետ Բայդենի վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ։

Մի կարևոր հանգամանք էլ նշեմ՝ բառացիորեն երեկ Թվիթերում հանդես եկավ Յան Բրեմերը, ով ամերիկյան վերնախավի շատ կարևոր ներկայացուցիչ է, «Եվրազիա» խմբի ղեկավարը։ Նա ուղղակի շատ հստակ ասաց, որ Սպիտակ տան իր աղբյուրները ասել են, թե Բանդենը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

– Այսինքն՝ նաև տեղեկատվության արտահոսք են անում։

– Այո՛, տեղեկատվության արտահոսք կա։ Եվ հետո նաև պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ ինքը՝ Բայդենն է ժամանակին հանդես եկել Ցեղասպանության ճանաչման օգտին։

– Իսկ Ցեղասպանության ճանաչումը կարո՞ղ է տեղի ունենալ մինչև ապրիլի 24-ը։

– Դժվար է ասել, բայց ամեն դեպքում սպասվում է, որ ԱՄՆ նախագահի ապրիլի 24-ի ուղերձը սկզբունքորեն կտարբերվի իր նախորդների ուղերձից։ Եվ այդտեղ կարող է արդեն «Ցեղասպանություն» բառը հնչել։ Իհարկե, սրանք դեռ ենթադրություններ են, ամեն ինչ կարող է տեղի ունենալ։

– Թուրքիայում ինչպե՞ս են արձագանքում այս գործընթացներին, անհանգստացա՞ծ են։

– Շատ մեծ մտավախություն ունեն։ Համարում են, որ դա ԱՄՆ-ի կողմից դավաճանություն կլինի Թուրքիայի շահերին։ Ընդհանրապես, ինչպես նշեցի, Թուրքիայում մեծ անհանգստություն կա, որ մինչև հիմա Բայդենի հետ հնարավոր չի եղել խոսակցություն կազմակերպել։

Սրան զուգահեռ այլ գործընթացներ կան։ ԱՄՆ պետքարտուղարը, ով մասնակցում է ՆԱՏՕ-ի նախարարներին ժողովին, իր ելույթում երեկ գովաբանել է Թուրքիային, շատ բարձր է գնահատել Թուրքիայի դերը՝ որպես ՆԱՏՕ-ի անդամի։ Եվ այսօր պետք է տեղի ունենար ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի և Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի հանդիպումը։ 

Եթե ընդհանուր գնահատական տանք, իհարկե, Թուրքիան մնում է կարևոր դաշնակից ԱՄՆ-ի համար, բայց այն հանգամանքները, որոնք նշեցի, դրանք հաշվի առնելով ամերիկացիների մոտ ցանկություն է առաջացել մի քիչ պատժել Թուրքիային, որ Ռուսաստանի հետ է մերձենում։ Եվ Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է դառնալ Թուրքիային պատժելու միջոց։

– Ի՞նչ կարող է Հայաստանին տալ ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ճանաչումը։
Այն, ինչ ես ներկայացրեցի, ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը մեծ տերությունների քաղաքականության մեջ մտնում է՝ իրենց շահերից ելնելով։

Նրանք ոչ թե մեր մասին են մտածում, այլ իրենց շահերից ելնելով են գործում։ Հիմա շահերն այնպիսիք են, որ դա կարող է ավելի հնարավոր լինել։

Սա մեզ մեկ անգամ ևս հուշում է, որ մեր դիվանագիտությունն ընդհանրապես պետք է կարողանա մեծ տերությունների շահերը շատ լավ վերլուծել, հասկանալ և մեր քաղաքականությունն այնպես կառուցել, որ մեր ու նրանց շահերը համընկնեն, գոնե ժամանակավոր։ Եվ դրանից մենք պետք է օգուտներ ստանանք։

Իսկ եթե կոնկրետ Ցեղասպանության ճանաչման խնդրին վերադառնանք, այո՛, ԱՄՆ նախագահի կողմից Ցեղասպանության ճանաչումը կնշանակի, որ այդ գործընթացն ավարտվում է ԱՄՆ-ում։ Իսկ սա օրինակ կարող է ծառայել շատ երկրների համար։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am