«Արցախում Սերժ Սարգսյանի ազդեցությունը հիմա ավելի մեծ է, քան Քոչարյանինը». Տիգրան Գրիգորյան

«Արցախում Սերժ Սարգսյանի ազդեցությունը հիմա ավելի մեծ է, քան Քոչարյանինը». Տիգրան Գրիգորյան
«Արցախում Սերժ Սարգսյանի ազդեցությունը հիմա ավելի մեծ է, քան Քոչարյանինը». Տիգրան Գրիգորյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության գործադիր մարմնի անդամ Տիգրան Գրիգորյանը:

– Պարոն Գրիգորյան, գրեթե մեկ տարի կա Արցախի նախագահական ընտրություններին, բայց այդ հարցով արդեն քննարկումներ են ընթանում: Որպես հավանական թեկնածուներ անուններ են շրջանառվում՝ Վիտալի Բալասանյան, Սամվել Բաբայան, Արայիկ Հարությունյան: Ի՞նչ է կատարվում:

– Այո՛, դուք իրավացի եք, կարելի է ասել՝ նախընտրական պայքարն Արցախում արդեն սկիզբ է առել: Պետք է առաջին հերթին նշել նախկին վարչապետ, պետնախարար Արայիկ Հարությունյանի անունը, ով արդեն սկսել է իր նախընտրական քարոզարշավը: Մենք տեսնում ենք, թե ինչպես է նա ակտիվացել Ֆեյսբուքում, հանդիպումներ է ունենում տարբեր համայնքներում, համալսարանների և այլ կրթական հաստատությունների ուսանողադասախոսական կազմի հետ, խոսում է ինչ-որ բարեփոխումների ծրագրերի մասին և այլն:

Իշխանական ուժայինների թևից ամենայն հավանականությամբ Վիտալի Բալասանյանը կլինի թեկնածու, և ամենայն հավանականությամբ նրան կաջակցեն Արցախի մյուս բոլոր հայտնի ուժայինները: Սամվել Բաբայանը, ինչպես հայտնի է, ընտրությունների մասնակցության հետ կապված լուրջ խոչընդոտներ ուներ: Քանի որ նա 10 տարի չի բնակվել Արցախում և չունի Արցախի գրանցում, այդ իսկ պատճառով ստորագրահավաք է նախաձեռնել՝ Սահմանադրության մեջ փոփոխություն մտցնելու և այդ 10 տարվա սահմանափակումը հանելու կապակցությամբ: Դրա համար նրան պետք է 10 հազար ստորագրություն, այնուհետև Ազգային ժողովի 2/3-ը պետք է հաստատեն Սահմանադրության հանրաքվեն:

Կարծում եմ՝ բարդ է լինելու նրա համար, գրեթե անիրականանալի խնդիր է դրված իր առաջ: Կարծում եմ՝ վերոնշյալ թեկնածուներից բացի, ընդդիմադիր դաշտում ևս կհայտնվեն մարդիկ, ովքեր կկարողանան մարտահրավեր նետել իշխանության գործող թեկնածուներին: Եվ կարծում եմ՝ դեռևս անակնկալներ լինելու են, քանի որ դեռ մեկ տարի կա: Եվ միգուցե որոշ թեկնածուների այդպիսի վաղաժամ ակտիվությունը նույնիսկ կարող է վնասել իրենց:

– Ինչո՞վ եք բացատրում նախընտրական քարոզչությունը վաղ սկսելը:

– Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին ամեն ինչ որոշվում էր մեկ կենտրոնից՝ Բաղրամյան 26-ից, որտեղից նշանակում էին իշխանական թեկնածու: Եվ Արցախի իշխանական բուրգի բոլոր ներկայացուցիչները հոժարակամ աջակցում էին այդ մեկ թեկնածուին և ինքնուրույն քաղաքականությամբ զբաղվելու որևէ հնարավորություն չունեին:

Հայաստանում թավշյա հեղափոխության հաղթանակից հետո այդ բոլոր քաղաքական ուժերը, որոնք իշխանական էլիտայի մաս են կազմում, հնարավորություն են ստացել ինքնուրույն քաղաքականություն վարելու, և բոլորը լուրջ հավակնություններ ունեն: Կարծում եմ՝ այս ակտիվությանը նպաստող կարևոր հանգամանք է այն, որ նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են նույն օրը՝ հաջորդ տարվա ապրիլին, և փաստորեն հավելյալ ծախսեր պետք չեն ընտրարշավ անելու համար:

Այսինքն՝ բոլոր այն ուժերը, որոնք մասնակցելու են խորհրդարանական ընտրություններին, կարող են նաև ունենալ նախագահի թեկնածու: Ինչ վերաբերում է ընտրարշավի վաղաժամ մեկնարկին, կարծում եմ՝ նույն Արայիկ Հարությունյանի պարագայում նա հասկանում է, որ իր կուսակցության մի մասը փաստորեն ոչ թե իրեն սատարող մարդիկ են, այլ այդ մարդիկ իր կուսակցությունում են հայտնվել ադմինիստրատիվ ռեսուրսի շնորհիվ, քանի որ իր կուսակցությունը նշանակել է իշխանական կուսակցություն: Եվ հիմա նա փորձում է նոր թիմ հավաքել:

Բացի դա, նա փորձում է տեղերում նոր կառույցներ ստեղծել, իմ տվյալներով՝ ֆինանսական լուրջ ռեսուրսներ են օգտագործում: Նույնը վերաբերում է նաև ուժայինների թևին: Չնայած ես կարծում եմ, որ նրանք կարող են միավորվել, այսինքն՝ ուժայինները կարող են աջակցել Արայիկ Հարությունյանին՝ ինչ-որ արտոնություններ ու պաշտոններ ստանալու համար: Բայց նրանք էլ փորձում են մոբիլիզացնել իրենց կողմնակիցներին, խոսքը մասնավորապես պաշտոնաթող և գործող սպաների մասին է:

– Հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի ակտիվությունը Հայաստանում՝ հնարավոր տարբերակ համարո՞ւմ եք, որ Արցախում նախագահական ընտրություններում կարող է քոչարյանական բևեռ ձևավորվել:

– Արցախի իշխանությունները Քոչարյանին սատարում են, բայց չեմ կարծում, թե Քոչարյանը կարող է Արցախում որևէ ուժ ղեկավարել: Կարող են ինչ-որ հարցերում համագործակցել, կարող են տարբեր նպատակներով օգտագործել Քոչարյանի գործոնը, բայց պետք է նշել, որ Արցախում Սերժ Սարգսյանի ազդեցությունը հիմա ավելի մեծ է, քան Քոչարյանինը: Մենք տեսանք, որ Ստեփանակերտում Ռոբերտ Քոչարյանին սատարող հանրահավաքին շատ քիչ մարդ էր հավաքվել: Ընդ որում, որոշ վարչական ռեսուրսներ օգտագործվել էին, բայց էլի չէին կարողացել մարդ հավաքել: Տեսել ենք, որ նրա գրքի քննարկմանը ղարաբաղյան ողջ էլիտան ներկա է եղել, բայց չեմ կարծում, որ սա կարելի է ներկայացնել փաստ, որ նրանք Քոչարյանի կողմից են ղեկավարվում:

– Բայց սատարո՞ւմ են:

– Գրքի քննարկմանը բավական հետաքրքիր իրավիճակ է եղել՝ իրենք չեն գնացել, իրենց կանանց են ուղարկել: Բակո Սահակյանի կինն է ներկա եղել, Աշոտ Ղուլյանի կինը: Ներկա են եղել նաև Բակո Սահակյանի աշխատակազմի ղեկավարը, Ստեփանակերտի քաղաքապետը, նախարարներ, պատգամավորներ: Կարելի է դա որպես աջակցություն համարել, որովհետև պարզ է, որ Քոչարյանի գրքի քննարկումը գրական միջոցառում չէր, այլ քաղաքական իրադարձություն էր: Այսինքն՝ վախվորած կերպով աջակցել են:

– Հաշվի առնելով Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը, հնարավոր տարբերակ համարո՞ւմ եք, որ Արցախում ընտրությունների ժամանակ տեղի բնակչությունը կմերժի գործող իշխանությունների կողմից սատարվող ուժերին ու թեկնածուներին: Հնարավո՞ր է Արցախում էլ իշխանությունը անցնել ընդդիմությանը, այսինքն՝ իշխանափոխություն լինել, բայց ընտրությունների միջոցով:

– Այո՛, կարծում եմ, այդպիսի հնարավորություն կա: Եթե խոսքը վերաբերում է գործող իշխանական թեկնածուներին, նրանք միգուցե որոշակի վարկանիշ ունեն, բայց ունեն նաև շատ մեծ հակավարկանիշ: Եվ եթե ընդդիմադիր դաշտում հայտնվեն այնպիսի թեկնածուներ, որոնք վայելում են ժողովրդի աջակցությունը, ունեն բավական փորձ ու գիտելիքներ, թեկուզ զիջելով ֆինանսական հնարավորությունների հարցում, հնարավորություն ունեն հաղթելու 2020 թվականի ընտրություններում:

Այդպիսի գործիչներ կան, բայց դեռ չգիտենք՝ նրանք մասնակցելու են ընտրություններին, թե՞ ոչ: Իսկ զուտ ռեսուրսների առումով մեծ հնարավորություններ ունեն իշխանության թեկնածուները, որոնք վերահսկում են երկրի բոլոր ռեսուրսները, և այդ առումով դժվար է լինելու մրցակցել:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am