2018-ից հետո հերթական ընտրություններն են, որտեղ ընտրությունը վատի ու վատագույնի միջև է լինելու. Գարեգին Միսկարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «+374» քաղաքական ինքնորոշման ակումբի նախագահ Գարեգին Միսկարյանը

– Պարո՛ն Միսկարյան, քարոզարշավի մեկնարկն արդեն տրված է, քաղաքական ուժերի հայտարարությունները բովանդակային առումով ինչպե՞ս եք գնահատում:

– Ցավով պետք է նշեմ, որ 2018-ից հետո հերթական ընտրություններն են, որտեղ ընտրությունը վատի ու վատագույնի միջև է լինելու: Մեղավորներ փնտրելու կամ մեղադրելու համար չեմ ասում, բայց սա լուրջ խնդիր է, այսինքն՝ մենք դեռ այդքան չենք հասունացել որպես ժողովուրդ, որ ի վիճակի լինենք ձևավորել քաղաքական այնպիսի պահանջ կամ օրակարգ, որը դուրս կլինի այս արատավոր շրջանից ու պետությունն իրապես կհանի այս բարդ իրավիճակից: 

Եթե ուշադիր հետևենք ընտրապայքարի բովանդակությանը, ոճին, թեզերին, առաջարկներին, ապա կտեսնենք, որ մեծ հաշվով ոչ թե առաջարկների պայքար է, այլ փոխադարձ հայհոյանքների, հերյուրանքների պայքար է: Բայց հաշվի առնելով մեզանում առկա մթնոլորտն ու իրավիճակը՝ կատարվողն օրինաչափ է, ու սա նաև ցուցիչ է, որ իրական քաղաքական առաջարկ չկա:

– Այսինքն՝ այդ 19 քաղաքական ուժերից մեկին չե՞ք տեսնում, որ իրական քաղաքական օրակարգ ներկայացնի հանրությանը:

– Որպեսզի այդ ուժը լիներ, ապա այն պետք է եթե ոչ առաջինը, գոնե երկրորդը լիներ, իր առաջարկը պետք է այդքան պահանջված լիներ, իսկ այն, ինչ մենք տեսնում ենք դաշտում, այն չէ, ինչը կարելի է առաջարկ համարել: Այսինքն՝ ես չեմ ասում, թե այդ 19-ն էլ վատն են, հայհոյախոսում են, բայց այն, որ այդ մարդիկ սոցհարցումների համաձայն վերջին տեղերում են, դա նշանակում է, որ իրենք լավը չեն, լավը չեն ոչ թե գաղափարի, առաջարկի տեսանկյունից, այլ այնքան չկան, որ հասնեն հասարակությանը ու կարողանան ներկայացնել այն, ինչն իրապես կարող է համախմբել հասարակությանը: 

Ես վստահ եմ, որ կա գաղափարական ուժի հասարակական պահանջ, բայց այդ մարդիկ կա՛մ բավարար գաղափարական չեն, կա՛մ նրանց պատկերացումները գաղափարական առաջարկի վերաբերյալ այդքան էլ մոտ չէ նրան, ինչը պետք է անել: 

– Գործող իշխանության առաջարկը՝ տեր կանգնել խաղաղությանը, չի՞ կարող համախմբել հասարակության լայն զանգվածի:

– 1994-ի զինադադարից հետո Հայաստանում երբեք էլ պատերազմի քարոզ չի եղել, այսինքն՝ ասել, որ այդ խաղաղության օրակարգը նոր է առաջ մղվել, այդպես չէ: Ես կասեմ ավելին, այս առաջարկի մեջ ոչ մի նոր բան չկա, բացարձակ ոչ մի, միակ տարբերությունը նախորդների համեմատ այն է, որ նախկինում հողի կռիվ էր ու պայքար, ու այդ հողը Հայաստանի տարածքն էր, Արցախն ու այսպես կոչված անվտանգության գոտին՝ յոթ շրջանը, հիմա՝ առանց դրանց, բայց էլի նույն բովանդակությունն ու մոտեցումն են, այսինքն՝ գաղափարական առումով բացարձակ ոչ մի նորություն չկա այդ առաջարկի կամ օրակարգի մեջ: Հենց սրա մեջ է ողբերգությունը: 

Նախկինում ուղղակի տարածքներն ու դրանց պաշտպանությունը օրվա իշխանությունները կապում էին Ռուսաստանի հետ, ներկա իշխանությունները կապում են Եվրոպայի հետ: Սա գուցե ռազմավարական առումով տարբեր է, բայց փիլիսոփայական ու գաղափարական առումով ոչ մի տարբերություն չկա, դու եթե տեր ես ընտրում, ապա տեր ես փնտրում, ու կապ չունի, թե այդ տերը որտե՛ղ է, ո՛վ է: 

Ինչպես նախկինների խաղաղության օրակարգն էր փուչ, ու մենք տեսանք, թե ինչ եղավ վերջում, կարող է պարզվել նաև, որ Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգը ևս փուչ է, ու սրա հետևում ոչ մի պաշտպանական կարողություն չկա, այսինքն՝ ոչինչ չենք անում, որ այդ խաղաղությունը լինի կայուն ու ամուր, ինչպես առաջ չի արվել: Այսինքն՝ թեզը, որ Նիկոլ Փաշինյանը խաղաղություն է բերում, ընդամենը օրակարգ է, որ մատուցվում է հասարակությանը, կլինի՞ խաղաղություն, թե՞ չի լինի, դա կախված չէ Նիկոլ Փաշինյանից: 

– Նիկոլ Փաշինյանը վերջին երկու օրերին կրկին խոսում է այսպես ասած թալանի վերադարձի, բոլորին պատժելու մասին, մասնավորապես խոսում է Գագիկ Ծառուկյանի որդու, դստեր, փեսայի մասին: Ինչո՞վ եք բացատրում սա:

– Դրանք հերթական պոպուլիստական հայտարարություններ են, Փաշինյանը՝ որպես վարչապետ, ոչ մի լիազորություն չունի Ծառուկյանի որդու հետ կապված որևէ գործառույթ իրականացնելու, նա չէ Ծառուկյանի որդուն բռնողը: Ոչ վաղ անցյալում Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում անուղղակի հրահանգ տվեց համակարգին Հատիսը ամեն գնով նվիրել Ծառուկյանին: 

Չեմ կարծում, թե Ծառուկյանը փոխվել է, այսինքն՝ դա նույն Ծառուկյանն է, ոչինչ չի փոխվել, հետևաբար ես սա գնահատում եմ հերթական պոպուլիստական դրսևորում, որպեսզի հաճոյանա ժողովրդին, թե տեսեք-տեսեք՝ ոչ մի ձուկ, ոչ մի մուկ չի պլստալու: Հասարակությունը տենչում է արդարության, ու նմանատիպ հայտարարություններով փորձ է արվում ցույց տալ մարդկանց, թե մենք արդարությունը կվերականգնենք: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am