Հայաստանի Հանրապետության վերականգման հայեցակարգ․ խոշտանգումներ և խտրականություն

Հայաստանի Հանրապետության վերականգման հայեցակարգ․ խոշտանգումներ և խտրականություն
Հայաստանի Հանրապետության վերականգման հայեցակարգ․ խոշտանգումներ և խտրականություն

Տարիներ շարունակ Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված ամենացավոտ խնդիրներից են խոշտանգումներն ու խտրականությունը։

Հայաստանյան մի շարք հեղինակավոր հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության վերականգմանն ուղղված անհրաժեշտ բարեփոխումների հայեցակարգում» վեր են հանվում Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման հետ կապված հարցերը և բերվում առաջարկություններ, թե ինչպես կարելի է հաղթահարել այս խնդիրները։

Խոշտանգումներ

Ցանկացած մարդ ունի խոշտանգումից և այլ վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունք։ ՀՀ քրեական օրենսգիրքը, սակայն, սահմանում է միայն խոշտանգման հանցագործությունը, իսկ այլ դաժան, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը և պատիժը չի քրեականացվել:

Ըստ հայեցակարգի հեղինակների, Հայաստանում մինչ օրս որևէ պաշտոնատար անձ չի դատապարտվել խոշտանգում կատարելու համար, չնայած որ մարդու իրավունքների կազմակերպությունների զեկույցները վկայում են, որ խոշտանգումը կամ այլ վատ վերաբերմունքը մեծամասամբ տեղի է ունենում ձերբակալման և հարցաքննության ընթացքում:

Ըստ այդմ, հայեցակարգում առաջարկվում է քրեականացնել վատ վերաբերմունքը և ապահովել, որ նման հանցագործություն գործած անձանց համար բացառվի ներման և համաներման կիրառումը։ Անհրաժեշտ է նաև բացառել խոշտանգումների միջոցով ձեռք բերված ապացույցների օգտագործումը քրեական հետապնդման ցանկացած փուլում, իսկ ազատությունից զրկման վայրերում խոշտանգումները բացառելու նպատակով առաջարկվում է ներդնել ձայնա և տեսանկարահանման միջոցներ։ Բացի սա, անհրաժեշտ է նաև օրենսդրորեն ամրագրել խոշտանգման զոհի՝ հատուցում ստանալու իրավունքը և պետության պարտավորությունը՝ տրամադրել այդ փոխհատուցում անկախ տուժածի մեղավոր կամ անմեղ լինելուց։

Խտրականություն

Հայաստանը, ըստ հայեցակարգի հեղինակների, չունի համապարփակ և արդյունավետ հակախտրականության օրենսդրություն, և տարիներ շարունակ խտրականության ենթարկված անձինք զրկված են եղել արդյունավետ իրավական պաշտպանության միջոցներից, իսկ խտրականության դեպքերը մնացել են անպատիժ:

Հայեցակարգում նշվում է, որ ՀՀ գործող օրենսդրությունը չի սահմանում խտրականություն եզրույթը, իսկ ընթացակարգային օրենքները խոչընդոտում են խտրականության դեպքերի արդյունավետ հետապնդմանը:

Բացի սա, սահմանափակ է ինստիտուցիոնալ խտրականության զոհերի համար արդարադատության մատչելիությունը, քանի որ հասարակական կազմակերպությունները չեն կարող նրանց անունից հայց ներկայացնել դատարան: Բացակայում են նաև խտրականության կանխարգելման և հավասարության խթանման արդյունավետ մեխանիզմները, քանի որ օրենսդրությունը չի սահմանում կենտրոնական և տեղական իշխանությունների դրական պարտականություններն այս առումով:

Ըստ այդմ, առաջարկվում է ընդունել հակախտրականության օրենսդրության մասին համապարփակ և արդյունավետ օրենք, որը կապահովի խտրականության ենթարկված անձանց պաշտպանության, արդարադատության մատչելիության և իրավունքների վերականգնման արդյունավետ մեխանիզմներ, ինչպես նաև թույլ կտա ՀԿ-ներին հանրային շահի պաշտպանության հայցեր ներկայացնել խտրականության դեպքերով։

Առաջարկվում է նաև սահմանել կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթները և պրոակտիվ պարտականությունները խտրականության կանխարգելման և հավասարության խթանման ուղղությամբ և հիմնել անկախ և արդյունավետ հավասարության ազգային մարմին։

Ընդհանուր առմամբ, «Հայաստանի Հանրապետության վերականգմանն ուղղված անհրաժեշտ բարեփոխումների հայեցակարգը» բավական ծավալուն փաստաթուղթ է, որի հիմնական շեշտադրումներից մեկը, թերևս, այն է, որ քաղհասարակությունը պետք է մասնակցի երկրի համար կարևոր հարցերի քննարկմանը՝ օրենսդիր և գործադիր իշխանությունների հետ միասին։

Մեր նախկին հրապարակումներում մենք արդեն անդրադարձել ենք հայեցակարգի՝ կրթության,  կոռուպցիայի դեմ պայքարիդատական համակարգի և իրավապահ մարմինների վերաբերյալ հատվածներին։

Աղբյուրը՝ uicarmenia.org