Նրանք, ովքեր Քոչարյանի կողքին կանգնել են առաջին օրից, մեղադրում են, որ թույլ են տվել իրենց շարքեր սողոսկեն Միքայել Մինասյանի ու Սերժ Սարգսյանի ագենտները․ Ստյոպա Սաֆարյանի գրառումը

Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Դատելով վառ ընդգծված քոչարյանական համակիրների գրառումներից, թիմում լրջագույն տարաձայնություններ են առաջ եկել նախկինում թույլ տված սխալների ու քայլերի, ինչպես նաև մանդատներ վերցնել-չվերցնելու խնդրի շուրջ։

Նրանք, ովքեր Քոչարյանի կողքին կանգնել են առաջին օրից, մեղադրում են, որ թույլ են տվել իրենց շարքեր սողոսկեն Միքայել Մինասյանի ու Սերժ Սարգսյանի ագենտները, որոնք կարողացել են ուղղորդել նախկինում կատարած քայլերը ու սխալ տեղ տանել։

Էլ ավելի դաժան է մանդատները վերցնելու-չվերցնելու պատմությունը։ Նույն շրջանակները պնդում են, որ դաշինքը պետք է հրաժարվի մանդատներից ու խորհրդարան չգնա։ Սակայն դաշինքով անցածների մեջ առկա են մարդիկ, որոնց պատգամավորական անձեռնամխելիությունը օդ ու ջրի նման անհրաժեշտ է, ոմանց համար է՝ ի սկզբանե պատգամավոր դառնալն է եղել վերջնանպատակը։

Այս իրավիճակում ներքին տարաձայնությունները կոծկելու համար էլ ընդունվել է անհասկանալի որոշումը՝ “վերցնում ենք մանդատները, բայց գնում ենք փողոց”։ Իրականում, սա այդ ներքին ճեղքվածքը թաքցնելու փորձ է, քանի որ 27 մանդատ ստացողից դուրս թիմից մնացածը հարյուրներով ու հազարով փողոցում են, այնպես որ փողոցը մանդատով չէին բրոնյա անելու, սա բոլորն են հասկանում։

Հենց դրանով են պայմանավորում Անտինիկոլի ու Ադեկվադի հեռացումը քաղաքականությունից, քանի որ թիմի ներսում ներքին փոխադարձ անհանդուրողականությունը հասել է կրիտիկական կետի։Ի վերջո, հաջորդ լրջագույն խնդիրը ի հայտ է եկել, երբ ընտրություններից հետո թիմն ավելի շատ է հասկացել, որ Քոչարյանը ռուսական դաբրոներ չի ունեցել ու չունի․ մի բան, որը հերքելու համար քվեարկությունից օրեր առաջ թիմակիցների շրջանակներում տարածել էին, թե Մոսկվայից ու ֆսբ-ից ահագին մարդ է եկել, ԿԸՀ-ում Մուկուչյանի հետ պայմանավորվել են և Նիկոլ Փաշինյանն անակնկալի է գալու, երբ հայտնաբերի, որ քվեարկությունն ու ԿԸՀ որոշումն իր օգտին չեն։

Ավելին, այստեղ այնտեղ տարածել էին՝ մտերիմներին խորհուրդ տալով չթողնել, որ իրենց երեխաները տանից դուրս գան, քանի որ ետընտրական զարգացումներ են լինելու ֆսբ-ի մասնակցությամբ։ Այժմ, այդ հեքիաթները լսածներն ավելի ու ավելի են համոզվեվել, որ իրենց ընդամենը հիմարացրել են ու Քոչարյանը բլեֆի է գնացել։