Բժշկական կենտրոնում մահացած երեխայի գործը առաջին ատյանի դատարանում

Բժշկական կենտրոնում մահացած երեխայի գործը առաջին ատյանի դատարանում
Բժշկական կենտրոնում մահացած երեխայի գործը առաջին ատյանի դատարանում

2014 թ. հունվարի 31-ին` ժամը 15:30-ին, ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է 2012 թ. սեպտեմբերի 4-ին Արաբկիր բժշկական կենտրոնում մահացած Էլեն Փարսադանյանի գործով դատական նիստ:

Է. Փարսադանյանի մայրը և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբանները, ովքեր հանդիսանում են Լուսինե Փարսադանյանի ներկայացուցիչները, պահանջում են ՀՀ ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնի քննիչ Գ. Ռ. Ագաջանյանի նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնել:

2011 թ. հունիսի 8-ին ծնված Էլեն Փարսադանյանը 2012 թ. օգոստոսի 5-ին տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ նրա մոտ ախտորոշվել է էտապային զարգացման հապաղում, սուր շնչառական վարակ, սուր բրոնխիտ և մի շարք այլ հիվանդություններ: Ս. Գր. Լուսավորիչ բժշկական կենտրոնում Էլենը գտնվել է մոտ 10 օր: Բժշկական կենտրոնում Է. Փարսադանյանը, ըստ իր մոտ ախտորոշված հիվանդությունների, չի ստացել պատշաճ բժշկական օգնություն և սպասարկում, բժշկական կենտրոնում գտնված ժամանակահատվածում նրա ստացած դեղորայքն ուղղված չի եղել իր մոտ ախտորոշված հիվանությունների բուժմանը:

Ս. Գր. Լուսավորիչ բժշկական կենտրոնից Է. Փարսադանյանի դուրս գրումից հետո տեղամասային պոլիկլինիկան Արաբկիր բժշկական կենտրոնում բուժվելու ուղեգիր է տվել և օգոստոսի 24-ին Է. Փարսադանյանին մայրը տեղափոխել է Արաբկիր բժշկական կենտրոն, որտեղ, ինչպես և Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում, Է. Փարսադանյանը չի ստացել պատշաճ բժշկական օգնություն: Արաբկիր բժշկական կենտրոնում բուժում ստանալու 10-րդ օրը Էլեն Փարսադանյանը մահացել է:

Երեխայի մահից ամիսներ անց` 2013 թ. հունվարի 29-ին, Է. Փարսադանյանի մայրը` Լ. Փարսադանյանը, ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել: Վարույթն իրականացնող մարմնի կողմից նշանակվել է դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն, որը սակայն կատարվել է մի շարք խախտումներով և թերություններով, մի շարք հարցեր, որոնք էական նշանակություն ունեն գործի բացահայտման համար, մնացել են առանց բացահայտման: Բացի այդ` չնայած բազմաթիվ դիմումների՝ Լ. Փարսադանյանը մինչև օրս չի ճանաչվել տուժողի իրավահաջորդ:

Դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո վարույթն իրականացնող մարմինը կայացրել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում՝ արդյունքում չբացահայտված թողնելով Է. Փարսադանյանի կյանքի իրավունքի խախտման հանգամանքները: Սույն գործով չի իրականացվել պատշաճ քննություն պետության վերահսկողության ներքո գտնվող հաստատությունում անձի կյանքի իրավունքի խախտման փաստի շուրջ:

Այսպիսով, հունվարի 31- ին Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  նշանակված է այս գործով երրորդ դատական նիստը:

Այս մասին տեղեկացնում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: 

© Medialab.am