Վերջին ժամանակահատվածում արձանագրված մի շարք ինքնասպանության դեպքեր ուղղակի առնչություն ունեն պատերազմի արդյունքում անձանց մոտ առաջացած հոգեբանական խնդիրների հետ․ Դատախազություն

Դատախազության գործառույթների իրականացման շրջանակում պարզվել է, որ վերջին ժամանակահատվածում արձանագրված մի շարք ինքնասպանության և ինքնասպանության փորձ կատարելու դեպքեր ուղղակի առնչություն ունեն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ 2020թ.-ին սանձազերծված պատերազմի արդյունքում անձանց մոտ առաջացած հոգեբանական խնդիրների հետ:

Մասնավորապես,  2021թ. մայիսի 3-ին Երևան քաղաքի Հալաբյան փողոցի շենքերից մեկում կատարված ինքնասպանության դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 1975թ.-ին ծնված անձը, որը պատշգամբից նետվելու միջոցով ինքնասպանություն է գործել, որպես դիպուկահար, կամավորական հիմունքներով «Աջափնյակ» ջոկատի կազմում մասնակցել է 44-օրյա պատերազմին, գտնվել Հադրութում, Մարտակերտում՝ ողնաշարի և ոտքի շրջաններում ստանալով մարմնական վնասվածքներ: Պարզվել է, որ վերջինս մարտի դաշտում բազմաթիվ զոհեր է տեսել, կորցրել ընկերներին, պատերազմից վերադառնալուց հետո գտնվել դեպրեսիոն հոգեվիճակում, անընդհատ օգտագործել ալկոհոլ և 2021թ.-ի մարտ և ապրիլ ամիսներին ինքնասպանություն գործելու փորձեր կատարել: 

Մեկ այլ՝ 2021թ. մայիսի 10-ին  Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի շենքերից մեկում բնակարանի պատուհանից նետվելու միջոցով կատարված ինքնասպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանկաում պարզվել է, որ ինքնասպանություն գործած անձի որդին՝ ժամկետային զինծառայողը, մասնակցել է 44-օրյա պատերազմին՝ լինելով ամենաթեժ կետերում՝ Շուշիում, Լիսագորում, Քարինտակում: Պատերազմի ընթացքում որոշ ժամանակ որդուց որևէ տեղեկություն չունենալով, տեղյակ լինելով նրա ընկերների զոհվելու մասին, հայրն այցելել է տարբեր դիահերձարաններ՝ փորձելով որոնել ու գտնել նրա դիակը, որի արդյունքում հոգեկան ներաշխարհը խաթարվել է: 

Բացի այդ, 2021թ. ապրիլի 26-ին Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի շենքերից մեկի բնակիչ, 1993թ. ծնված անձը զանգահարել է ԱԻՆ և հայտնել, որ կյանքին վերջ տալու նպատակով գտնվում է Երևան քաղաքի «Կիևյան» կամրջի մոտ: Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի ընթացքում նա բացատրություն է տվել այն մասին, որ կամավորական հիմունքներով մասնակցել է 2016թ. ապրիլյան և 2020թ. Արցախյան երկրորդ պատերազմի ռազմական գործողություններին: Պատերազմի ավարտից հետո չի կարողանում քնել, աչքերին զոհված զինծառայողների դիակներ են երևում, մշտապես վախի զգացողություն ունի, չի կարողանում քնել ու ապրելու ցանկություն չունի: 

Այսինքն՝ պատերազմը, ինչպես օրինաչափորեն բնորոշ է նմանատիպ իրավիճակներին, բացասական ազդեցություն է գործում մարդկանց, հատկապես պատերազմի մասնակիցների, զոհերի և անհայտ կորած անձանց ընտանիքների անդամների՝ պատերազմի, որպես սոցիալական արհավիրքի, աղետաբեր հետևանքների անմիջական կրողների հոգեկան առողջության վրա՝ հանգեցնելով տարբեր հոգետրավմատիկ իրավիճակների, ընդհուպ՝ հոգեբանական տարբեր խանգարումների: Հոգեբանական նշված խնդրի ազդեցությունը կարող է լինել բավականին երկարատև և դժվար հաղթահարելի, եթե դրա չեզոքացման համար ձեռնարկվող միջոցառումները չլինեն բազմակողմանի և համալիր, այսինքն նշված անձինք առանձնահատուկ հոգածության կարիք ունեն: 

Հոգեբանական վերոնշյալ խնդիրների պատճառների և հետևանքների վերլուծությունը, ինչպես նաև դրանց լուծմանն ուղղված գործողությունները ՀՀ դատախազության համար էական են՝ հաշվի առնելով հետպատերազմյան ողբերգական հետևանքները նվազագույնի դարձնելու անհրաժեշտությունը: 

Ելնելով վերոնշյալից, խնդրի լուծման հրատապությունից և սոցիալական նշանակությունից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գրությամբ դիմել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարին և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ առաջարկելով վերը թվարկված դեպքերը քննարկման առարկա դարձնել պատերազմի հետևանքով առաջացած հոգեբանական խնդիրների լուծմամբ զբաղվող մասնագիտական շրջանակների հետ, առավել արդյունավետ և ընդգրկուն դարձնել պատերազմական գործողություններին անմիջական մասնակցություն ունեցած և նրանց ընտանիքների անդամներին տրամադրվող հոգեբանական և հոգեբուժական առաջնային օգնությունը: Առաջարկվել է նաև ընդլայնել հոգեկան առողջության պահպանմանն ուղղված ծառայությունների տրամադրումը: