Վարդաձորում կիրականացվի սուբվենցիոն երկու ծրագիր

Գեղարքունիքի մարզի Վարդաձոր համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում վեց փողոցներում կկառուցվի ջրահեռացման համակարգ, կհիմնանորոգվեն կամ կվերակառուցվեն խմելու ջրատարի արտաքին եւ ներքին ցանցերը:

Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ ջրահեռացման համակարգի կառուցման ընդհանուր նախնական արժեքը կազմում է 12 միլիոն 694 հազար դրամ, որից 7 միլիոն 694 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 5 միլիոն դրամը՝ Վարդաձորի համայնքապետարանը:

Խմելու ջրատարի արտաքին ու ներքին ցանցերի վերակառուցման եւ հիմնանորոգման ծրագրի ընդհանուր նախնական արժեքը կազմում է 27 միլիոն 845 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 19 միլիոն 491 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 8 միլիոն 353 հազար դրամը՝ Վարդաձորի համայնքապետարանը:

Վարդաձոր համայնքի ղեկավար Ռոբերտ Սիրականյանի տեղեկացմամբ՝ ջրահեռացման համակարգը կկառուցվի 772 մետր ընդհանուր երկարությամբ, երկաթյա կիսախողովակներով: Համայնքի խմելու ջրատարի արտաքին ցանցը կվերակառուցվի գլխամասային աղբյուրների մոտ, 1880 մետր երկարությամբ, ինչի արդյունքում կավելացվի համայնքին մատակարարվող ջրի քանակությունը:Կվերակառուցվի նաեւ օրվա կարգավորիչ ջրամբարից սնվող արտաքին ցանցը 374 գծամետր երկարությամբ, իսկ ներքին ցանցը կհիմնանորոգվի «Շահենի դար» կոչվող թաղամասում, 966 մետր երկարությամբ:

«Համայնքի համար շատ կարեւոր խնդիրներ են լուծվում: Վեց փողոցներում կառուցվող ջրահեռացման համակարգը միաժամանակ բարելավում է ոռոգման ջրի մատակարարումը: Իսկ խմելու ջրատարի արտաքին ու ներքին ցանցերի վերակառուցման ու հիմնանորոգման արդյունքում կբարելավվի նաեւ խմելու ջրի մատակարարումը: Ջրահեռացման համակարգի կառուցման մրցույթը հայտարարված է, իսկ երկրորդ ծրագրի մրցույթը կհայտարարվի առաջիկայում»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:

Այս մասին հայտնում են ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանից։