Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի կալանքը երեք ամսով երկարաձգվել է

Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, 3 ամսով երկարաձգել է ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի կալանավորման ժամկետը։

Հիշեցնենք` օգոստոսի 30-ին Միքայել Արզումանյանը ձերբակալվեց Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու մեղադրանքով։

Ըստ ՔԿ-ի` գեներալ-լեյտենանտը 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 9-ը Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք, ինչը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Նշենք, որ Արզումանյանը ՊԲ հրամանատար նշանակվեց 44-օրյա պատերազմի վերջին փուլում՝ 2020թ. հոկտեմբերի 27-ին` փոխարինելով Ջալալ Հարությունյանին, պաշտոնից ազատվեց 2021թ. սեպտեմբերին։

Գեներալ-լեյտենանտ Մ․Ա․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով և 376-րդ հոդվածի 3-րդ մասով: