Հայ բռնցքամարտիկները Թաիլանդում մասնակցում են օլիմպիական վարկանիշային վերջին մրցաշարին

Հայաստանի բռնցքամարտի կանանց և տղամարդկանց հավաքականները Թաիլանդում մասնակցում են Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար վարկանիշային վերջին մրցաշարին:

Արդեն կայացել է մրցաշարի վիճակահանությունը։ Մայիսի 24-ին` մրցումների առաջին օրը, հայ մարզիկներից ռինգ դուրս կգան Արթուր Բազեյանը (57 կգ) և Գուրգեն Մադոյանը (71 կգ)։ Բազեյանը կմենամարտի Մարոկկոյի ներկայացուցչի հետ, իսկ Գուրգեն Մադոյանի մրցակիցը կլինի Հունաստանը ներկայացնող բռնցքամարտիկը:

Հայաստանի կանանց թիմի կազմում ընդգրկված են Անուշ Գրիգորյանը (52 կգ), Եկատերինա Սիչևան (54 կգ) և Անի Հովսեփյանը (66 կգ), իսկ տղամարդկանց թիմում օլիմպիական ուղեգրերի համար կպայքարեն նաև Բարեղամ Հարությունյանը (51 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) և Դավիթ Չալոյանը (92+):

Փարիզի Օլիմպիական խաղերը կկայանան հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Հայ բռնցքամարտիկները դեռևս ՕԽ ուղեգիր չեն նվաճել: