Իշխանությունը պարտավոր է ներկայացնել, թե այդ ի՛նչ 100 տոկոսանոց հայանպաստ փաստաթուղթ է, որը գաղտնի է պահվում ժողովրդից. Նորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է փաստաբան, «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը

– Պարո՛ն Նորիկյան, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չհերքեց, որ պատրաստվում է ևս մեկ եռակողմ փաստաթուղթ ստորագրել, սակայն նշեց, որ կոռեկտությունից ելնելով՝ չի կարող հրապարակել այն: Սա ճի՞շտ մոտեցում է, երկրի ղեկավարն իրավունք ունի՞ ստորագրել մի փաստաթուղթ, որի բովանդակությանը ոչ ոք ծանոթ չէ:

– Խնդիրը լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն ունի, բայց որքան հասկանում եմ այսօրվա հայտարարություններից, չի կարող միակողմանի հայտարարություն ստորագրվել, ավելին՝ սահմանների ճշգրտման և սահմանազատման համար, նախևառաջ՝ անհրաժեշտ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով, որը համատեղ կաշխատի, և որի արդյունքում կպատրաստվեն համապատասխան փաստաթղթեր՝ քարտեզներով, սահմանային կոորդինատներով, հստակ նկարագրական հիմնավորումներով, որից հետո միայն այդ փաստաթղթերը պետք է ստորագրվեն և օրինական ուժի ստանան: 

Չգիտեմ, թե վարչապետ Փաշինյանն ինչ նկատի ունի, բայց եթե դրանք սահմանազատման գործընթացներ են, այսքան շուտ այդպիսի աշխատանք իրականացնելը և ստորագրելը ես համարում եմ անհնար:

Նիկոլ Փաշինյանից պետք է պահանջել, որ հրապարակի այդ փաստաթուղթը, որովհետև այն հայտարարությունները, որոնց մասին խոսվում է, վերաբերում են մեր հայրենիքի, պետության տարածքային ամբողջականությանը, սահմանների ճշգրտմանը և ուղղակիորեն շոշափում են յուրաքանչյուրիս շահերը, հետևաբար սա այն գործընթացն է, որ չի կարելի գաղտնի անել: 

Սա պայմանավորված չէ Հայաստանի ներքաղաքական դաշտով, որևէ մեկի նկատմամբ ունեցած համակրանքով ու հակակրանքով, սա Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խնդիր է, և գործող իշխանությունը պարտավոր է ներկայացնել մանրամասն հիմնավորումներ, թե այդ ի՛նչ 100 տոկոսանոց հայանպաստ փաստաթուղթ է, որը գաղտնի է պահվում հայ ժողովրդից: 

– Վարչապետի պաշտոնակատար լինելու հանգամանքը խոչընդոտ չէ՞, որ Նիկոլ Փաշինյանը նման կարևորության փաստաթղթեր ստորագրի:

– Այդ առումով որևէ խնդիր չկա, եթե վարչապետի պաշտոնակատարն իրականացնում է ՀՀ Սահմանադրությամբ իրեն ամրագրված վարչապետի պարտականությունները, որևէ խոչընդոտ առկա չէ նաև այդ փաստաթուղթը ստորագրելու համար: 

Չգիտեմ՝ ինչ փաստաթղթի մասին է խոսքը, եթե միջազգային փաստաթուղթ է, որը վերաբերում է ռազմական կամ քաղաքական բաղադրիչների, ապա այդ փաստաթուղթը ենթակա է լինելու Ազգային ժողովի կողմից վավերացման, քանի որ միջազգային պայմանագրերը «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի ուժով ենթակա են վավերացման ՀՀ Ազգային ժողովի կողմից:

– Իսկ եթե Ազգային ժողովի կողմից չի վավերացվում, պարո՛ն Նորիկյան, այդ փաստաթուղթն անվավե՞ր է ճանաչվում:

– Նման փաստաթղթերը պարտադիր ենթակա են վավերացման, իսկ եթե չվավերացվեն, բնականաբար, չեն կարող ուժի մեջ մտնել:

– Ստացվում է, որ 2020-ի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ստորագրված եռակողմ փաստաթուղթը ևս միջազգային պայմանագիր է, որը չի վավերացվել ՀՀ Ազգային ժողովի կողմից, բայց որի կետերի մեծ մասը կատարվել է. ինչպե՞ս հասկանալ սա, պարո՛ն Նորիկյան:

– Այո՛, այդ փաստաթուղթը միջազգային պայմանագիր է, որի մասին ես մի քանի անգամ հանդես եմ եկել հայտարարություններով: Այն, որ չի վավերացվել Ազգային ժողովի կողմից, բայց այդ փաստաթղթի կետերը կատարվում են, մեզ համար հետագայում խնդիրներ են ստեղծելու: 

Հնարավոր կլիներ այդ փաստաթուղթն անվավեր համարել, եթե Հայաստանը միակողմանիորեն անվավեր ճանաչեր կամ հետ վերցներ իր ստորագրությունը, բայց դա արդեն ժամանակավրեպ էր, ի՞նչ կարող էինք անել, եթե տարածքներն արդեն հանձնվել էին:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am