Կշարունակեմ քրտնաջան աշխատել, որպեսզի նորից հրավեր ստանամ ազգային հավաքականից.Դավիթ Տերտերյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորեկ Դավիթ Տերտերյանը խոսել է Խորվաթիայի դեմ ընկերական խաղի մասին:

«Ազգային հավաքականում խաղալը յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանքն է: Հպարտ եմ, որ հնարավորություն եմ ստացել ներկայացնել իմ երկիրը։ Իհարկե, դա մեծ պատասխանատվություն է, քանի որ ներկայացնում ես ամբողջ մի ազգ և պետք է ամբողջովին նվիրվես թիմին։ Ես կշարունակեմ քրտնաջան աշխատել, որպեսզի նորից հրավեր ստանամ ազգային հավաքականից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Տերտերյանի խոսքերը փոխանցում է «Արարատ-Արմենիա»-ի մամուլի ծառայությունը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ընկերական խաղում մրցեց աշխարհի առաջնության փոխչեմպիոն Խորվաթիայի ընտրանու հետ:

Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: Խորվաթիայի թիմում աչքի ընկավ Իվան Պերիշիչը, իսկ Հայաստանի ընտրանու կազմում` Վբեյմար Անգուլոն:  

Հաջորդ ընկերական հանդիպումում Կապառոսի գլխավորած թիմը կմրցի Շվեդիայի հետ: Այդ հանդիպումը կկայանա հունիսի 5-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: