Իրավապաշտպանները 1 ամիս ժամանակ են տվել Սերժ Սարգսյանին բանակը կարգի հրավիրելու համար. հակառակ դեպքում պահանջելու են նրա հրաժարականը

Իրավապաշտպանները 1 ամիս ժամանակ են տվել Սերժ Սարգսյանին բանակը կարգի հրավիրելու համար. հակառակ դեպքում պահանջելու են նրա հրաժարականը
Իրավապաշտպանները 1 ամիս ժամանակ են տվել Սերժ Սարգսյանին բանակը կարգի հրավիրելու համար. հակառակ դեպքում պահանջելու են նրա հրաժարականը

Բանակում վերջին շրջանում գրանցված միջադեպերի մեծ թիվն անհանգստացրել է հայաստանյան մի շարք հ/կների, ովքեր այսօր հանդես են եկել հայտարարաությամբ
Նշելով, որ «չնայած որոշակի ձեռքբերումներին, բանակում իշխում է խորհրդային բանակից ժառանգած և այսօրվա օլիգարխիկ իշխանության արատներով պայմանավորված ոչ կանոնադրային քրեական հարաբերությունների մոդելը», հեղինակները գրում են, որ վերջինիս հետևանքով բռնության, խոշտանգումների ու սպանության են ենթարկվում Հայաստանի Հանրապետության բազմաթիվ երիտասարդներ:

«Միայն 2008-2011 թվականների ընթացքում զինված ուժերում տարբեր պատճառներով մահացած զինծառայողների թիվը պաշտոնական տվյալներով հասնում է 187-ի, որից ընդամենը 25-ն է մահացել հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով: Իսկ ոչ պաշտոնական տվյալներով, տարբեր փորձագետների գնահատմամբ, 1994թ թվականից ի վեր հայկական բանակում զոհվել է ավելի քան 1500 երիտասարդ»,- գրված է հայտարարության մեջ:

Հեղինակների խոսքով, զինծառայողների մահվան դեպքերի առիթով հարուցված քրեական գործերի քննությունները մեծ մասամբ ընթանում են «կոպիտ օրինախախտումներով, դրանց զգալի մասը տարիներով չի բացահայտվում, իսկ սպանությունները, որպես կանոն, որակվում են որպես ինքնասպանություն»:

«Սպանված տղաների ծնողների իրավունքները հաճախ անտեսվում են, իսկ նրանք արժանանում են արհամարհական վերաբերմունքի պետական այրերի կողմից: Բանակում տիրող անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտը և դրան հետևող անպատժելիությունը հանգեցնում են հանցագործությունների թվի աճի և բնակչության լայն զանգվածների բարոյալքման: Նման իրավիճակը, մի կողմից, խթանում է կոռուպցիան, քանի որ զինակոչային տարիքի երիտասարդների ծնողները բազմաթիվ անօրինական ճանապարհներով փորձում են ազատել իրենց երեխաներին բանակում ծառայելու պարտավորությունից կամ զարտուղի ճանապարհներով «ապահովել» նրանց անվտանգությունը, մյուս կողմից` նպաստում է արտագաղթին»,- գրել են հեղինակները:

Այդ ամենը հաշվի առնելով, հայտարարության տակ ստորագրած իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները իրենց խորը մտահոգությունն են հայտնել «հայկական բանակում տիրող իրավիճակով և հիասթափությունը իշխանությունների անպատասխանատու վարքագծից», «անընդունելի են համարել խաղաղ պայմաններում ցանկացած զինծառայողի նկատմամբ հոգեկան և ֆիզիկական բռնությունն ու խոշտանգումը և դրանք կոծկելու քաղաքականությունը` ինչպես հրամանատարական կազմի, այնպես էլ` քննչական մարմինների և արդարադատության կառույցների կողմից»:

Հայտարարության հեղինակները նաեւ գնահատել են ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի կողմից նշված խնդրի վերաբերյալ հրապարակային դիրքորոշման բացակայությունը որպես գլխավոր գերագույն հրամանատարի սեփական դերի թյուր ըմբռնման, իրավիճակին չտիրապետելու, անտարբերության և/կամ հովանավորչության հետևանք:

«Պահանջում ենք ՀՀ գլխավոր գերագույն հրամանատարից անհապաղ ապահովել`1994 թվականից մինչև օրս ՀՀ բանակում զինծառայողների նկատմամբ կիրառված բռնությունների ու մահվան դեպքերի, այդ թվում` սպանությունների և ինքնասպանությունների, քրեական գործերի վարույթների մանրակրկիտ ուսումնասիրության կազմակերպումը` վեր հանելու նախաքննություն և դատաքննություն իրականացնող մարմինների կողմից թույլ տրված բացթողումներն ու օրինախախտումները` ներգրավելով անկախ փորձագետների և շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների»:

Հեղինակները նաեւ Սերժ Սարգսյանից երաշխիքներ են պահանջել` քրեական պատասխանատվության ենթարկելու բոլոր այն պաշտոնատար անձանց, որոնք անմիջական պատասխանատվություն են կրել քրեական գործերի քննության ընթացքի և անօրինականությունների համար, ինչպես նաեւ զինված ուժերի շարքերում ոչ կանոնադրային հարաբերությունները և անառողջ մթնոլորտը վերացնելու ուղղությամբ կոնկրետ միջոցառումների ձեռնարկում` հանդես գալով օրենսդրական առաջարկություններով և ներգրավելով շահագրգիռ հասարակայնության ներկայացուցիչներին:

Հեղինակները նաեւ պահանջել են հայկական բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ընտանիքներին պատճառված բարոյական և նյութական վնասի դիմաց առաջնահերթ, պատշաճ և արժանապատիվ փոխհատուցում:

«Վերոնշյալ միջոցառումների ուղղությամբ շուտափույթ` մեկ ամսում գործուն քայլեր չձեռնարկելու պարագայում հայկական բանակում տիրող իրավիճակի համար մեղավոր և հովանավոր ենք համարում ՀՀ գլխավոր գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանին և պահանջում նրա հրաժարականը»,- գրել են հեղինակները:

Հայտարարությունը ստորագրել են «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ ղեկավար Արթուր Սաքունցը, «Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ ղեկավար Ավետիք Իշխանյանը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան գրասենյակ» ՀԿ ղեկավար Նատալյա Մարտիրոսյանը, «Լրագրողները հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ից Ժաննա Ալեքսանյանը, «Փաստաբանները հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ից Սեդա Մելիքյանը, «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ ղեկավար Լևոն Բարսեղյանը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ից Սոնա Այվազյանը, «Երիտասարդությունը հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի անունից Իզաբելլա Սարգսյանը, «Հույս» ՀԿ-ից` Լալա Ասլիկյանը, «Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ-ից` Լևոն Ներսիսյանը։