«Մեր բանակը ցուցաբերում է այնպիսի սխրանք և նվիրվածություն, որ ոսկե տառերով պետք է գրվի համաշխարհային պատմության մեջ». Դավիթ Բաբայան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Պահպանողական կուսակցության առաջնորդ, Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը

– Պարո՛ն Բաբայան, այսօր տրամադրությունները խուճապային էին, հիմա սակայն հակառակորդը հարավային ուղղությամբ՝ Խուդաֆերինի ջրամբար, մեծ կորուստներ կրելով նահանջում է։ Ի՞նչ իրավիճակ է։

– Ֆեյսբուքը վիրտուալ տիրույթ է, այնտեղ կարող են հայտարարել, որ Բաքու են վերցրել, կամ հակառակը, իրականում ընթանում են համառ մարտեր, 18-20 տարեկան տղաները, կամավորները, մեր կանոնավոր բանակը ցուցաբերում է այնպիսի սխրանք և այնպիսի նվիրվածություն, որ իսկապես ոսկե տառերով պետք է գրվի համաշխարհային պատմության մեջ։ 

Իրականում այս պատերազմն արմատապես տարբերվում է մյուս պատերազմներից, որ վարել է հայ ժողովուրդն անցած երեսուն տարիներին։

Սա Թուրքիան է պատերազմում, ահաբեկչական զինյալներ աշխարհի տարբեր ծայրերից, Իրաքի թուրքմենական ցեղերի ներկայացուցիչներ, Հյուսիսային Կովկասի ահաբեկիչներ, որոնք Սիրիայից են եկել։ 

Այս աշխարհագրությունը ներկայացրի, որ տեսնեք, թե հետո նրանք որտեղից ուր են գնալու, հետո գնալու են Չինաստան, Չեչնիա են գնացել, հասել Վոլգոգրադ, փորձելու են Իրան ներթափանցել և այսպես շարունակ։ Սա է պատկերը։

– Ի՞նչ ակնկալիք կա Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպումից։

– Իհարկե, լավ կլինի, որ այդ հանդիպումը տեղի ունենա։

– Կասկածո՞ւմ եք։

– Տեսնենք, Ադրբեջանը այնպիսի երկիր է, որը կարող է ամենաանսպասելի ժամանակահատվածում ամենաանհարմար քայլը կատարել, ինչը տեսանք նաև այս պատերազմի ժամանակ։ Այսինքն՝ մի պահ մարդիկ կային Արցախում, որ Արդբեջանի հերոսի արձանն էին կանգնեցնում, ո՞ւր են հիմա այդ մարդիկ։ Բավականին հարցեր կան, որ հետևանքն են այս կամ այն գործընթացի։

– Հանդիպումը հրադադար կհաստատի՞։

– Հանդիպումը լինի, տեսնենք՝ ինչ է լինելու։

– Խոսվում էր դիրքային առաջխաղացման մասին։

– Մենք, ընդհանրապես, բավական է արդեն ամեն ինչ դարձնենք հանրային քննարկման թեմա, հերիք է՝ ամբողջ ազգով փիար ենք անում, մարդիկ արյունով են պահում հողը, մենք ամեն ինչ պետք է անենք, որ կանգնեցնենք այս պատերազմը, բնական է, որ բանակը, բոլորս կանգնելու ենք մինչև վերջ։

– Ո՞ւմ նկատի ունեք, պարո՛ն Բաբայան։

– Մեկ-երկու հոգի, ընդհանրապես չգիտենք էլ՝ թե ուր են, չենք էլ ուզում հիշել, բայց հարցը նրան է հասնում, որ նա, ով թշնամու արձան էր փորձում կանգնեցնել, որևէ մեկը չէր փորձում կանգնեցնել նրան այն ժամանակ, ես չեմ ասում, որ այդ ստահակը, որը կանգնեցրել է արձանը, նա է բերել այս պատերազմը, նրանց անունները պետք է նետենք աղբանոցը։ Արցախում բոլորը նրանց լավ գիտեն։

Ռուսաստանի միջամտությո՞ւնն եք ակնկալում հրադադարի հարցում։

– ՌԴ-ն մեծ աշխատանքն է տանում, մեծ ջանքեր է ներդնում հրադադարի ռեժիմի վերականգնման համար։ 

Ես վերջերս այս գաղափարն եմ առաջ տանում, մեզ պետք են արմատական փոփոխություններ մեր արտաքին քաղաքականության փիլիսոփայութան մեջ։

Մենք պետք է ունենանք տեսլական, մենք պետք է ունենանք եղբայրական երկրներ, մասնավորապես ՌԴ-ի հետ եղբայրական հարաբերություններ, և ցանկացած մարդ, հատկապես պաշտոնյա, որն իր խոսքով, իր գործով կվնասի հարաբերությունները եղբայրական երկրների հետ, պետք է հեռացվի պաշտոնից, սա խաղ ու պար չէ, սա կյանքի հարց է։

Երկրորդ՝ դաշնակիցներ, երրորդ՝ հարևան երկրներ, երրորդ՝ երկրներ, որոնց հետ պետք է ֆորմալ հարաբերություններ պահել։ 

Բնական է, որ մեր կարևոր խնդիրներից մեկն այն է, որ մենք կարողանանք եղբայրական զգացմունքային տիրույթում պահենք, թույլ չտանք հաշվարկների հարթակ տեղափոխել։ 

Եվ անթույլատրելի է, որ այլ երկրների հետ հարաբերությունները եղբայրական երկրների հաշվին տեղի ունենա։ Դա կբերի կատաստրոֆայի։ Այո՛, ՌԴ-ն մեծ ջանք է գործադրում, և դրա մասին պետք է ասենք։ Հիշեք՝ քանի դեմագոգ էր բղավում, որ ռուսական ռազմաբազան պետք է հանել ՀՀ տարածքից, ո՞ւր են նրանք հիմա։ 

Մանե Հարությունյան

MediaLab.am