«Ինչպե՞ս է աշխատավարձով հսկայական տուն կառուցել». փաստաբանը դիմել է իրավապահներին` առաջարկելով ստուգել նախկին գլխավոր դատախազի ունեցվածքը

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը, որը նախկինում դատախազ է աշխատել, իրավապահ մարմիններին հարցեր ունի՝ ինչպե՞ս է աշխատավարձով ապրող նախկին գլխավոր դատախազը կարողացել Երևանի Աջափնյակ վարչական շրջանում հսկայական հսկայական առանձնատուն կառուցել:

«Ես նրա հայտարարագիրը կարդացել եմ, ուսումնասիրել նախորդ տարիներին ստացած աշխատավարձերը, ունեցած գույքը, և կարծես թվերը լավ էլ անհամապատասխան են, հետևաբար փորձում եմ իրավապահներից հասկանալ՝ ինչպե՞ս է աշխատավարձով ապրած նախկին պաշտոնյան նման մեծ առանձնատուն կառուցել Երևանում»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է փաստաբանը:

Նա դեկտեմբերի 5-ին իրեն հետաքրքրող հարցերը Դավթյանի գույքի ու հայտարարագրած եկամուտների մասին ուղղել է ՀՀ ոստիկանությանը, ԱԱԾ-ին և ՀՀ գլխավոր դատախազությանը ու առաջարկել ստուգել Արթուր Դավթյանի գույքի օրինական լինելը:

«Այդ մարդը (նկատի ունի Արթուր Դավթյանը.- հեղ.) եղել է դասախոս, հետո՝ դատախազությունում սովորական դատախազ, այնուհետև՝ շրջանի դատախազ, որից հետո Երևան քաղաքի դատախազ, դատախազի տեղակալ ու գլխավոր դատախազ: Էդ բոլորի աշխատավարձերը 500-700 հազար դրամ են, լավ, վերջին մի քանի ամիսը՝ 1 մլն: Ես լավ եմ հասկանում տուն կառուցելուց, դրա մեջ եղել եմ, ու նրա ունեցած տունը շինարարի վրա պետք է որ նստի մինիմում 300 հազար ԱՄՆ դոլար: Հիմա հարց է առաջանում. ինչպե՞ս է կարողացել ստացած աշխատավարձերով նման հսկայական տուն կառուցել»,- հարցեր է բարձրացնում Սիրունյանը:

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի առանձնատան ծագման հարցը առաջին անգամ չէ, որ քննարկվում է:

«Արդյոք կոռուպցիա՞ չէ երկու տարի առաջ Տարոն Մարգարյանի կողմից ձեզ հատկացված հողատարածքը Աջափնյակ վարչական շրջանում: Երկու տարվա ընթացքում դուք կառուցել եք այ այսպիսի առանձնատուն, որը արժի մոտավորապես կես միլիոն ամերիկյան դոլար: Երբ ձեր ուսումնառությունն ավարտում էիք 2000 թվականին, Հոռոմ գյուղում ունեիք մի հատ հողատարածք, մի հատ էլ շատ համեստ տուն»,- 2019-ին խորհրդարանի ամբիոնից լուսանկարներով ցուցադրելով հսկայական դղյակը հարցեր էր բարձրացրել այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Արման Բաբաջանյանը: Դավթյանն արձագանքել էր պատգամավորին՝ ասելով, թե այդ թիվը մի քանի անգամ բազմապատկված է:

Սիրունյանն ասում է՝ ինքը ծանոթ է շինարարական կազմակերպությունների առաջարկած գներին, ինքն էլ է տուն կառուցել, և հաստատ դա չէր արժենա 40 մլն դրամ, ինչպես նշել է Դավթյանը իր հայտարարագրում:

«Մենք ասում ենք՝ ներկայացված թվերն իրար չեն բռնում: Ես չեմ ասում՝ էդ մարդու գույքը խլեք, ես առաջարկում եմ նախ՝ ուսումնասիրել, ինչպես սահմանված է օրենքով, հետո, եթե հիմքեր լինեն, նոր միայն հարուցել վարույթ»,- նշում է Սիրունյանը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am