«Կասկածներ ունեմ, որ բացակայած պատգամավորների ներկայացրած քաղաքական ուժը լինելու է գալիք ԱԺ-ում». Ալեն Սիմոնյան. «Արմենպրես»

Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթը կրկին ԱԺ օրակարգ բերելն անիմաստ է, ժամանակային առումով կարող են խնդիրներ առաջանալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին այսօր ԱԺ-ում լլրագրողներին ասել է Ելք խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

«Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու նախաձեռնությունն արվում էր Հայաստանի քաղաքական դաշտն առողջացնելու համար: Այն նորից ԱԺ օրակարգ բերելն, անկեղծ ասած, անիմաստ եմ համարում: Նաև ժամանակային առումով կարող է խնդիր առաջանալ: Սակայն դեռ չենք քննարկել, չեմ կարող ասել»,-ասել է Սիմոնյանը:

Նա նաեւ նշել է, որ լուրջ կասկածներ ունի, որ բացակայած պատգամավորները և իրենց ներկայացրած քաղաքական ուժը լինելու են գալիք ԱԺ-ում:

«Նրանք չեն լինելու, քանի որ ՀՀ քաղաքացիները դիտում են և կտան իրենց գնահատականը: Ես չեմ ուզում ասել, թե կոնկրետ որ խմբակցությունն է մեղավոր, մեղավոր են կոնկրետ անձինք, կան մարդիկ, ովքեր սաբոտաժ են անում»,- նշել է Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում նորից տապալվել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը: Անհրաժեշտ նվազագույն 63 կողմ քվեների փոխարեն նախագիծը ստացավ 62 կողմ քվե: Քվեարկությանը չեն մասնակցել ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Ռոմիկ Մխիթարյանն ու Անդրանիկ Կարապետյանը: ԲՀԿ-ն քվեարկությանը մասնակցել է ամբողջ կազմով: