«Երեխաների գուլագ», թե՞ «մերժվածների քաղաքը»

«Երեխաների գուլագ», թե՞ «մերժվածների քաղաքը»
«Երեխաների գուլագ», թե՞ «մերժվածների քաղաքը»

«Երեխաների քաղաք»: Առաջին հայացքից անվանում է, որը կարող է ասոցացվել խաղահրապարակի, մանկական ժամանցային կենտրոնի կամ կրթական ուրախ ծրագրի հետ: Շտապեմ հիասթափեցնել, սիրելի ընթերցող: Այդ անմեղ անվանումը՝ Երեխաների քաղաք, նշվածս շարքի հետ որևէ աղերս չունի:

Կառավարության 2019 թ. օգոստոսի 8-ի նիստում, որը վարում էր վարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, որոշում է կայացվել Արարատի մարզում անհատույց տարածք տրամադրել «Հայկական Կարիտաս» բարեսիրական կազմակերպությանը: Իսկ այդ տարածքում նախատեսվում է ստեղծել, ուշադիր՝ սոցիալապես անապահով ընտանիքների, հաշմանդամություն ունեցող երեխաների համար քաղաք:

Ավելի պարզ ասեմ:

Նախագծով առաջարկվում է այդտեղ հավաքել նման կարիքներ ունեցող 600 երեխա: Ի դեպ, Կառավարության նիստում այս հարցը զեկուցվող չի եղել: Ու ընդունվել է համերաշխ մթնոլորտում:

Հասկանո՞ւմ եք` սա նշանակում է, որ մենք վերադառնում ենք խոր միջնադար: Սա նշանակում է, որ մենք` որպես հասարակություն, որպես ազգ սպառել ենք կարիք ունեցողին մասին հոգ տանելու մեր բոլոր ռեսուրսները, մենք սպառել ենք մեր ունակությունները՝ հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք ներառելու հանրային կյանքում:

Այս պատմությունը շատ խորն է ու զզվելի: Նման բան անում էին ֆաշիստական Գերմանիայում, նման իրավիճակ էր հայտնի գետտոներում: Նման իրավիճակ էր խավարի միջնադարում: Օրինակ, երբ մեր Մխիթարյան հայրերին տարածք էին հատկացնում, նրանց տրամադրեցին մի կղզի, որը նախատեսված էր բորոտների համար: Նման պրակտիկա մենք ունեցել ենք վաղ միջնադարում, երբ եկեղեցին ստեղծում էր անկելանոցներ: Անցել է արդեն 16 դար, սակայն 1600 տարվա մեջ հայ քաղաքական միտքն ավել նոր բանի ունակ չէ, քան նոր անկելանոցներ կամ գետտոներ ստեղծելու:

Հասկանալի է, որ մեր պետական այրերի, ես կասեի՝ պետականաշեն կաճառների՝ գոնե այս պահին փոխվարչապետ Ավինյանի ու Արարատի մարզպետ Սարգսյանի միտքը և փորձը բավարար չեն եղել խնդրի խորությունը պատկերացնելու համար, սակայն դա նրանց չի ազատում պատասխանատվությունից: Իսկ գուցե եղե՞լ է, սակայն կուրացրել է 20 միլիոն դոլար շքեղաշուք արտահայտությունը: Իսկ կաթոլիկ եկեղեցու երկար ականջնե՞րը, որոնք երևում են այս պատմության հետևում: Ո՞վ է այս ամենի համար պատասխան տալու:

Սիրելի ընթերցող, հայցում եմ ողջախոհ ներողամտությունդ, զի տեքստը հախուռն է, մտքերը՝ զայրալից հորդանքի արդյունք, ուստի չեմ կարողանում համակարգված ներկայացնել:

Տարիներ շարունակ մենք խոսել ենք կրթության ներառականության մասին: Մենք խոսել ենք այն մասին, որ հաշմանդամություն ունեցող մարդուն երբեք չի կարելի առանձնացնել հասարակության մյուս հատվածներից: Մարդը՝ սոցիումի կենտրոնը, լիարժեք տեսակ է անկախ իր ֆիզիկական խնդիրներից, մտավոր ունակություններից և այլ գործոններից:

Տարիներ շարունակ մենք ջանքեր ենք գործադրել, որ կարիք ունեցող երեխաները լիարժեք ներառվեն հանրակրթության մեջ: Ներառվեն հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Արված լավ թե վատ քայլերը հասարակական գիտակցության որոշակի ընկալումներ են փոխել: Իսկ հիմա այս որոշումով ի՞նչ ենք մենք հիմա անում: 

Նախորդ իշխանությունները վատ են ծախսել կամ մսխել են ներառական կրթությանը, հաշմանդամություն ունեցող անձանց ու տարբեր ծրագրերին հատկացվող գումարները: Սակայն ինչ-որ բան արվել է: Այս իշխանությունը պետք է պարզեր այդ ամենը, դողար յուրաքանչյուր ձեռքբերման վրա, վերացներ վատը, զարգացներ լավը: Բայց երիցս ոչ: Մենք հակառակն ենք տեսնում: Թերևս պարոն փոխվարչապետի համար մարդը գերագույն արժեք չէ, գործընթացների կենտրոնում ՀՀ քաղաքացին չէ:

Արարատի մարզպետը, փայլող աչքերով, Հանրայինի եթերում ներկայացնում էր այս նախագիծը: Տվածուրի՞կ է: Գոնե մի փուլում կոկորդիլոսներ էին, ու հումորի միջոցով կարող էինք աչք փակել ողբերգությունների վրա:

ԿԳՍՄ փոխնախարար Արևիկ Անափիոսյանը հարթակ չէր թողնում հայտարարելու, թե մենք երբեք չենք ենթարկվելու միջազգային դոնորների պահանջներին ու առաջնահերթություններին: Գիտե՞ք ինչ կարծիք է տվել ԱԳԼՃԿ նախարարությունը (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը): Հայտարարել է, որ որևէ առարկություն չունի: 

Իսկ ո՞ւր է սոցապ նախարար Զարուհի Բաթոյանը, երբ թվում էր, թե նրա առաջնահերթություններից են հաշմանդամություն ունեցող անձինք: Ինչո՞ւ է լռել, երբ Կառավարության նիստի օրակարգ են բերել այս նախագիծը: Ինչո՞ւ բացասական եզրակացություն չի տվել: Ինչո՞ւ չի բոյկոտել: Հերթական երեսպաշտության հե՞տ գործ ունենք:

Արդարադատության նախարարություն: Նման կառույց կա Հայաստանում, որի նախարարը նշանակումից հետո մոռանալով, որ Մեծ Դատավարություն գործակալությունն այլևս եկեղեցուն չի պատկանում, աճապարեց կաթողիկոսի մոտ: Նորաթուխ նախարարը տեղյա՞կ է Երեխաների իրավունքների հռչակագրից, որի տակ մենք ստորագրել ենք: 

Ես հույս ունեմ, որ նշված գործող անձինք պատմության մեջ չեն մնա որպես անկարողունակների կառավարություն: 

Մենք պետք ունենք կարիք ունեցող անձանց լիարժեք ներառելու կյանքի բոլոր ոլորտներ: Մենք պետք ունենք հանրային գիտակցումը բարձրացնելու մի մակարդակի, որը երբեք անջրպետներ չի կառուցի՝ պայմանավորված մարդու ֆիզիկական կամ մտավոր խնդիրներով: Մենք պետք ունենք մանրամասն ուսումնասիրելու նախկին գիշերօթիկներում տեղի ունեցած երևույթները: Մենք պետք չունենք նորօրյա գետտոներ կամ երեխաների գուլագներ ստեղծելու: 

Այդ մարդկանց մտքով երբևէ անցե՞լ է գնալ ու հարցնել մանկատան ներկա, նախկին սաներին, թե ինչպես են նրանց հետ վարվել այդ վայրերում: Գնացեք ու հարցրեք, պարզեք ու վերացրեք: Զազրելի իրողությունների պակաս չեք զգա հաստատ: Իսկ երբ հարցնելուց հետո հասկանաք, ներողություն խնդրեք ու հեռացեք այն ոլորտներ, որտեղից եկել եք:

Իմ ավագ սերունդը պատմում է, որ 90-ականների կեսերին մի փակ նախագիծ է առաջ քաշվել: Վերաբնակեցման նպատակով առաջարկվել է բոլոր մանկատները կենտրոնացնել Շուշիում: Ժամանակի իշխանությունները հասկացել են նախագծի վտանգավորության աստիճանը և մերժել են այն:

Ես ձեզ պատմեցի այս պատմության միայն երևացող մասը: Զարգացումները կստիպեն ավելի խորքային անդրադառնալ խնդրին, եթե պատասխանատուները ժամ առաջ չհրաժարվեն այս գաղափարից:

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am