Եթե ՔՊ-ն չիրականացնի մոլդովական սցենարի այս կամ այն ձևաչափը՝ խորհրդարանում մեծամասնություն չի ունենա. Արմեն Բադալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը

– «Պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է: Անհրաժեշտ է, վերջիվերջո, հասկանալ, որ ընդդիմության միավորումը ոչ թե քաղաքական, այլ պարզապես ազգի փրկության խնդիր է: Լինելով ինքնաբավ և կայացած անձնավորություն՝ Կարապետյանն ունակ է լուծել այդ խնդիրը»: Այս մտքի հեղինակը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է, պարո՛ն Բադալյան, ինչպե՞ս եք գնահատում Կարապետյանի շանսերն այդ գործը հաջողելու համար:

Պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է. Լեւոն Տեր Պետրոսյան

– Մի փաստ նշեմ, որ անընդհատ այդ սխալը տարածվում է թե՛ լրատվականների, թե՛ քաղաքական գործիչների մոտ. ընտրություններին չեն մասնակցում իշխանությունը և ընդդիմությունը, ընտրություններին մասնակցում են կուսակցություններ ու կուսակցությունների դաշինքներ: Ընդդիմություն, իշխանություն՝ դրանք քաղաքական ուժի կարգավիճակն է պետական կառավարման ապարատում, ընտրությունների ժամանակ չկան ընդդիմություն, իշխանություն, կան իշխող քաղաքական ուժ և ընտրության մասնակից այլ ուժեր: Սա խիստ կարևոր է, որովհետև յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր բովանդակությունը ապագայի վերաբերյալ:

Սամվել Կարապետյանը, որ եկել է Ռուսաստանից, կապված է Ռուսաստանի հետ, հայ համայնքի ղեկավարներից էր, այսինքն՝ նկատի ունենալով, թե ինչ կարգավիճակ ունեցող մարդ է, կարող ենք ասել, որ նա հանդիսանում է Հայաստանում այն տեսլականի կրողը, որը Հայաստանի ապագան տեսնում է Ռուսաստանի ինտեգրացիոն համակարգերում: Նա կարող է համախմբել Հայաստանի ռուսամետ ուժերին, ոչ թե ընդդիմությանը, այլ՝ ռուսամետ ուժերին, չնայած առանց համախմբելու էլ նրանք համախմբված են: 

Թե՛ «Հայաստան» դաշինքը, թե՛ «Բարգավաճ Հայաստանը» ունեն նույն ռուսամետ ընտրազանգվածը, ինչ Սամվել Կարապետյանը: Բայց ընտրություններին չեն մասնակցում միայն ռուսական կողմնորոշում ունեցող քաղաքական ուժերը, այսինքն՝ չի կարող նրանց բոլորին համախմբել այս պահին: Սամվել Կարապետյանը որոշ ընտրազանգվածի է համախմբում, ըստ այդմ էլ քաղաքական ուժերի՝ այդ ընտրազանգվածի ձայները ակնկալող քաղաքական ուժերի: 

Սամվել Կարապետյանի հետ չեն միավորվի այն քաղաքական ուժերը, որոնք արևմտամետ դիրքերից են հանդես գալիս, անիրատեսական է, թե բոլորին կհամախմբի, սա ընտրական գործընթացների մեջ չաշխատող դիրքորոշում է: Պետք է ընտրական գործընթացի ու ընտրազանգվածի կառուցվածքի վերաբերյալ պատկերացումներ ունենաս, որպեսզի իմանաս, թե ո՛վ ո՛ւմ հետ կարող է միավորվել, հենց այնպես արհեստական դաշինքներ ձևավորելը հաջողություն չի բերում: Ամեն ընտրող ունի իր պատկերացումները, որի համար էլ ընտրում է այս կամ այն քաղաքական ուժին, եթե արևմտամետ ինչ-որ ուժ միանա Սամվել Կարապետյանին, ապա նրա օգտին քվեարկողները հետ են կանգնելու: 

– Նույն տրամաբանությունը գործում է նաև հանրությա՞ն պարագայում: 

– Ընտրությունների ժամանակ հանրությունը չի մասնակցում, մասնակցում են էլեկտորալ խմբեր, իսկ ընտրազանգվածը բարդ կառուցվածք ունի. քաղաքական կողմնորոշմամբ քվեարկողներ, որոնք քաղաքական կյանքի համար են քվեարկում՝ իրենց համար ապագա ցանկալի կյանքի համար, փրկիչ քվեարկողներ կամ մարդ քվեարկողներ, որոնք այս կամ այն մարդու մեջ տեսնում են իրենց համար փրկիչ, տատանվող ընտրազանգված: Դեռևս շատ հարցեր կան, այնպես որ, վաղ է որևէ բան հստակ ասել:

– Իսկ իշխող քաղաքական ուժի շանսերը գոնե այս պահին որքա՞ն եք գնահատում:

– «Քաղաքացիական պայմանագիրը» եթե չիրականացնի մոլդովական սցենարի այս կամ այն ձևաչափը, ապա խորհրդարանում մեծամասնություն չի ունենա, բայց հիմա մենք գնում ենք մոլդովական տարբերակով, ու եթե այս տարբերակը մինչև ընտրությունները պահպանվեց, ապա խորհրդարանում մեծամասնություն կունենա, կարող է սահմանադրական մեծամասնություն չունենալ, բայց կեսից ավելին կունենա: Կրկնում եմ՝ այս պահի դրությամբ մենք գնում ենք մոլդովական սցենարի ճանապարհով, եթե այլ զարգացումներ տեղի չունենան: 

– Պարո՛ն Բադալյան, ՔՊ-ի այս ներկուսակցական քարոզարշավը ի՞նչ դրական արդյունք կարող է ապահովել:

– Իշխող ուժի քաղաքականության ռազմավարությունը խաղաղությունն է ու դրանից բխող քաղաքականությունն էլ իրականացնում է: Հաջող, անհաջող՝ բայց իրականացնում է, խաղաղությունը նրա տեսլականն է, որն էլ իրականացնում է, իսկ ընդդիմության, մյուս քաղաքական ուժերի մոտ տեսլական որպես այդպիսին չկա: Իշխող քաղաքական ուժը ապագա կյանքի ինչ-որ պատկեր է ներկայացնում, իսկ մարդիկ կամ փրկչի, կամ ապագա կյանքի պատկերի հետևից են գնում, Փաշինյանը և՛ այն է ներկայացնում, և՛ այն: Բայց, ասում եմ, եթե մոլդովական սցենար չլինի, ապա ինքը մեծամասնություն չի ունենա, հակառակ դեպքում կունենա՝ հատկապես երբ ունի արտաքին քաղաքական աջակիցներ՝ հանձինս Եվրամիության գլոբալիստների, հանձինս ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ադրբեջանի, իսկ այս աջակցությունը բավականին լուրջ է:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am