«Ես նրա առաջ երկու պայման դրեցի՝ երբեք կրոնափոխ չեմ լինի, և եթե որդի ունենանք, անունը պիտի Հայկ դնեմ»․ հայ-արաբական սեր՝ Դուբայի ափերին

Արև Գրիգորյանը չէր էլ կարող պատկերացնել, որ աշխատանքի նպատակով Արաբական Էմիրություններ իր մեկնումը կարող է ճակատագրական լինել, և որ հենց այնտեղ կգտնի իր ապագա կողակցին՝ արաբ Ահմեդ ալ Ազարիին։ Այսօր հայ-արաբական նորաստեղծ ընտանիքը երազում է Հայաստան գալու և այստեղ սեփական տունը կառուցելու մասին։

«Ահմեդն անընդհատ պատկերացնում է, որ պիտի գա Հայաստան ու անընդհատ համտեսի մամայիս ու տատիկիս պատրաստած բոլոր կերակուրները, որովհետև իմ պատրաստածներից հետո իր մոտ տպավորություն է, որ բոլոր հայերը լավ են պատրաստում, իսկ ես նրան ասում եմ, որ մենք ուղղակի սրտով ենք պատրաստում, դրա համար էլ համեղ է ստացվում։

Վերջերս էստեղի հայերի հետ հանդիպում էր, նրանք մեզ հյուրասիրեցին։ Էդ օրն Ահմեդը տեսավ, թե ինչ ջիգյարով են հայերը, ու ինքը հիմա սպասում է, որ հայերն իրեն էդպես ջիգյարով էլ ընդունելու են»,- «Մեդիալաբին» պատմում է 30-ամյա Արևն ու հավելում՝ 28-ամյա Ահմեդն արմատներով Լիբանանից և Պաղեստինից է։

Ամուսինները ծանոթացել են Դուբայում գտնվող օծանելիքի խանութում, որտեղ Արևն աշխատում էր որպես մենեջեր, իսկ Ահմեդը եկել էր աշխատանքի ընդունվելու։ Արևն ասում է՝ Ահմեդն իրենով հետաքրքրվել էր նույնիսկ դեռ չտեսած, պատճառը՝ հայուհիների նկատմամբ նրա առանձնահատուկ վերաբերմունքն էր։

«Ահմեդի մորական կողմի տատը հայուհի է, ու ինքը միշտ ներքուստ ցանկություն է ունեցել շփվել հայուհու հետ, որովհետև լսել էր, թե ինչ նվիրված են հայուհիներն իրենց ընտանիքներին։

Արդեն ինձ տեսնելուց հետո վերջնականորեն հասկացել էր, որ ես իր կինն եմ լինելու։ Հիմա, երբ խոսում ենք էդ ամենի մասին, ինքն ասում է՝ ես իմ ներսում զգացի, որ դու հենց էն մարդն էիր, որ իմ կողքին պիտի լիներ»։

Արևը հիշում է՝ ի տարբերություն Ահմեդի, ինքն ամենևին նման զգացողություններ չի ունեցել, երբ առաջին անգամ տեսել է ապագա ամուսնուն, միայն մտածել է՝ համակրելի երիտասարդ է, իսկ հետագայում համոզվել է նաև, թե ինչ լավ աշխատող է։ Այնուամենայնիվ, ասում է՝ նրա հետ լուրջ հարաբերություններ սկսելու միտք անգամ չուներ։

«Մի օր եկավ աշխատանքի, տեսա, որ անտրամադիր է, հուզված, որովհետև նոր էր իմացել, որ իր երեխայի մոտ աուտիզմի խնդիրներ են ի հայտ եկել։ Էդ օրը գնացի տուն ու իրեն գրեցի՝ եթե ուզում ես, արի դուրս գանք, քայլենք, միանգամից համաձայնեց։ 

Հենց էդ օրը հասկացա, որ ինքն արժանի է իմ կողքին լինելու, որովհետև շատ հոգատար ու հարգալից էր իմ նկատմամբ»,- պատմում է Արևն ու նշում՝ այդ օրվանից սկսեցին շփվել, իսկ նոյեմբերին օրինականացրին իրենց հարաբերությունները:

«Ես Ահմեդի առաջ երկու պայման դրեցի՝ երբեք կրոնափոխ չեմ լինի, և եթե որդի ունենանք, անունը պիտի Հայկ դնեմ՝ մահացած քեռուս անունով, և որ Հայկը պիտի քրիստոնյա լինի։ Ահմեդը համաձայնեց, և մենք ամուսնացանք»։

Իր և Ահմեդի ամուսնության մասին Արևն ասում է իր ծնողներին և հարազատներին, սակայն ոչ ոք չի հավատում. պատճառն այն էր, որ Արևը նախկինում շատ էր կատակել ամուսնության թեմայով, և բոլորը կարծում էին, թե դա էլ հերթական կատակն էր։

«Ծնողներիս ասեցի՝ ամուսնանում եմ, սկզբում չհավատացին, որովհետև մինչև էդ շատ էի նման կատակներ արել։ Նույնիսկ տեսազանգով էի ցույց տալիս Ահմեդին, բայց էլի չէին հավատում, մինչև քույրս ու եղբայրս եկան ու հասկացան, որ չեմ խաբում։ Իմանալուց հետո ընտանիքս շատ ուրախ էր, որևէ առարկություն չեղավ։

Ահմեդի ընտանիքը ևս շատ ուրախ էր մեր միության համար։ Երբ տեսազանգով Ահմեդն ինձ ներկայացնում էր, բոլորն ինձ օրհնում էին, մաղթանքներ ասում, թեև նույնիսկ անգլերեն չգիտեին»,- ասում է Արևն ու հավելում՝ Ահմեդի ընտանիքն հատկապես ուրախ էր, որ իրենց տղային դժվար կյանքից հետո բախտը կրկին ժպտացել է:

«Նախկինում Ահմեդն ամուսնացած է եղել, ունեցել է կին, մանկահասակ աղջիկ, որոնց շատ է սիրել, բայց ավտովթարից կինը մահացել է հենց Ահմեդի կողքին, նրա աչքի առաջ, ու էդ դեպքից հետո ինքն այլևս ոչ մի աղջկա չի կարողացել նայել։

Էդ օրվանից շատ դժվար օրեր է ունեցել, միայնակ պահել է դստերը, իսկ ավելի ուշ՝ տեղափոխվել Դուբայ, որ գումար վաստակի երեխային պահելու համար։ Եղել են օրեր, որ աշխատանք չի ունեցել, տուն չի ունեցել, փողոցներում է գիշերել, բայց հիմա, բարեբախտաբար, էդ ամենն անցյալում է»։

Արևի ճանապարհը ևս հարթ չի եղել մինչև Ահմեդի հետ հանդիպելը։ Ասում է՝ մի քանի չստացված հարաբերություններ, բազմաթիվ ֆինանսական խնդիրներ, արցունքների ու մենության մեջ թաղված օրեր է ունեցել, բայց երբեք ցույց չի տվել և միայն առաջ է շարժվել։

«Ես միշտ մտածել եմ՝ աշխատեմ, ընտանիքիս ֆինանսապես օգնեմ ու էդպես արել եմ 10 տարուց ավելի։ 25 տարեկանում արդեն միայնակ ապրում ու աշխատում էի Թբիլիսիում՝ Մայր Վրաստանի արձանի հարևանությամբ գտնվող հուշանվերների խանութում որպես վաճառող, 28-ից էլ արդեն Դուբայում եմ, սկզբում մոլերից մեկում՝ որպես սրահի մենեջեր, իսկ հիմա՝ օծանելիքի գործարանում՝ որպես արտահանման մենեջեր։ 

Օտար ափերում շատ դժվարություններ եմ տեսել, ոչ մի օգնող ձեռք չեմ ունեցել, եղել են օրեր` հաց չեմ կերել, քանի որ գումար չեմ ունեցել, եղել են օրեր, երբ գերհոգնածությունից լաց եմ եղել, բայց էլի ցույց չեմ տվել։ Բացի էդ ամենից, կյանքիս 30 տարիների ընթացքում ոչ ոքի հետ լուրջ հարաբերություններ կառուցել չէր ստացվում, ու բոլորն անցնում-գնում էին, ու հիմա համարում եմ, որ իմ կյանքը սկսվել է 30-ից հետո՝ Ահմեդի հետ»։

Հայ-արաբական ընտանիքում փոքրիկ վեճեր երբեմն լինում են, դրանք էլ պայմանավորված են տարբեր մշակութային հայացքներով։ Արևն ասում է՝ ծագած խնդրի շուրջ զրուցելուց հետո կարողանում են արագ ամեն ինչ հարթել, որովհետև իրենց հարաբերությունների հիմքում սերն է և փոխադարձ հարգանքը միմյանց մշակույթների հանդեպ։

«Մեր առաջին մշակութային վեճը եղել է իմ հագնվելու համար, ինքն ասում էր, որ պիտի փակ հագնվեմ, բայց ես իրեն բացատրեցի, որ եթե շոգ է, բաց եմ հագնվում, եթե ցուրտ է, փակ եմ հագնվում։ Էդպես խոսեցինք, իրար հասկացանք։

Երկրորդ վեճը կապված էր նրա հետ, որ Ահմեդը չէր ընդունում, որ իմ քրոջ ամուսինը ինձ նույնպես բարեկամ է, ու ես կարող եմ նրան գրկել, համբուրել։ Հիմա ինքն արդեն սովորել է, որ քրոջ ամուսինը կամ հորեղբոր աղջիկը նույնպես բարեկամ է, իսկ, ընդհանուր առմամբ, ուրիշ վեճեր գրեթե չեն լինում»,- ասում է Արևն ու հավելում՝ Ահմեդն ավանդական մահմեդական չէ, և դա ավելի հեշտ է դարձնում իրենց շփումը։

Արևն ու Ահմեդն այսօր վարձով են ապրում Դուբայում գտնվող փոքրիկ բնակարանում: Ասում են՝ դժգոհ չեն, ավելին՝ նախկինում իրենց ունեցածների համեմատ այս բնակարանը նույնիսկ ճոխություն է, իսկ արդեն ապագայում նախատեսում են ապրել Հայաստանում։

«Լիբանանում երբեք չենք ապրի, որովհետև էնտեղ ապրելը շատ ավելի դժվար է, իսկ Դուբայում ապրելը շատ թանկ է։ Ահմեդը միշտ ասում է, որ պիտի Հայաստանում ապրենք ու էնտեղ մեր բիզնեսն ունենանք»,- պատմում է Արևն ու հավելում՝ այսօր ինքն ու Ահմեդը շատ երջանիկ են։ 

«Գիտեք՝ Ահմեդն աշխարհի ամենաուշադիր, ամենասիրող ամուսինն է, որ ինձ սիրում է ավելի շատ, քան նույնիսկ ես ինքս: Ես, որ կյանքումս ոչ մի բան չեմ արել տանը, հիմա հա´մ ճաշ եմ եփում, հա´մ աման լվանում, հա´մ լվացք եմ անում: Ինքն էլ ինձ հետ հավասար տան բոլոր գործերն անում է, բայց ինձ էլ որ մեկը մի բան ասի, երբեք չի լռի։

Ուզում եմ բոլոր աղջիկներին ասել, որ միշտ նախևառաջ ինքներդ ձեզ սիրեք, երբեք մի՛ ընկճվեք ու եթե մի օր հանդիպեք ձեր մարդուն, անպայման կհասկանաք, երբեք մի ամուսնացեք ուղղակի ամուսնանալու համար, ու մեկ էլ՝ երբեք ուշադրություն մի դարձրեք ավանդական «ե՞րբ ես ամուսնանալու» հարցին»,- ասում է Արևը։

Անի Մարտիրոսյան

MediaLab.am