Հոկտեմբերի 13-ին ոստիկանության Արմավիրի բաժին մի տղամարդ հաղորդում էր տվել, որ օրեր առաջ Արմավիր քաղաքի Ջիվանու փողոցում, օգտվելով դռները բաց լինելու հանգամանքից, փախցրել են իր «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան:
Ոստիկանները մեկնեցին դեպքի վայր: Կազմվեցին անհրաժեշտ արձանագրություններ, օպերատիվ հարցումներ իրականացվեցին:
Բացահայտման ուղղությամբ միջոցառումները շարունակվում էին, երբ հոկտեմբերի 15-ի առավոտյան նոր ահազանգ ստացվեց. Արմավիրի Չարենցի փողոցից «Օպել» մակնիշի մեքենա էին գողացել:
Մեքենաները փախցրած անձանց հայտնաբերելու ուղղությամբ տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկվեցին, որոնց արդյունքում ստացվեցին տեղեկություններ, որ տրանսպորտային միջոցները հնարավոր է գողացած լինի Արմավիրի 21-ամյա մի բնակիչ:
Նա հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանություն: Ավելի ուշ քրեական հետախույզները հայտնաբերեցին նաև գողացված մեքենաներն ու տեղափոխեցին ոստիկանության Արմավիրի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Այս մասին տեղեկացնում է Ոստիկանությունը։