«Ամբողջ նպատակս ոչ թե դատի տալն է, այլ «Մարտիկ» հիմնադրամի վրա իջած այդ վարագույրը բացելը». Անահիտ Բախշյան

«Ամբողջ նպատակս ոչ թե դատի տալն է, այլ  «Մարտիկ» հիմնադրամի վրա իջած այդ վարագույրը բացելը». Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը տարբերակներ է փնտրում՝ ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանին դատի տալու համար: Իսկ պատճառը Աղաբեկյանի ղեկավարած «Մարտիկ» հիմնադրամի շուրջ ստեղծած իրավիճակն է: Դեռևս ապրիլյան պատերազմից հետո Բախշյանը բարձրացրեց հարցը, թե որտե՞ղ են «Մարտիկ» հիմնադրամի՝ բանակի համար նախատեսված գումարները, նամակներ գրեց Արթուր Աղաբեկյանին, բայց այդպես էլ սպառիչ տեղեկություն չստացավ: Խնդրի վերաբերյալ «Մեդիալաբը» զրուցեց Անահիտ Բախշյանի հետ:

-Տիկին Բախշյան, ի՞նչ գործընթաց ես նախաձեռնել և ի՞նչ նպատակ է այն հետապնդում:

-Ես դիմել եմ իրավաբաններին, որպեսզի իրենք ինձ օգնեն, թե ինչպես կարող եմ դատի տալ Արթուր Աղաբեկյանին: Հիմա այդ փուլում եմ, որոշ արձագանքներ ունեմ, բայց ուզում եմ գտնել այն իրավաբանին, ով ինձ հստակ քայլերը ցույց կտա, թե որքանով եմ ես իրավասու դա անել կամ որտեղից սկսեմ: Ամբողջ նպատակս ոչ թե դատի տալն է, այլ այն է, որ «Մարտիկ» հիմնադրամի վրա իջած այդ վարագույրը, որը թույլ չի տալիս ծախսերը տեսնել, բացել: Եվ սրանով ցանկանում եմ ասել բոլոր նրանց, ովքեր չգիտեմ պետական շահերից, ազգի պահպանման խնդիրներից ելնելով՝ բարեգործական հիմնադրամներ են ստեղծում, պարտավոր են լումա-լումա հաշվետվություն ներկայացնել, հրապարակել, թե այդ գումաներն ինչպես են ծախսվում:

-Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կարծես մտավախություն չունի «Մարտիկ» հիմնադրամի գումարների ծախսի հետ կապված: Նա հայտարարեց, որ հիմադրամի ծախսերը կատարվել են կանոնադրության համապատասխան, դա ակնհայտ երևում է հաշվետվություններից: Սա ի՞նչ է նշանակում:

-Ինքը մտահոգություն չունի, որովհետև ինքը որևէ անգամ պատասխանատվություն չի կրում դրա համար, բայց մտահոգվելու բան շատ կա: Եթե ինքը լիներ այն պետական պաշտոնյան, այն նախարարն, որն իմ փոխարեն այդ հարցերը կբարձրացներ… Պետք է հարցնել՝ «Մարտիկ» հիմնադրամն անցած 14 տարում բանակին ինչո՞վ է օգտակար եղել, քանի՞ սպա է ուղարկել լավ կրթություն ստանալու, որովհետև այդ հիմնադրամի առաջին նպատակն այն է, որ մեր սպաները պետք է լավ կրթություն ստանան: Այն հարցերը, որոնք հիմա ես եմ տալիս, լավ կլիներ, որ պաշտպանության նախարարը տար: «Մարտիկ» հիմնադրամի 1 մլն 200 հազար դոլարը, որն անձեռնմխելի է, դրա բերած տոկոսներով, որը տարեկան անում է մինչև 100 մլն դրամ, ինչի՞ վրա է ծախսվել, էդ ո՞ր կանոնադրական նպատակների վրա է ծախսվել, որ բանակի հոգսը պետության փոխարեն հոգացել է: Այդ հարցերը նախարարը պիտի տար, ոչ թե ես:

-Եվ առանց այս հարցերի վերաբերյալ սպառիչ պատասխան տալը, որքանո՞վ էր նպատակահարմար «1000 դրամի» նախաձեռնությամբ հանդես գալ: Հանրությունը չի հավատում, թե այդ 1000 դրամները նպատակային կծախսվեն:

-Տարբերությունն այն է, որ այստեղ պետությունն է 1000 դրամների երաշխավորը: Պետությունից պահանջելը ավելի հեշտ է, քան մասնավորից: Մյուս կողմից էլ, ի՞նչ մասնավոր, «Մարտիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում են նախագահը, վեհափառը, պաշտպանության նախարարը: Եվ ասում են՝ դա մասնավոր է: Դա մասնավոր չի կարող լինել: Մեր ժողովուրդի մեջ չկա մեկը, նույնիսկ ամենադժվար ապրողը, որ ասի՝ ես այդ 1000 դրամը չեմ ուզում տալ: Մարդիկ ասում են՝ բոլորս պատրաստ ենք այդ գումարը տալ, բայց տվեք ինձ երաշխիքներ, որ այդ գումարները գնալու են ճիշտ նպատակին, աջ ու ձախ անարդյունավետ ծախս չի լինելու: Սա է խնդիրը:

-Քանի որ նախորդ օրինակն ունենք, հետևաբար, մարդկանց մտավախությունն արդարացվա՞ծ է, որ սա էլ կարող է արժանանալ նախորդների ճակատագրին:

-Աստված ոչ անի, բայց եթե արժանանա, այդ մարդկանց աչքերը հանելու ենք: Ես անձամբ եմ դա նախաձեռնելու:

Էմմա Մանուկյան

MediaLab.am