«Հներն ընդհանրապես այս խաղի մեջ գործ չունեն, իրենք պետք է սուս մնան, որ մեր երկիրը կարողանա իրենց սարքած ճահճից դուրս գալ»․ Արմեն Մովսիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է երգիչ, երգահան Արմեն Մովսիսյանը, ով վերջին տարիներին բնակվում է Միացյալ Նահանգներում։

– Պարո՛ն Մովսիսյան, ի՞նչ սպասելիքներ ունեք 2020 թվականին իշխանություններից։ Տարեվերջին դուք վրդովվել էիք սահմանապահների պարգևավճարները կտրելու հետ կապված։ Որքանո՞վ է իշխանությունը փորձում բոլոր խնդիրներին համալիր լուծում տալ։ 

– Սպասելիքներ, իհարկե, կան, և դրանց մի մասն անում են։ Ինձ թվում է, որ զինվորական պարգևավճարների մասով թերացման հարց կար, ինչ-որ բան տղերքը չէին հաշվել, թե դա ինչ հարցեր կարող է առաջացնել։ Սա ոչ թե դիտավորյալ բան էր, այլ լավ չմտածված քայլ էր, որովհետև զինծառայողները պետք է պարգևավճար ստանային։ 

Թեկուզ աշխատավարձի բարձրացման պարագայում իրենք պետք է առաջին հերթին իրենց ապահովված զգան։ Իսկ սպասելիքների մասով, նայած թե մենք ինչպես ենք վերաբերվում նրան, ինչ տեղի ունեցավ 2018-ին: Եթե վերաբերվում ենք որպես հեղափոխության, ուրեմն մեր սպասելիքների, ակնկալիքների մի մասը մնացել է դեռ սպասելիք։ 

Որպես թավշյա սկզբունքով իշխանափոխություն, որն անում է թավշյա փոփոխություններ, պետք է հաշվի առնենք, որ այդ դեպքում բավականին գործ արվում է։ Սա ընդամենը երկար գործընթացի սկիզբն է։ 

Ժամանակ է պետք, որպեսզի գան քաղաքական կամք ունեցող այն մարդիկ, որոնք փոքր, դժվար աշխարհագրական դիրքում գտնվող հայրենիքում կկարողանան ճիշտ ռազմավարական բարեփոխումներ անցկացնել։ 

Ներկա կառավարությունն անում է այն, ինչ 30 տարի չի արվել, ինչ բաց է թողնվել, այն, ինչ կոռուպցիոն սխեմաների միջոցով մսխվել է: Մսխվել է մեր ոչ շատ հարուստ երկրի ունեցվածքը։ Հիմա փորձում են կարգավորել գոնե այդ ճաք տված ջրամբարը, որտեղից ջուրը հորդում էր, ու մենք չգիտեինք, թե ի՛նչ է լինելու վերջը։ Ամեն դեպքում սպասումները լավատեսական են, լավ պետք է լինի։ 

– Այս տարի իշխանությունները կարծեք թե մտադիր են սահմանադրական փոփոխություններ իրականացնել։ Կարծում եք՝ սա կլուծի՞ հարցերը դատական համակարգում, որովհետև շատ են մտահոգությունները Սահմանադրական դատարանից, նաև մյուս դատարաններից։ Շատերը քննադատեցին, որ իշխանությունը կենտրոնացել էր ՍԴ-ի վրա, մինչդեռ պետք էր ուշադրությունը սևեռել ամբողջ դատական համակարգի խնդիրների վրա։ 

– Մասնակի, մի կետի սևեռվելով ՝ հարցը չի լուծվի, բայց երկրում խնդիրներն այնքան շատ են, որ երբեմն տղերքը չեն զգում, թե որտեղի՛ց կարելի է բռնել։ Մի տեղից բռնել են՝ կոռուպցիան, բայց կան էլի շատ հարցեր։ 

Երկիրը սոցիալական առումով ծանր վիճակում է։ Վերջին հաշվով, զբոսաշրջությամբ դժվար կլինի երկիր պահելը։ Այսինքն՝ իսկապես ստրատեգիական տնտեսական զարգացում է պետք երկրին, որը ոչ միայն կոռուպցիոն անցքերը փակելու հաշվին կլինի, այլ նաև գործարանների, ձեռնարկությունների վերագործարկմամբ, բարձր տեխնոլոգիաներ, համապատասխան կադրեր։ Դա մի ամբողջ համակարգային ծրագիր է։ Իհարկե, սահմանադրական փոփոխություններ պետք են, պետք են ընդհանրապես ներքին կարգուկանոնի պահպանման, ոստիկանության համակարգի, երկրի անվտանգության, տնտեսական ոլորտի տարբեր փոփոխություններ։ 

Պետք է հաշվի առնենք, որ իշխանության համար ամեն ինչ նոր է, նույնիսկ կառավարման համակարգում աշխատելն է իրենց համար նոր։ 

Սահմանադրական փոփոխություններն անպայման պետք է անել, նաև Ընտրական օրենսգրքի փոփոխություն է պետք, դատական համակարգի փոփոխություն և այլն։ Հուսանք, կգտնեն այն ծայրը, որից այս կծիկը կսկսի ավելի ինտենսիվ քանդվել։ 

– Նախորդ իշխանության ներկայացուցիչները գրեթե ամեն օր հայտարարում են, որ 2020 թվականին պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որովհետև մենք չունենք պրոֆեսիոնալ խորհրդարան, որ սպառել է իրեն այս իշխանությունը, չի կարողանում աշխատել և այլն։ Ընդհանրապես արտահերթ ընտրությունների նախադրյալներ տեսնո՞ւմ եք Հայաստանում։ 

– Բացարձակ չեմ տեսնում նման նախադրյալներ։ Որքան էլ բողոքենք նոր իշխանությունների թերացումներից, մանավանդ հներն ընդհանրապես խոսելու իրավունք չունեն։ Նրանք ավելի լավ է հիշեն իրենց մկներին, չոռնիներին, շմայսներին, սպանված մարդկանց, քաղբանտարկյալներին, և, ինչպես վարչապետն է ասում՝ խելոք նստեն տեղները։ 

Հներն ընդհանրապես այս խաղի մեջ գործ չունեն։ Իրենք պետք է սուս մնան, որ մեր երկիրը կարողանա իրենց սարքած ճահճից դուրս գալ։ Ոչ մի պարագայում ես չեմ տեսնում, որ հիմա նոր-նոր զարգացող երկրում, տնտեսությունը էլի անցնի սպասողական կարգավիճակի, առաջընթացը սառեցվի՝ հանուն «հիմա մենք ի վիճակի ենք ավելի լավ խորհրդարան ձևավորելու» թեզի։ 

Բողոքում ենք, դժգոհում ենք, ես էլ եմ շատ բաներից դժգոհում, բայց մյուս խորհրդարանը փորձենք ձևավորել ավելի պրոֆեսիոնալ, հավասարակշռված, իրական երկրի համար մտահոգ խորհրդարանական ընդդիմությամբ ու քայլենք առաջ։ 

Չմոռանանք 1.5 տարի առաջ 10 հազար դրամով ու թաղային հեղինակություններով ընտրությունները, որի արատավոր ընթացքը բոլորիս համատեղ կամքով կասեցվեց: 

1996-ից սկսած առաջին անգամ ունեցել ենք ընտրություն: Կարելի էր ավելի լա՞վ ՝ դա այլ խնդիր է, բայց գոնե ազատ կամքի արտահայտությամբ է։ 30 տարի համբերել ենք, այդ ճահճի մեջ ապրել ենք, 3 տարին թող աշխատեն, կգան նորերը։ 2020 թվականին նոր ընտրություններ անցկացնելու մոտեցումն անլուրջ է, չի լինելու նման բան։ Ավելի շուտ կասեի՝ դավադիրների մտայնություն է դա: 

– Ըստ էության, շա՞տ անելիքներ ունի ՀՀ իշխանությունը 2020 թվականին։

Օրինակ, իմ պարագայում, անկեղծ ասած, այնպես չէ, որ հիասթափված եմ իշխանություններից։ Ակնկալում եմ ավելի՞ն, այո՛, ակնկալում եմ, բայց որ հիասթափված եմ՝ ո՛չ։ Սա խոսում է այն մասին, որ, այնուամենայնիվ, ինչ-որ բաներ անում են։ Իհարկե, կարելի էր ավելին անել, քննադատության արժանի բաներ իհարկե կան, բայց անուրանալիորեն երկիրը քայլում է առաջ։ Սա փաստ է, ով չի տեսնում, ուղղակի չի ուզում Հայաստանի ապագան տեսնել ավելի բարեկեցիկ, ավելի զարգացած։

Մանե Հարությունյան

MediaLab.am