«Գերի ընկնելու տարբերակը բացառում են, կռվում են մինչև վերջ, 76 հոգուց ոչ ոք չի փրկվում»․ 19-ամյա Տիգրանը զոհվել է հատուկջոկատայինների դեմ պայքարում

Ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ, վաշտի բուժակ, 19-ամյա Տիգրան Շահբարյանը հայրենիքը պաշտպանելիս զոհվել է Հադրութում, երբ 76 անձից բաղկացած ջոկատով մեկնել են հանձնարարություն կատարելու և հայտնվել հակառակորդի հատուկջոկատայինների ծուղակում։

«Իրենք հանդիպում են 500 հոգանոց հատուկջոկատայինների խմբի ու երկու տարբերակ են ունենում՝ կամ հանձնվել, կամ կռվել: Հրամանատարները որոշում են կռվել, գերի ընկնելու տարբերակը բացառում են։ Կռվում են մինչև վերջ, 76 հոգուց ոչ ոք չի փրկվում։ Մեզ զորամասից են պատմել»,- ասում է Տիգրան Շահբարյանի մայրը՝ 41-ամյա Արմինե Հարությունյանը։

Մայրն ասում է, որ որդու մարմինը զոհվելուց երկու ամիս անց են գտել, քանի որ տարածքն անցել էր հակառակորդի վերահսկողության տակ:

«Տիգրանիս դեկտեմբերին են հանել։ 76 հոգին երկու ամիս մնացել են դաշտում պառկած, դեռ մինչև հիմա էլ մասունքներ են հանում»։

Արմինեն ասում է, երբ հոկտեմբերի 11-ից որդու հետ այլևս կապ չի ունեցել, կանխազգացել է, որ ինչ-որ բան այն չէ, թեպետ հույսը չէր կորցնում, որ տղան կհայտնվի:

«Հոկտեմբերի 10-ին որ Տիգրանս զանգեց, ուզում էր բոլորիս հետ խոսար, ուրիշ ժամանակ մի րոպե կամ 5 րոպե ենք խոսել: Ես չեմ հիշում, թե պատերազմի ժամանակ ինչ էինք խոսում, մենակ որ ձայնը լսում էի, ասում էի՝ լավ, հերիք ա, էսօր էլ փրկվանք,- ասում է Արմինեն ու շարունակում,- ամսի 11-ին որ կապ չեղավ, հասկացա, որ ինչ-որ բան էն չի: Բայց մտածում էի՝ հնարավոր չի ինչ-որ բան լինի, հետո հրամանատարական կազմն ասում էր՝ կապն ա կտրվել, իրանց մոտ ամեն ինչ նորմալ ա… Սկզբից էդպես էին ասում, հուսադրող բաներ շատ էին ասում։ 

Ամուսնուս հետ գտել էինք էդ 76 հոգու մամաներին ու պապաներին, էդ ժամանակ էլ պարզ դարձավ, որ ոչ մեկը կապ չի տվել… Արդեն հասկանալի էր՝ կամ բոլորը գերի էին ընկել, կամ բոլորը՝ զոհվել: Բոլորն ասում էին՝ հոկտեմբերի 10-ին վերջին զանգն ա եղել»,- հուզմունքով ասում է Արմինեն։ 

41-ամյա մայրն ասում է՝ դեկտեմբերին, երբ ռուս խաղաղապահների միջնորդությամբ Հադրութից զոհված տղերքի մարմիններ էին դուրս հանվում, իմացավ, որ որդու մարմինը ևս գտնվել է… Ասում է՝ չէր ուզում հավատալ, բայց մայրական սիրտը վկայում էր, որ իր որդին է:

«Մեծ հույս էի փայփայում, որ ինքը չի լինի, բայց մի հատ զգացողություն կար, որ ասեցին՝ բերում ենք, ԴՆԹ անենք, ասեցի՝ մի՛ արեք, ասեցի՝ զգում եմ, սիրտս զգում ա»,- պատմում է մայրը։

Արմինեն ասում է, որ որդին ոչ միայն կռվել է հակառակորդի դեմ, այլև կռվի դաշտում առաջին բուժօգնություն ցույց տվել վիրավոր տղերքին, վերքերը վիրակապել:

«Երբ երեխեքի մարմինները հանել ու դիահերձարան են բերել, ծնողները տեսել են, որ իրենց երեխեքը վիրակապված են եղել… Տղաս հասցրել ա վիրակապի, բայց չեն հասցրել իրենց էնտեղից հանեն, որովհետև գրավյալ տարածք ա եղել։ Անգամ ասում են, թե 7 հոգի ողջ մնացած են եղել, բայց խնդրել են իրանց օգնության չգալ, որովհետև էնպիսի վիճակ ա եղել, որ չէին կարա»,- ասում է Արմինեն։

Տիգրան Շահբարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, ինչպես նաև Արիության մեդալով։

Մոր խոսքով՝ Տիգրան Շահբարյանը շատ հանգիստ բնավորություն ուներ, գերազանց սովորել է դպրոցում, հիմնական դպրոցն ավարտելուց հետո ընդունվել պետական բժշկական քոլեջ, գերազանցությամբ ավարտել։ 

Ծառայությունն ավարտելուց հետո ցանկանում էր ընդունվել Երևանի պետական բժշկական համալսարան, վիրաբույժ դառնար։ Մայրն ասում է, որ տղան շատ էր սիրում ընթերցել, զորամասից անընդհատ խնդրում էր տարբեր գրքեր իրեն ուղարկել:

«Արդեն 17 տարեկանում մոտիվացիոն հոգեբանության թեմաներով գրքեր էր կարդում, իր կյանքը պլանավորել էր մինչև 25 տարեկանը, թղթի վրա գրել էր՝ ոնց ա անելու, որ հաջողության հասնի»,- ասում է մայրը։

Արմինեն ասում է՝ վիշտն անասելի ծանր է, բայց փորձում է ուժեղ լինել, քանի որ որդուն իր ընկճվածությունը դուր չէր գա։

Արմինե Հարությունյանը որդու հետ։ Լուսանկարը՝ ընտանեկան արխիվից։

«Գիտեմ՝ Տիգրանիս դուր չէր գա, որ ես կոտրված լինեմ… Էլի կոտրված եմ, բայց աշխատում եմ ինձ հնարավորինս ուժեղ պահեմ։ Զինված ուժերում աշխատանքի եմ անցել, իմ համար կարևոր ա իրան ապրեցնելը: Պարադոքս կա, ավելի շատ ինքն ա ինձ ապրեցնում, իրանից հետո էնքան անծանոթ մարդիկ են ինձ հետ կապի դուրս եկել, օգնում են ապրեցնել, պատմել իր մասին։

Ես տղայիս հետ անընդհատ կապի մեջ եմ, միշտ զգում եմ, 11 ամիս ա անցել, 11 վայրկյան մենք իրարից չենք կտրվել, առանց իրա մի վայրկյան չունեմ»,- ասում է որդեկորույս մայրը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am