«Ծառուկյանը, Վանեցյանը և մյուսները, որոնք պետական գաղտնիքներ իմացան և օգտագործում են սեփական պետության դեմ, հանցագործներ են». Վիգեն Ավետիս

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քանդակագործ Վիգեն Ավետիսը

Պարո՛ն Ավետիս, այսօր ձեզ տուգանել են մեքենայում դիմակ չկրելու համար։ Ինչո՞ւ չէիք դրել։

– Վարում էի առանց դիմակի: Այս անգամ մեքենայում ուղևորներ կային, բայց քանի որ միշտ մենակ եմ վարում, մոռացել էի դիմակը դնել: Մեքենայի մեջ իմ ընկերուհին էր, ինձ մոտ մարդիկ էին: Տուգանել են՝ կվճարեմ, բայց իմ մեջ հարց է առաջացել՝ եթե մեքենայի մեջ նստած է իմ ընկերուհին, որի հետ ես համբուրվում եմ, ոստիկանի ներկայությամբ ես պետք է դիմակ դնեմ և ձևացնեմ, թե չե՞մ համբուրվում: Ե՛վ ճիշտ է, և՛ սխալ է:

Այսինքն՝ ես ոստիկանին ցույց եմ տալիս, որ չեմ համբուրվում այլևս, բայց փաստացի համբուրվում եմ: 

– Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս է Հայաստանը պայքարում կորոնավիրուսի դեմ: Կանոնների խստացումն օգուտ կտա՞:

– Իհարկե կանոնների խստացումն օգուտ տալու է: Ես օրինապաշտ մարդ եմ, և ինձ համար օրենքները առաջնային են, և նույնիսկ ընկերուհուս հետ ճանապարհորդելիս ես պետք է կրեմ դիմակը: Բայց հարցն այն է, որ դիմակով մեքենան վարում ես, հասնում ես տուն և համբուրվում ես քո սիրած կնոջ հետ:

Գոնե ճանապարհին ճշտեն, թե այդ մարդկանց հարաբերություններն ինչպիսին են, պաշտոնապես գրանցվա՞ծ են որպես ամուսիններ, թե՞ սիրեկաններ են: Իսկ ճանապարհով քայլողները պետք է այդ օրենքներին հետևեն: Բայց եթե մեքենայում դու քո կնոջ հետ ես կամ սիրուհու, ո՞նց բացատրես, որ 5 րոպե առաջ նրա հետ համբուրվում էիր: 

– Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը՝ հաշվի առնելով, որ որոշ ուժեր համախմբվում են, պահանջում կառավարության հրաժարականը: Ծառուկյանն էլ հայտարարել է, որ ամեն ինչ կանի՝ կանխելու երկրում հակառուսական տրամադրությունների ստեղծմանը նպատակաուղղված սադրանքները: 

– Հայաստանում հեղափոխությունը նոր է սկսվում, այսինքն՝ մարդիկ նոր են հասկանում, որ հայտնվել են հեղափոխված Հայաստանում: Չկան նախկին «տանիքները», Ծառուկյանը կամ Դոդի Գագոն այլևս տանիք չեն: Դոդի Գագոն տանիք էր, բայց Ծառուկյանն այլևս տանիք չէ:

Դոդի Գագոն կարող էր տանիք լինել իր նմանակներին, բայց Ծառուկյանը, որն արդեն մարդու ազգանուն է, ոչ թե առյուծ պահող, էշ սպանող, արդեն օլիգարխ չէ: Ժամանակին Ծառուկյանին նորից Դոդ սարքեց Սերժ Սարգսյանը:

Նա խոստացել էր, որ քաղաքականությամբ չի զբաղվելու, իսկ այսօր որոշել է ոչ միայն քաղաքականությամբ զբաղվել, այլև Ռուսաստանին օգնության կանչել: Նա պետք է հասկանա՝ ինքը Դո՞դ է, թե՞ Ծառուկյան, ինքը հա՞յ է, թե՞ ռուս, քաղաքական գործի՞չ է, թե՞ ոչ: Այդ մարդը վերջնականապես պետք է հասկանա, թե իր անունն ինչ է:

Եթե իր անունը Ծառուկյան է, ինքը պետք է հայ լինի, այլ ոչ թե ռուսին ծառայող: Ես իր փոխարեն որոշում կայացնել չեմ կարող:

Ամեն մարդ թող իր համար որոշում կայացնի: Կամ ինքը Ծառուկյան է և ծառայում է հայ ազգին, կամ Դոդ է և ծառայում է Ռուսաստանին և շահ է բերում Ռուսաստանին կամ Բելառուսին: Եթե ինքը շատ է սիրում Բելառուսը, պետք է գնա կամ Բելառուսի քաղաքացի դառնա, կամ մնա ու ծառայի հայ ազգին: 

– Իսկ այդ ուժերը իրենցից վտանգ ներկայացնո՞ւմ են:

– Իհարկե ներկայացնում են, յուրաքանչյուր նշանակալի և ոչ նշանակալի քաղաքական կամ մշակութային գործիչ իրենից վտանգ է ներկայացնում, եթե պետական շահերին դեմ է դուրս գալիս:

Այս պահին, երբ մենք հեղափոխված Հայաստանում ենք ապրում, պետությունը պետք է շատ խիստ հետևի այդ իրադարձություններին: Մի բան է խաղաղության պայմաններում իշխանություններին քննադատելը, մեկ այլ բան է քննադատել, երբ Հայաստանը խարխլված վիճակում է: Նման վիճակում չի կարելի ընդվզումներ թույլ տալ: 

Երբ մենք կդառնանք Ֆրանսիայի, Իտալիայի, Շվեյցարիայի նման պետություն, և մեր ողջ պետական կառույցը կլինի կատարյալ վիճակում, այդ ժամանակ թող քննադատեն: Բայց այս վիճակում շատ վտանգավոր է դուրս գալ խարխլված կամ, ավելի ճիշտ՝ նորակառույց պետության դեմ: 

Մենք հիմա նոր սկսում ենք կառուցել մեր պետությունը: 30 տարի դիմացել ենք, հայ ժողովուրդն այդքան ժամանակ սպասել է, և այլևս հնարավորություն չկա սպասելու: 

Հիմա մենք կառուցում ենք, ու այսօր քննադատել կամ խարխլել նոր կառուցվող պետության արմատները, ես համարում եմ դավաճանություն: 

Ծառուկյանը, Վանեցյանը և մյուսները, որոնք պետական գաղտնիքներ իմացան և օգտագործում են սեփական պետության դեմ, հանցագործներ են և պետք է միանգամից ձերբակալվեն: Նրանք պետք է ձերբակալված մնան այնքան ժամանակ, մինչև գաղտնիքներին տիրապետելու նրանց մանդատն ավարտվի: 

– Նախօրեին Gellup-ը հրապարակել է հարցման արդյունքները, որոնց համաձայն վարչապետի վարկանիշը 85 տոկոս է, մինչդեռ Ծառուկյանը շաբաթներ առաջ հայտարարում էր, թե իշխանության վարկանիշը կտրուկ ընկել է, ընդհուպ մինչև 5 տոկոս: Դուք ինչպե՞ս եք գնահատում այս թվերը:

– Դու կարող ես վարկաբեկել մարդու և կարող ես հասկանալ նրա բացթողումները: Ես հակված եմ հասկանալու մեր կառավարության բացթողումները: Այստեղ է ամբողջ խնդիրը, և ես ինձ թույլ չեմ տա վարկաբեկել նորաստեղծ, ճշմարիտ ընտրված ղեկավարությունը: 

Այսինքն՝ այստեղ չարաշահում են մեր պետականության նոր կանոններով կյանքը: Մեր նոր պետությունն ուզում է քաղաքացիներին առաջարկել մեկ բան՝ ազնիվ աշխատել և վաստակել ըստ աշխատանքի: Հին համակարգը, որը հանցագործ օլիգարխիական միավոր էր, այսինքն՝ նրանք, որոնք հարստահարում էին պետության գանձարանը և արհամարհում էին ժողովրդին, այսօր ստիպված են հաշվի նստել պետական համակարգի հետ: 

Հիմա այստեղ ընդհարում է կատարվում, հանցագործ, օլիգարխիկ, 30 տարի տիրող համակարգը շրջադարձ է կատարում, մեջքով է շրջվում Սերժ Սարգսյանին, Քոչարյանին, նաև՝ Լևոն Տեր-Պետրոսյանին: 

Այսինքն՝ այն, ինչ կատարվել է 30 տարի, մենք մեջքով ենք շրջվում այդ իրականությանը և փորձում ենք ստեղծել պետականություն: Հայոց պետականությունն այս պահին է ձևավորվում: Հուլիսի 1-ին ես բացումը կատարեցի մի շատ սիմվոլիկ ուժի՝ «Թուր կեծակի» քանդակի: 

Հուլիսի 1-ին Հայոց աշխարհում «Թուր կեծակին» իր ամբողջ գեղեցկությամբ ծնվեց Երևանում, ավելի կոնկրետ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տարածքում: «Թուր կեծակին» արդարության թուրն է, այն ոչ մի լավ մարդու չի նեղացնում: Այն նեգատիվը, սուտը, տգեղը կանգնեցնող թուր է, արգելակող թուր է: 

Սա այն թուրն է, որն օգտագործելու իրավունքը ունի միայն մաքուր մարդը, հիմա եկել է մաքրվելու պահը, և մաքրության շնորհիվ մենք կունենանք հայրենիք, այլ ոչ թե գողացած փողերով, Ռուսաստանից օգնություն խնդրելով, ոնց որ Ծառուկյանն է անում, ոնց որ Քոչարյանն է անում: 

Կամ հանցագործները փախչում են Ռուսաստան: Մեր էպոսում նման բան չկա: Մենք Սասնա ծռեր ենք, Սասնա աշխարհի ներկայացուցիչներ ենք, և մեր արդարության թուրը ոչ մեկին թույլ չի տա, ուզում ես միլիարդներ ունեցիր, չես կարող ոչ մի առումով խաթարել հայոց ճակատագիրը: Հայոց ճակատագիրն այլևս չի պատկանում Ռուսաստանին, չի պատկանում Եվրոպային: Այն պատկանում է մեր ինքնությանը: 

Մանե Հարությունյան

MediaLab.am