«Ռևանշիստական այդ ուժերը, որոնք փորձում են ինչ-որ եղանակով իշխանությունը վերցնել, շատ անտրամաբանական գործողություններ են անում». Անդրիաս Ղուկասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայաստանի կառուցողական կուսակցության նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը

– Պարո՛ն Ղուկասյան, մենք տեսնում ենք, որ այդ 17 քաղաքական ուժերն այդպես էլ չհաջողեցին, բայց Վազգեն Մանուկյանը շարունակում է հայտարարություններ անել, քաղաքացիներին բոմժ ասելուց հետո երեկ էլ ապստամբության կոչեր է արել: Ապստամբության հավանականություն տեսնու՞մ եք։ 

– Կարծում եմ՝ ապստամբության հարցը, իհարկե, կապ ունի ռազմական շրջանակների հետ: Ցանկացած երկրում, որտեղ ռազմական շրջանակներում կա դժգոհություն երկրում տիրող իրավիճակից, կարող է լինել զինված ապստամբություն: 

Զինված ապստամբությունը կարող է բերել նաև երկրում քաղաքացիական պատերազմի: Դա նշանակում է, որ տարբեր քաղաքական խմբեր արդեն ուժի միջոցով են սկսում իրենց միջև եղած հարցերը որոշել: Հայաստանի համար քաղաքացիական պատերազմը, իհարկե, ամենակործանարար հետևանքը կունենա, եթե Վազգեն Մանուկյանը և ինչ-որ ռազմական գործիչներ որոշեն այդ ճանապարհով գնալ: 

Դա կլիներ ամենաբացասական սցենարը, որը կարելի կլիներ հետպատերազմական ժամանակաշրջանում սպասել: Իսկ առանց ռազմական գործիչների զինված ապստամբություն չի լինում: 

Հասկանալի են նրանց հուզական կոչերը, մարդիկ ձախողվեցին և հիմա, այսպես ասած, նման հայտարարություններ են անում, բայց դա մի վտանգավոր տիրույթ է, որը ոչ մի լավ բանի չի կարող բերել այսօրվա հետպատերազմական վիճակում: Այն մարդիկ, որոնք համարում են, թե նպատակն արդարացնում է միջոցները, սխալվում են:

– Ինչո՞ւ են այդ ուժերն իրենց այդպես պահում և, ըստ էության, այդկերպ հասարակությունից իրենց է՛լ ավելի վանում: Հատկապես քաղաքացիներին բոմժ ասելուց հետո Վազգեն Մանուկյանն այսօր ներողություն է խնդրել բոմժերից, որ նրանց համեմատել է իր ճանապարհը փակած քաղաքացիների հետ: 

– Առհասարակ, այդ շարժման կողմից ընդունված ռազմավարությունը չէր կարող քաղաքացիների լայն աջակցությունը ստանալ:

Իմ կարծիքով՝ երբ այդ փաստն արձանագրվեց, շարժման կազմակերպիչներն սկսել են ծանր տանել այդ իրավիճակը, և փոխանակ իրենց գործողություններում հայտնաբերեն այն սխալները, որ թույլ են տվել, համարել են, որ հանրությունն է մեղավոր, և դա է գլխավոր պատճառը, որ բազմաթիվ գործիչներ, մասնավորապես, Նաիրա Զոհրաբյանը, մյուսները, այդպիսի հայտարարություններ թույլ տվեցին իրենց: Դա հուզական իրավիճակի հետևանք է, որը կարելի է մարդկային առումով հասկանալ, բայց դա ոչ պրոֆեսիոնալիզմ է: 

Եթե քաղաքական գործիչը համարում է, որ ինքը ճիշտ է, ապա պետք է պատրաստ լինի մենակ էլ գնալ ու կանգնել բոլորի առջև և իր թեզը պնդել: 

Օրինակ՝ 2013 թվականին մեծամասնությունը համարում էր, որ Հայաստանում լավ ընտրություններ են տեղի ունեցել: Ես գտա, որ պետք է իմ անհնազանդությունը հայտնեմ, մենակ դուրս եկա այդ համակարգի դեմ և ասացի, որ այդ ընտրությունները շինծու են: 

Արդյունքում՝ այդ հարցը դարձավ քաղաքական օրակարգի կարևորագույն հարց, և առայսօր շարունակում է այդպիսին մնալ: Ես իմ օրինակը բերեցի նրա համար, որ նշանակություն չունի, թե որքան է հանրային աջակցությունը, եթե քաղաքական գործիչը ճիշտ քաղաքական թեզ է առաջ քաշում: 

Եթե այդտեղ հանրային շահերը պաշտպանված են, բոլորը հասկանում են, որ այդ թեզն անվիճելի է, ճիշտ է: Այն, որ ՀՀ քաղաքացիները չմիավորվեցին Վազգեն Մանուկյանի և իր համախոհների առաջ քաշած թեզերի շուրջը, պատճառն այն էր, որ այդ մարդկանց չեն վստահում: 

Այդ մարդկանց տարիներ շարունակ տեսել են պետական կառավարման մեջ, և այդ դրոշը, որ իրենք բարձրացրել են, և այդ կարգախոսը, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է, վստահ եմ, որ եթե ցանկացած այլ քաղաքական թիմ առաջ քաշեր, հանրությունը, իհարկե, այլ կերպ կարձագանքեր: 

Նրանք, որ տարիներ շարունակ կեղեքել են հանրությանը, ի՞նչ էին ակնկալում, որ մարդիկ հուզական ազդեցության տակ կմոռանա՞ն, թե հարթակում կանգնածներն ովքեր են, և կգան ու կմիանա՞ն իրենց: 

Այդպիսի հաշվարկ անելը միամտություն էր: Առհասարակ, ռևանշիստական այդ ուժերը, որոնք փորձում են ինչ-որ եղանակով իշխանությունը վերցնել, շատ անտրամաբանական, թույլ հենարան ունեցող գործողություններ են անում:

– Երեկ Նիկոլ Փաշինյանը խոսել է դատական համակարգի մասին՝ ասելով, որ դատական համակարգը փորձում են քաղաքականացնել, ինչն անթույլատրելի է:

Այդ հայտարարությանը հաջորդեց Խաչատրյանների գործով դատական վճիռը, որով Փաշինյանը պետք է ներողություն խնդրի Գագիկ, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններից:

Ընդհանրապես, իշխանությունը այս 2,5 տարում հաջողե՞լ է դատական համակարգը քաղաքականացնելուց զերծ պահելու փորձերում, և ինչո՞ւ այսքան ձգձգվեցին այդ համակարգում արմատական փոփոխությունները:

– Իհարկե ոչ, և արդեն կարծում եմ՝ բոլորին պարզ է, թե ո՛վ է Նիկոլ Փաշինյանը, և ինչո՛ւ են այդ բոլոր քայլերը ձախողվել: Բոլորն էլ հասկացել են արդեն, որ գոյություն ունի բարեփոխումների իմիտացիա:

Սերժ Սարգսյանը ժամանակին Արտաշես Գեղամյանին անվանեց դատարկ դհոլ, և նա իհարկե սխալ էր, որովհետև դհոլներն առհասարակ հենց դատարկ են լինում:

Ես կասեի՝ քաղաքական դհոլ, և Նիկոլ Փաշինյանը, ի թիվս Սերժ Սարգսյանի այլ պրոյեկտների, հերթական քաղաքական դհոլն է, որը կարող է խոսել, բայց դա արդեն մեր հանրության համար որևէ նշանակություն չունի, մեր պետության համար կարևոր հարցերի հետ առնչություն չունի, ոչ մեկի համար ոչ մի նշանակություն չունի:

Նիկոլ Փաշինյանի ժամանակն անցել է, երբ ինքը կարող էր հանդես գալ ոչ միայն վարչապետի, այլև ազգի առաջնորդի կարգավիճակով:

Նա այսօր ՌԴ գործակալի կարգավիճակով զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը և զբաղեցնելու է որոշակի ժամանակ, մինչև հեռանա: Դա իհարկե մի առանձին խնդիր է, թե ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին, որը մեր հանրության առջև կանգնած է, և միաժամանակ թույլ չտալ այդ ռևանշիստական ուժերին առիթավորվել: Սա է գլխավոր քաղաքական հարցը, որ կանգնած է առողջ քաղաքական ուժերի առջև:

Մանե Հարությունյան

MediaLab.am