Կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները կստանան պետական ֆինանսավորում

Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի շրջանակներում կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները, սոցիալապես անապահով, բազմազավակ ընտանիքի երեխաները և այլ առաջնահերթ իրավունք ունեցող խմբերի երեխաները այս տարվա սեպտեմբերից կստանան պետական ֆինանսավորում։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փետրվարի 21-ին կայացած ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

Կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի նախագծի  նախադպրոցական կրթության ոլորտի համար սահմանել են, որ պետք է մինչև այս ռազմավարության ժամկետի ավարտը հասնեն նրան, որ բոլոր բնակավայրերում հասանելի լինեն մատչելի նախադպրոցական ծառայաություններ և յուրաքանչյուր ընտանիք կարողանա օգտվել ծառայություններից։

«Ֆինանսավարման տեսանկյունից պետության քաղաքականությունն է   ֆինանսավորում հատկացնել այն խմբերին, որոնք ունեն դժվար մատչելիություն նախադպրոցական կրթությանը, օրինակ՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները, սոցիալապես անապահով, բազմազավակ ընտանիքի երեխաները և այլ առաջնահերթ իրավունք ունեցող խմբերի երեխաները: Նրանք այս տարվա սեպտեմբերից կստանան պետական ֆինանսավորում»,- առանձնացրեց Անդրեսյանը։