ԱՄՆ-ի իշխանությունները պատրաստ են ՌՀՍ-ի հարցով հանդիպում անցկացնել Ռուսաստանի հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստակամություն է հայտնել հանդիպել ռուս գործընկերների հետ ՝ քննարկելու Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման և սահմանափակման միջոցների մասին պայմանագիրը, որին ավելի վաղ ՌԴ-ն դադարեցրել էր մասնակցությունը:

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ այս մասին հայտնում gazeta կայքը՝ վկայակոչելով Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցչին։

«Մենք պատրաստ ենք հանդիպել Ռուսաստանի հետ պայմանագրի և միջուկային կայունության թեման քննարկելու համար», – ասվում է նյութում:

Ամերիկյան վարչակազմը նաև հայտարարել է սպառազինությունների վերահսկման առանցքային միջոցառումների թեմայով աշխատելու պատրաստակամության մասին:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին իր ուղերձում տեղեկացրել էր, որ Մոսկվան դադարեցնում է մասնակցությունը «Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման և սահմանափակման միջոցների մասին պայմանագրին», որը ստորագրվել էր 2010 թվականին։