Բյուրեղավան քաղաքում բնակելի տարածք կնվիրվի դրանք զբաղեցնող քաղաքացիներին

Կառավարության հուլիսի 29-ին կայացած նիստում ընդունված՝ «Բնակելի տարածքներ նվիրելու մասին» որոշմամբ ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում հաշվառված մի շարք հասցեներում բնակվող քաղաքացիներին օրենսդրությամբ սահմանված կարգով կնվիրվեն իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները։

Այդ մասին հայտնում են Կոտայքի մարզպետարանից։

Մասնավորապես, հաշվի առնելով ՀՀ ՏԿԵՆ Պետական գույքի կառավարման կոմիտեում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի տեղաբնակ քաղաքացիների կողմից մուտքագրված դիմումները, համաձայն հավելվածի, համապատասխանաբար սեփականության իրավունքով և ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով, կնվիրվեն համապատասխան հասցեներում իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները։

Որոշման արդյունքում կլուծվի ոչ միայն նվիրառու քաղաքացիների բնակապահովության խնդիրները, և կբարելավվեն նրանց սոցիալական պայմանները, այլև նրանց շրջանում կխթանվի անմխիթար վիճակում գտնվող հանրակացարանային տարածքների պահպանության և ընթացիկ վերանորոգման հարցերի լուծումը։