Երևանի Ջիվան Աբրահամյանի անվան 111-րդ դպրոցը վերակառուցվում է

ՀՀ ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով սկսվել են Երևանի 111-րդ դպրոցի վերակառուցման աշխատանքները։ 

Դպրոցը գտնվում էր վթարային վիճակում և ենթակա չէր վերանորոգման. որոշվել է այն քանդել և հիմնովին վերակառուցել։ Նորակառույց դպրոցում կտեղադրվի արևային կայան, ինչը հնարավորություն կտա կրճատել հոսանքի ծախսերը։ Կառույցը կունենա հարմարավետ դասասենյակներ, մարզադահլիճ, միջոցառումների դահլիճ, վերելակ։ Նախատեսված է կրթօջախը հարմարեցնել հաշմանդամություն ունեցող անձանց։ Ինչպես սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով կառուցվող մյուս բոլոր շենքերն, այս մեկը ևս սեյսմակայուն կլինի` մինչև 9 բալ երկրաշարժի դեպքում։ 

ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի ներդրումը կազմում է 1 միլիարդ 436,5 միլիոն դրամ, ծրագիրն իրականացվում է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգմամբ։ 

Նույն ծրագրով այս պահին իրականացվում են ևս 12 դպրոցների շինարարական աշխատանքներ։

Այս մասին հայտնում է ՀՏԶՀ լրատվական հոսքերի ծառայությունը։