Մաշտոցի պուրակ, Ֆիրդուսի. մտավախություն կա, որ ցանկը կշարունակվի, եւ կխարխլվի թե՛ վստահությունը, թե՛ երկխոսության հնարավորությունը. իրավապաշտպան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը

– Ինչպե՞ս եք գնահատում փաստը, որ Մաշտոցի պուրակում հաստաբուն ծառեր են հատվել, ընդ որում՝ խոսքը առողջ ծառերի մասին է: Ի՞նչ է անում քաղաքապետարանն իր այս քայլով՝ հաշվի առնելով, որ մինչև հիմա պաշտոնական պարզաբանում չկա, կա միայն կցկտուր խոսք, թե այդ ծառերն անպիտան էին, թե նոյեմբերին այդտեղ պետք է նոր ծառեր տնկեին:

– Այստեղ իրականում խոսքը ոչ թե ծառերի կամ դրանց առողջ կամ հիվանդ լինելու մասին է, այլ մոտեցման: Մաշտոցի պուրակը, բացի ծառ, օդ լինելուց, նաև նշանային տարածք է, և այդ տարածքի հետ վարվելու մոտեցումը շատ կարևոր է ինձ համար: 

Մաշտոցի պուրակում բավական լուրջ պայքար է տարվել, և ինչ-որ տեղ նաև եղել է ակտիվիստական խմբերի ձևավորման, գաղափարների գեներացման կենտրոն, և երբ Մաշտոցի պուրակի անունը փոխվեց Միսաք Մանուշյանի անվան այգի, նաև դա հանրային տարբեր խմբերի կողմից ընկալվեց որպես հիշողությունից վերացնելու մեթոդ, մոտեցում: 

Անգամ մարդիկ եղան, որ հենց անվանակոչության օրը դուրս եկան և հայտնեցին իրենց անհամաձայնությունն այդ մոտեցմանը: Մաշտոցի պուրակն իսկապես նշանային տարածք է, և դրա հանդեպ ցանկացած մոտեցում գործ ունի նաև հանրային հիշողության հետ: 

Այստեղ ծառերի վերաբերյալ դատողություններ անելուց առաջ մենք պետք է մտածենք, թե ինչի՛ համար է դա կատարվում, գուցե հանրային հիշողությունից վերացնելու համար այն հանրային պայքարները, այն արժեքների վերաբերյալ մոտեցումները, որոնք առկա են եղել մինչ այժմ և հասցրել են այդ մոտեցումները մինչև հեղափոխություն: Դա այն տարածքն է, որտեղ ծնվել են քաղաքացիական շարժումներ: 

Գիտեք, որ Ազատության հրապարակը կուսակցությունների,  նախընտրական կամ հետընտրական պրոցեսների, ուղղահայաց ճնշումների ծննդավայրն էր, իսկ Մաշտոցի պուրակը ինչ-որ տեղ հորիզոնական շարժումների ծննդավայրն էր: 

Դրա հետ կապված ցանկացած գործողություն ես ընկալում եմ որպես քաղաքացիական շարժումներին ուղղված հարված՝ անկախ նրանից, թե ինչպես կպատճառաբանվեն, ինչպես կփաթեթավորվեն դրանք: Բոլոր դեպքերում դրանք հարված են քաղաքացիական շարժումներին ու հորիզոնական մտածողությանը: 

– Ինչո՞ւ այսօր չկա քաղաքացիական խմբերի նախկին պայքարը: Կա տեսակետ, որ այդ ակտիվիստները հիմնականում գնացել են կամ խորհրդարան, կամ Երևանի քաղաքապետարան, և դրա համար պայքարող չի մնացել:

– Չի կարելի ասել՝ հիմնական մասը, որովհետև իրականում մի քանի մարդ է գնացել կառավարող ուժի հետ համագործակցության: Չի կարելի ասել, որ դա քաղաքացիական հասարակության մեծամասնությունն է, որովհետև մեծամասնությունն այս պահին իրապես դուրս է մնացել կառավարման պրոցեսներից: 

Պետք չի միայն մեղադրել, որ ներգրավված են կառավարման պրոցեսներում, դրա համար են պասիվացել: Ուղղակի շատ հանգամանքներ կան: Առաջին՝ Մաշտոցի պուրակի համար պայքարում միավորվել էին արդեն ձևավորված մի քանի խմբեր, որոնք հիմնականում պայքարում էին թե՛ բնապահպանական խնդիրների շուրջ, դա Թեղուտի շարժումն էր, որը արդեն կազմակերպված խումբ էր, թե՛ հանրային տարածքների համար պայքարող խումբն էր, որն արդեն իսկ մի քանի պուրակների ազատագրման և կառուցապատման հետ կապված խնդիրներով էր զբաղվում: 

Մասնավորապես, Վիշապների պուրակում եղավ որոշակի հաջողություն, հետո Երիտասարդական պուրակն էր, որտեղ ևս հաջողություն գրանցվեց: Մաշտոցի պուրակի համար պայքարին այլ խմբեր ևս միացան, որոնք ևս մարդու իրավունքների, ազատ տարածքների, արտահայտվելու իրավունքի և հորիզոնական պայքարի մտածողության մեջ էին: 

Մաշտոցի պուրակում կային նաև խմբեր, որոնք զբաղվում էին հուշարձանների պաշտպանությամբ, և այդ խմբերը նաև որոշակի հաջողություններ էին գրանցել, մասնավորապես, «Մոսկվա» կինոթատրոնի բացօթյա կինոդահլիճի պահպանման համար մղվող պայքարում: 

Այսինքն՝ կային հստակ ձևավորված խմբեր, որոնք բավական լավ, կայուն և կառուցվածքային առումով ձևավորված էին, որոնք ունեին իրենց շեշտադրումներն ու պայքարի մեթոդները: Բայց, իհարկե, նաև այդտեղ շատ մեծ դեր էր կատարում իշխանության հանդեպ հստակ անվստահությունը: 

Հիշում եք, Մաշտոցի պուրակի շարժումն սկսվեց 2012-ին, իսկ դա նախընտրական ժամանակաշրջան էր, երբ շատ խիստ պայքար էր գնում այն ժամանակվա ընդդիմադիր ուժերի և իշխանությունների միջև: 

Ակտիվ էր Հայ ազգային կոնգրեսը: Եվ որպես այլընտրանքային տարածք ձևավորվեց Մաշտոցի պուրակը, որտեղ նշվում էր բոլորովին այլ խոսք՝ այլ տիպի շեշտադրումներով և վերլուծություններով: Սա շատ կարևոր է ընդգծել, որովհետև 2012 թվականին նաև կուսակցությունները չէին կարողանում հարմարվել և ընդունել այդ պայքարը որպես այլընտրանքային պայքար: 

Շատ հաճախ կուսակցությունների կողմից Մաշտոցի պուրակի պայքարին տարբեր անուններ էին կպցնում, թե ով է կազմակերպել, ինչու է կազմակերպել, հատուկ կուսակցությունների դեմ է դա կազմակերպվել և այլն: 

Շատ իրարամերժ պատկերացումներ էին, ու հիմա այսօրվա իշխանությունների մեջ կան մարդիկ, որոնք այդ պայքարում են եղել, և պետք է պատկերացնեին, որ մեթոդների տեսանկյունից այսպես գործել պետք չէ, որ դա հակաժողովրդավարական է, մեր հորիզոնականը պատկերացումներին դեմ է: Իհարկե, սա մեզ համար շատ ավելի տհաճ է, քան այն ժամանակվա իրավիճակը: 

– Այսօրվա իշխանությունների, նաև քաղաքային իշխանության հանդեպ վստահությո՞ւնն է պատճառը, որ նախկին աղմուկը չի բարձրանում: Հիմա ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել՝ կանխելու համար բետոնապատումն ու ծառերի հատումը: Ընդհանրապես, քաղաքապետարանին ձեռնտո՞ւ է հանրային նման արձագանքը, իրենց վարկանիշի անկումը:

– Նախ հիշենք, որ քաղաքի այսօրվա ղեկավարությունն անմիջականորեն միացել էր և իր աջակցությունն էր հայտնել Մաշտոցի պուրակի պայքարին, ինչպես նաև 100 դրամի պայքարին, որ քաղաքային տրանսպորտը չթանկանա: 

Այսինքն՝ այն բոլոր պայքարներին, որոնք վերաբերում էին քաղաքային միջավայրին, դրա համար էլ այսօր նա թիրախավորվում է իր պաշտպանած արժեքներից հետ կանգնելու համար:

Թե ինչու այս պահին ակտիվ չեն քաղաքացիական ակտիվիստները, դրա համար մի քանի պատճառ կա. նախ՝ այդ խմբերը շատ ջլատված են, կարծես իրենց ողջ ներուժը ներդրեցին հեղափոխության կայացմանը, որոշ անձինք նաև ներգրավվեցին իշխանության, այդ թվում՝ քաղաքային իշխանության մեջ: 

Հիմա այդ անձանց հանդեպ կա որոշակի վստահություն: Միգուցե իշխող ուժի հանդեպ՝ չէ, բայց այդ անձանց նկատմամբ կա վստահություն, որ իշխանության մեջ կան մարդիկ, որոնք հասկանում են խնդիրը և կարող են բարձրաձայնել, և իրենք ունեն լծակներ լսելի լինելու համար: Մյուս խնդիրը համավարակով պայմանավորված սահմանափակումներն են: 

Մարդիկ քիչ թե շատ խուսափում են դրսում ինչ-որ գործողություն կատարելուց, որպեսզի նաև համավարակի հետ կապված զգոնությունը չթուլացնեն, լարվածություն չառաջացնեն: 

Իհարկե, առաջին գործոնն այն է, որ այս իշխանությունն ավելի զգայուն պետք է որ լիներ այն խնդիրների նկատմամբ, որոնք առաջներում բարձրաձայնվում էին փողոցներում:

Իսկ այժմ կարող են դրանց վերաբերյալ ներքին քննարկումներ լինել, բայց մենք տեսնում ենք արդյունքները, որ ներքին քննարկումներն այնպիսի արդյունք չեն տալիս, որպեսզի կանխեն նաև փողոցային պրոցեսները:

– Այս դեպքում ի՞նչ պետք է անել, երբ ծառերն արդեն հատվել են:

– Հիմա կառավարող ուժի տիրապետողների նկատմամբ վերաբերմունքը փոխվում է, այդ թվում՝ այն մարդկանց նկատմամբ, որոնք ներգրավված են թե քաղաքային կառավարման համակարգում որպես ավագանու անդամներ, թե ԱԺ-ում որպես պատգամավորներ և թե կառավարությունում, որոնք կարող էին իրենց հեղինակությունը, լծակները, նաև մոտեցումները ներկայացնել ավելի շուտ և ավելի ուղիղ կերպով, քան փողոցում տեղի ունեցող պրոցեսներն էին: 

Այս ընդհանուր մոտեցումը հիմա քանդվում է նմանատիպ յուրաքանչյուր քայլից հետո: Լինի դա Մաշտոցի պուրակ, լինի Ֆիրդուսի թաղամասի կառուցապատում: Ցավոք սրտի, ես ունեմ նաև մտավախություններ, որ այս ցանկը շարունակվելու է, և գնալով խարխլվելու են թե՛ վստահությունը, թե՛ այն կառուցողական երկխոսության հնարավորությունը, որը ձևավորվել էր 2018-ից հետո կառավարության և հանրային տարբեր խնդիրներ բարձրացնող խմբերի միջև:

Մանե Հարությունյան

MediaLab.am