Մի փախուստի պատմություն. «Կա տպավորություն, որ այդ ամենը կազմակերպված է»

Տպավորություն կա, որ տարբեր քրեական գործերով անցնող պաշտոնյաների՝ երկրից հեռանալը կազմակերպված գործընթաց է։ «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։

«Կա տպավորություն, որ այդ ամենը կազմակերպված է։ Եթե ոչ բոլոր փախուստները, ապա դրանց մեծ մասի վերաբերյալ կա այդպիսի տպավորություն, որ կազմակերպված է։ Ես չունեմ փաստեր, որ կարողանամ ապացուցել, բայց տպավորությունը կա, և դժգոհություն արտահայտելու հիմքերը նույնպես կան»,- ասում է Վարդան Հարությունյանը։

Օրերս հայտնի դարձավ, որ կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող գործարար Սամվել Մայրապետյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Հատուկ քննչական ծառայությունը հունվարի 24-ին բավարարել էր Սամվել Մայրապետյանի պաշտպանի միջնորդությունը և թույլատրել գործարարին դուրս գալ երկրից՝ բուժման նպատակով։ Մայրապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխվել էր անձնական երաշխավորությամբ։

Եվ ահա, Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրել է, որ Սամվել Մայրապետյանը վարույթն իրականացնող մարմնի կանչով խուսափել է ներկայանալ։ Մարտի 3-ին Սամվել Մայրապետյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Հիշեցնենք, որ տարբեր քրեական գործերով անցնող նախկին պաշտոնյաներից ոմանք նույնպես լքել են Հայաստանը։ Նրանց թվում են պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի խոսքով՝ Մայրապետյանը բուժման նպատակով մեկնեց Հայաստանից, բայց նա փաստորեն անազնիվ վարվեց նախաքննության հետ, խաբեց։

Նրա խոսքով՝ այս իրավիճակը փոխելու համար ամբողջ իրավապահ համակարգը պետք է փոխվի։ 

«Ե՛վ իրավապահ համակարգը, և՛ դատական պետք է փոխվեն, այդ մասին մենք խոսում ենք երկու տարի։ Եվ այդ փոփոխությունները պետք է լինեն իրական, ոչ թե խոսքով, պետք է լինեն ոչ թե ցանկություններ, այլ իրական փոփոխություններ։ Եվ քանի դեռ այդ փոփոխությունները չկան, այդ փախուստներն էլ կլինեն, խափանման միջոցների փոփոխության հետևանքով անազնիվ վերաբերմունքն էլ կլինի, խարդախությունն ու խաբեբայությունն էլ կլինեն»,- ասում է Վարդան Հարությունյանը։

Փաստաբան Նորայր Նորիկյանը նույնպես նկատում է, որ խնդիրը դատաիրավական համակարգում տարիներ շարունակ գերիշխող մտածողության մեջ է: 

«Ես գտնում եմ, որ պետք էր ունենալ ճանապարհային քարտեզ, քրեական քաղաքականության ռազմավարություն, անհրաժեշտ էր որդեգրել օրենքի առաջ բոլորի պատասխանատվության սկզբունքի անշեղ կիրառում: Այստեղ անձերը խնդիր չունեն, տվյալ դեպքում դատական համակարգը հումանիստական մոտեցում է ցուցաբերել, բայց անհրաժեշտ էր հաշվարկել բոլոր ռիսկերը»,- «Մեդիալաբին» ասում է Նորայր Նորիկյանը:

Փաստաբանը հարցադրում է անում՝ էս ո՞ր թիվն է, որ Հայաստանում չկան համապատասխան բուժման սարքավորումներ, որ մարդկանց բուժումը արտերկրում է իրականացվում: Պետության գործառույթը, նրա խոսքով, այն է, որ պետք է ապահովել բնակչության առողջ կենսամակարդակը: Այլ խնդիր է, որ մարդիկ կարող են իրենց ճաշակին, քիմքին համահունչ գնալ և արտերկրում բուժվել:

«Բայց տվյալ դեպքում, երբ գործ ունենք հատուկ կարգավիճակ ունեցող մարդկանց հետ, որոնց նկատմամբ քրեական վարույթ է իրականացվում, պետությունը պարտավոր է հաշվի առնել բոլոր վտանգներն ու ռիսկերը, որ կարող է արդարադատության գործունեությունը խաթարվի, տվյալ դեպքում այդ մարդասիրական քայլն իրականացնելու պատճառով։ Հետևաբար, ես գտնում եմ, որ պետության քաղաքականությունն այս հարցում կաղում է՝ իրավապահ համակարգի ճգնաժամի, ընդհանրապես հասարակության վստահության ճգնաժամի, ընտրովի մոտեցումների պայմաններում»,- ասում է փաստաբանը։

Ըստ նրա՝ պետք է սթափվել ու գնահատել. եթե գնում ենք այն ճանապարհով, որ ով ուզում է լինի, պետք է պատասխանատվության ենթարկվի, եթե նա երբևէ իրականացրել է հանցավոր արարք, ուրեմն պետությունը պետք է ամբողջ գործիքակազմով պատրաստ լինի։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ խորհրդակցության ժամանակ դժգոհել էր կոռուպցիայի դեմ պայքարի տեմպերից։ 

«Ժամանակն անցնում է, և մեր իրավապահ համակարգի դանդաղկոտությունը կոռուպցիոներների մի մասին հնարավորություն է տալիս փախչել Հայաստանից, մյուս մասի համար հանցանշանները և ապացույցները թաքցնելու, քողարկելու պատուհան է բացում: Մի շարք գործերով առանցքային վկաներ, նույնիսկ կասկածյալներ ու մեղադրյալներ, լքել են հանրապետության տարածքը, ինչի արդյունքում այդ գործերով քննությունը մտել է փակուղի կամ այդ ճանապարհին է, կամ նման սպառնալիքի առաջ է կանգնած»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով վարչապետի այս հայտարարությանը՝ փաստաբան Նորայր Նորիկյանն ասում է, որ կոռուպցիայի դեմ պետք է իրոք պայքար մղել, ոչ թե երեք-չորս ամիսը մեկ ասուլիս հրավիրել ու ասել՝ «ես դժգոհ եմ կոռուպցիայի դեմ պայքարից»։

«Ուրիշ հարց է, երբ փաստաբանն է բողոքում իրավապահ համակարգից, ուրիշ բան է, երբ շարքային քաղաքացին է բողոքում, բայց որ երկրի վարչապետն էլ է բողոքում դատաիրավական համակարգից, այստեղ խնդիր է առաջանում։ Բա եղբայր, դուք մեկուկես տարի բողոքում եք, ումի՞ց եք բողոքում, եթե տեղում չեն մարդիկ, հանեք այդ մարդկանց այդտեղից։ Ես պնդում եմ, որ մեկուկես տարվա ընթացքում դատաիրավական համակարգն ուղղակի տապալել է կոռուպցիայի դեմ պայքարը, հենց այդ ցուցանիշներն են այդ մասին վկայում, մինչ օրս մենք չունենք որևէ հայտնի կոռուպցիոների վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, չկա հայտնի կոռուպցիոներ, որի վերաբերյալ կա դատավաճիռ կամ բողոքարկվող դատավճիռ»,- ասում է Նորիկյանը։ 

Նրա խոսքով՝ այս ամենի հետևանքով հասարակության մեջ սկսել են հարցադրումներ բարձրանալ՝ բա ինչո՞ւ են այս մարդիկ անձեռնմխելի մնացել, շարունակում վայելել իրենց թալանածը։ Եվ այս իրավիճակը ևս մեկ անգամ նպաստում է դատաիրավական համակարգի նկատմամբ վստահության ճգնաժամի խորացմանը։

«Ինչքա՞ն ժամանակ է պետք այդ պատասխանատվության ինստիտուտները գործադրելու համար։ Ասում էին, որ քննչական մարմիններում հաստիքները քիչ են, ծանրաբեռնված են, շատ բարի, ուրեմն բարի եղեք այնպիսի օպերատիվ սխեմաներ կազմել քննչական վարույթում, որ հնարավոր լինի ապահովել բազմակողմանիությունը, լրիվությունը և ամբողջությունը։ Բայց կան մարդիկ, ես մի ցուցակ կարող եմ հրապարակել, որոնց արդարադատության ձեռքը չի էլ հասել, այդ մարդիկ հայտնվել են մոռացության մեջ»,- հավելում է նա։ 

Ըստ Նորայր Նորիկյանի՝ եթե մենք իսկապես ուզում ենք ստեղծել արդար հասարակություն, եթե իսկապես ուզում ենք, որ մեր երկրում օրենքի առաջ հավասար լինեն բոլորը, պետք է հստակ խնդիր դնենք մեր առաջ՝ գնո՞ւմ ենք այս ճանապարհով, թե՞ ոչ։ 

«Եթե գնում ենք այս ճանապարհով, ուրեմն ոչ ոք չպետք է խուսափի պատասխանատվությունից։ Բայց եթե ընտրովի մոտեցում եք ցուցաբերում, դատաիրավական համակարգի խնդիրը չի լուծվելու։ Ավելին, այս ձեռագրի շարունակման պարագայում մենք երբեք չենք ունենա այն դատաիրավական համակարգը, որի մասին երազում էինք»,- հավելում է փաստաբանը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am