Ադրբեջանի նպատակը շատ հստակ է՝ հայաթափել Արցախն ու տիրանալ Արցախին. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքն ուղղեց շրջափակման մեջ գտնվող արցախցիներին՝ հորդորելով մնալ հավատքով զորեղ, ամուր ոգով և ամուր կամքով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում Վեհափառ Հայրապետն անդրադարձավ Ադրբեջանի հերթական սադրիչ քայլին՝ Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելուն:

«Երեկ մենք տեղեկացանք հանցավոր, դատապարտելի այդ գործողության, այն բռնարարքի մասին, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից գործադրվում է Արցախի մեր զավակների նկատմամբ: Նպատակը շատ հստակ է՝ հայաթափել Արցախը և տիրանալ Արցախին: Մենք դատապարտում ենք նման անմարդկային գործողությունը, որ պարբերաբար իրականացվում է Արցախում ապրող մեր ժողովրդի զավակների նկատմամբ»,-ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Նա Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից իր խոսքն ուղղեց Արցախի հավատավոր զավակներին.

«Սիրելի արցախցիներ, զորեղ մնացեք հավատքով, ամուր ոգով և ձեր կամքի մեջ: Ձեզ բնորոշ արիությամբ, Աստծո զորակցությամբ և օժանդակությամբ պետք է կարող լինենք դիմագրավել և այս փորձությանը: Մենք հավատում ենք, որ ազգիս համատեղ ջանքերով և միջազգային հանրության զորակցությամբ պիտի ապահովենք ձեր ազատ, ապահով, անվտանգ, անկախ կյանքը: Տերը օգնական և պահապան ձեզ: Մնացեք Տիրոջ սիրո և խաղաղության մեջ»,-եզրափակեց Վեհափառ Հայրապետը: