Նորայր Նորիկյանը դիմել է Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Ասում եք Նիկոլ Փաշինյանը կապիտուլյանտ է, դավաճան է, հողատու է, Ալիևի ընկերն է և սպասարկում է թուրք-ադրբեջանական օրակարգը։ Այլ կերպ ասած՝ Արցախի հարցում որևէ դրական ակնկալիք գործող իշխանությունից սպասել պետք չէ։ Շա՛տ լավ։

Այսօր Ալիևը կրկին հոխորտացել է, որ Արցախի կարգավիճակի հարցի բարձրացման դեպքում իրենք էլ Զանգեզուրի հարց կբարձրացնեն, Հայաստանից տարածքային պահանջներ կներկայացնեն, որ Ղարաբաղի հարց ու ԵԱՀԿ Մինսկի խումբ այլևս գոյություն չունի։ Դուք էլ օրումեջ հայտարարում եք, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։

Հիմա հրապարակային կերպով կոնկրետ ցույց տվեք այն ճանապարհային քարտեզը կամ գործողությունների հերթականությունը, որով մի կողմից կփակեք Ալիևի պոռոտախոս բերանը, մյուս կողմից՝ երաշխավորված կապահովեք, որ Արցախն իսկապես ու երբեք չի լինի Ադրբեջանի կազմում։20 տարի խաբեցիք հայ ժողովրդին, վերջում փախաք պատասխանատվությունից։

Ո՞վ էր բռնել Ձեր ձեռքը․ 20 տարվա ընթացքում այնպես անեիք, որ միջազգային հանրությունը ճանաչեր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որ աշխարհը ճանաչեր Արցախի անկախությունը, որ Ադրբեջանը համակերպվեր Արցախի հավերժական կորստի հետ։

Ստեղծեիք արդյունավետ պետություն, կառավարման համակարգ, մարտունակ բանակ, իրական ռազմավարական դաշնակցային հարաբերություններ, կենսունակ պաշտպանական համակարգ։Դրա փոխարեն, գիտենք, ինչ ստեղծեցիք։

Բայց հիմա շատ կոնկրետ է ու վերաբերում է մեր ընդհանուր հայրենիքին։ Հրապարակավ ասեք՝ այդ ի՞նչ պետք է արվի, որ Արցախը երբեք չլինի Ադրբեջանի կազմում, ու ես Ձեզ ծափահարեմ․․․»։